ՀՀ սահմանին բնական գազի գինը եկող տարի եւս կլինի 150 դոլար` հազար խորանարդ մետրի դիմաց:
Բանն այն է, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է համաձայնություն տալ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ մեր հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն առաջարկել է վերը նշված համաձայնագրում սահմանել, որ 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ բնական գազի գինը ՀՀ սահմանին լինելու է 150 դոլար` հազար խորանարդ մետրի համար:
Բացի այդ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել նաեւ «Հայռուսգազարդ» ընկերության` ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի նախագիծը: Ըստ այդմ, կողմերը պարտավորվում են՝ ոչ ուշ՝ մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 1-ը մշակել եւ հաստատել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման համակարգից ստացվող դրամական հոսքերի հաշվարկի նոր մոդելները:
Եթե առաջին համաձայնագիրը վերաբերում է սոսկ գազի գործող գինը եկող տարի անփոփոխ պահելուն, ապա երկրորդ փաստաթուղթը ավելի շատ ապագային է միտված:
Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագիրը ստորագրվեց 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեւանյան այցի ընթացքում:
Մինչ այդ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը պատկանում էր ՀՀ կառավարությանը: Սակայն այդ բաժնեմասը տրվեց «Գազպրոմին» 155 մլն դոլարի պարտքի դիմաց, որը գոյացել էր ռուսական գազի մատակարարման արդյունքում: Հիշեցնենք, որ 2009-ից Ռուսաստանը պարբերաբար բարձրացրել էր Հայաստանին մատակարարվող գազի գինը:
Բաժնետոմսերի առքուվաճառքի ժամանակ գազի հազար խորանարդ մետրը ՀՀ սահմանին 270 դոլար էր: Հետագայում, երբ արդեն «Հայռուսգազարդն» ամբողջությամբ դարձավ ռուսական ընկերություն, եւ անվանախովեց «Գազպոմ Արմենիայի», ռուսական կողմը գազի գինն աստիճանաբար սկսեց նվազեցնել:
Ի վերջո, 2016 թվականի ապրիլին` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցի ընթացքում, հայտարարվեց հազար խորանարդ մետր գազի գինն 165 դոլարից 150 դոլար դարձնելու մասին: Այս քայլը ներկայացվեց իբրեւ Հայաստանին արվաց լավություն: Հիշեցնենք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերը գազի գնի մասին. «Մենք նման համաձայնության ենք հասել` չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»: Մի խոսքով, ռուսական կողմը բաց տեքստով ասում էր, թե շնորհակալ եղեք, որ գազի գինը 150 դոլար ենք սահմանում:
Սա այն դեպքում, երբ ԵԱՏՄ անդամակցությունից հետո հայտարարվում էր, թե իբր ռուսական գազը Հայաստանին մատակարարվելու է Ռուսաստանի ներքին գներով, սակայն այդ խոստումն այդպես էլ իրականություն չդարձավ:
Ինչ վերաբերում է եկող տարվա համար գազի գինն անփոփոխ պահելուն, այս քայլը նաեւ քաղաքական նշանակություն է ունենալու: Հիշեցնենք, որ եկող տարվա գարնանը Հայաստանը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարելու խորհրդարանականի: Այս փոփոխության հետ կապված՝ Հայաստանի տնտեսությունում եւս անորոշություն է: Հատկապես խոշոր ներդրողները ցանկանում են հասկանալ, թե Հայաստանին ինչպիսի ապագա է սպասվում, եւ իրենց ներդրումները որքանով երաշխավորված կլինեն: Ուստի գազի գինը անփոփոխ պահելով՝ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը փորձում է կայունության տպավորություն ստեղծել:
Սյունէ Համբարձումյան