ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պատրաստվում է առաջիկայում մրցույթով օտարել Երեւանի Լեոյի փողոց թիվ 54 հասցեում գտնվող 2503.4 քառ. մետր մակերեսով վարչական շենքը եւ 55.9 քառ. մետր մակերեսով կաթսայատունը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տվյալ անշարժ գույքն այժմ ամրացված է պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ նախկինում այն զբաղեցրել է արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Տեղեկացնենք, որ այս տարվա օգոստոսի 23-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 515 մլն 890 հազար դրամ: Ի դեպ, մրցույթի հաղթողը պետք է վճարի նաեւ շենք, շինությունների համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը 30 մլն 420 հազար դրամը: Բացի այս՝ հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը կնվազեցվի վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գնորդը պարտավոր է շենքի ամրացման եւ վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 1 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում: