ՀՀ-ԵՄ համաձայնագիր. կողմերը պետք է համագործակցեն զբոսաշրջության ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 60

1. Կողմերն ընդունում են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքի եւ կորպորատիվ կառավարման, ինչպես նաեւ՝ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի, գործող շուկայական տնտեսության ոլորտներում գործուն նորմերի եւ գործելակերպերի փաթեթի կարեւորությունը՝ կանխատեսելի եւ թափանցիկ գործարար միջավայրի հետ մեկտեղ, եւ ընդգծում այդ ոլորտներում կարգավորիչ համապատասխանեցման գործընթացը խթանելու կարեւորությունը։

2. Կողմերը պետք է համագործակցեն հետեւյալի շուրջ՝

ա) գրանցված ընկերությունների կազմավորմանը եւ ներկայացմանն առնչվող տեղեկությունների մատչելիության եւ հասանելիության ապահովման վերաբերյալ լավագույն գործելակերպերի փոխանակում՝ թափանցիկ եւ մատչելի ձեւով.
բ) կորպորատիվ կառավարման քաղաքականության հետագա զարգացում՝ միջազգային եւ մասնավորապես՝ ՏՀԶԿ-ի ստանդարտներին համապատասխան.
գ) ցուցակված ընկերությունների համախմբված ֆինանսական հաշվետվություններին առնչվող ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) իրականացման եւ հետեւողական կիրառման խթանում.
դ) աուդիտորի եւ հաշվապահի մասնագիտական գործունեության կարգավորում եւ դրա նկատմամբ վերահսկողություն.
ե) աուդիտի միջազգային ստանդարտները եւ Հաշվապահների Միջազգային Դաշնության (ՀՄԴ) Էթիկայի կանոնագիրքը՝ նպատակ ունենալով մասնագիտացված կազմակերպությունների, աուդիտորական կազմակերպությունների եւ աուդիտորների կողմից ստանդարտների եւ էթիկայի նորմերի պահպանման միջոցով կատարելագործել աուդիտորների մասնագիտական մակարդակը։

ԳԼՈՒԽ 7
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԱՅԻՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

ՀՈԴՎԱԾ 61

Կողմերը համաձայնում են գործող օրենսդրության եւ գործելակերպերի կարեւորության հարցում եւ պայմանավորվում են համագործակցել ֆինանսական ծառայությունների ոլորտում՝ հետեւյալ նպատակներով՝

ա) ֆինանսական ծառայությունների կարգավորման գործընթացի կատարելագործում,
բ) ներդրողների եւ ֆինանսական ծառայություններն սպառողների արդյունավետ եւ համարժեք պաշտպանության ապահովում,
գ) գլոբալ ֆինանսական համակարգի կայունությանը եւ ամբողջականությանը նպաստում,
դ) ֆինանսական համակարգի տարբեր սուբյեկտների, այդ թվում՝ կարգավորում եւ վերահսկողություն իրականացնողների միջեւ համագործակցության խթանում,
ե) անկախ եւ արդյունավետ վերահսկողության գործընթացի խթանում։

ԳԼՈՒԽ 8
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀՈԴՎԱԾ 62

Կողմերը պետք է խթանեն տեղեկատվական հասարակության զարգացման շուրջ համագործակցությունը՝ հօգուտ քաղաքացիների ու բիզնես գործունեությունների՝ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայնածավալ հասանելիության եւ մատչելի գներով ծառայությունների ավելի լավ որակի ապահովման միջոցով։ Այդ համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի էլեկտրոնային հաղորդակցության շուկաների հասանելիությունը դյուրացնելուն եւ խթանի այդ ոլորտում մրցակցությունն ու ներդրումները։

ՀՈԴՎԱԾ 63

Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ թեմաները՝

ա) տեղեկատվական հասարակությանն առնչվող ազգային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ տեղեկությունների եւ լավագույն գործելակերպերի փոխանակում՝ ներառելով, ի թիվս այլնի, լայնաշերտ հասանելիությունը, ցանցային անվտանգության բարելավումը եւ հանրության համար առցանց ծառայությունների զարգացումը խթանելուն միտված նախաձեռնությունները.
բ) տեղեկատվության, լավագույն գործելակերպերի եւ փորձի փոխանակում՝ նպատակ ունենալով խթանել էլեկտրոնային հաղորդակցությանն առնչվող համապարփակ կարգավորիչ շրջանակի մշակման գործընթացը եւ մասնավորապես՝ ամրապնդել կարգավորում իրականացնող ազգային անկախ մարմնի վարչական կարողությունը, խթանել սպեկտրի ռեսուրսների բարելավված օգտագործումը եւ նպաստել Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրոպական միության հետ ցանցերի միջեւ փոխգործողությանը։

ՀՈԴՎԱԾ 64

Կողմերը պետք է խթանեն էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտում Եվրոպական միության կարգավորում իրականացնողների եւ Հայաստանի Հանրապետության կարգավորում իրականացնող ազգային մարմնի միջեւ համագործակցությունը։

ՀՈԴՎԱԾ 65

Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ V հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։

ԳԼՈՒԽ 9
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 66

Կողմերը պետք է համագործակցեն զբոսաշրջության ոլորտում՝ նպատակ ունենալով ամրապնդել մրցակցային եւ կայուն զբոսաշրջային արդյունաբերության զարգացումը՝ որպես տնտեսական աճի, հզորացման, զբաղվածության եւ արտարժույթի պահուստների գեներատոր։

ՀՈԴՎԱԾ 67

Երկկողմ, տարածաշրջանային եւ եվրոպական մակարդակով համագործակցությունը պետք է հիմնվի հետեւյալ սկզբունքների վրա՝

ա) տեղական համայնքների, մասնավորապես՝ գյուղական վայրերում, ամբողջականության եւ դրանց շահերի նկատմամբ հարգանքը,
բ) մշակութային ժառանգության կարեւորությունը, եւ
գ) զբոսաշրջության եւ շրջակա միջավայրի պահպանման միջեւ դրական փոխազդեցությունը։

Շարունակելի…




Լրահոս