Պաշտոնական և իրական թվերի տարբերությունը. սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների թիվը խիստ նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտագաղթի պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների թիվը խիստ նվազել է: Արտագաղթի պատճառով ծնելիության մակարդակը եւս իջնում է, իսկ մահվանը՝ ավելանում: Ասել է, թե հույս չկա նաեւ, որ ապագայում իրավիճակը կշտկվի, եւ աշակերտների թիվը կավելանա:

Սակայն ուշագրավն այն է, որ պաշտոնական վիճակագրությունը, ինչպես միշտ, չի արտացոլում իրականությունը: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակչությունը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 938 մարդ, իսկ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը`108 էր:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իրականում այժմ Ոսկեպարի բնակիչների թիվը շուրջ 700 է, իսկ գյուղի դպրոցի աշակերտների թիվը՝ 53: Ոսկեպարի միջնակարգ դպրոցը 108 աշակերտ ունեցել է 2010 թվականին: Հարկ է նշել, որ, օրինակ 1970-ական թվականների վերջին Ոսկեպարի ութամյա դպրոցն ունեցել է մոտ 330 աշակերտ:

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մեկ այլ՝ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը, ըստ Տավուշի մարզպետարանի կայքի, 35 է: Այնինչ՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ իրականում ներկայումս Բարեկամավանի միջնակարգ դպրոցում սովորում է 19 աշակերտ: Սահմանամերձ Կոթի գյուղի դպրոցի աշակերտների պաշտոնական թիվը նշված է 205, իրականում այն 199 է:

Սահմանամերձ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների պաշտոնական թիվը 95 է, իսկ իրականում այդ գյուղի դպրոցն այժմ ունի 60 աշակերտ: Սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակչների պաշտոնական թիվը նշված է 918, դպրոցի աշակերտներինը` 135: Իրականում Բաղանիսի փաստացի բնակիչների թիվը 840 է, իսկ գյուղի դպրոցում սովորում է 102 աշակերտ:

Տավուշի սահմանամերձ այլ բնակավայրերի բնակչության եւ աշակերտների թվերը եւս պաշտոնական տվյալներում ուռճացված են ներկայացված: Սակայն ստեղծված իրավիճակում ամենամտահոգիչն այն է, որ արտագաղթի դինամիկան չի նվազում, եւ մարդիկ շարունակում են իրենց հայրենի գյուղերը թողնել ու Ռուսաստանի տարբեր բնակավայրերում բախտ որոնել:

Արդյունքում, սահմանամերձ գյուղերի զարգացում եւս տեղի չի ունենում, ու կենցաղային պայմանները գնալով ավելի անբարենպաստ են դառնում:

Այդ գյուղերում այլեւս անարդյունավետ է համարվում ճանապարհներ կառուցել, խմելու եւ ոռոգման ջրագծեր անցկացնել, նոր մանկապարտեզներ կառուցել կամ եղածները նորոգել: Ինչպես հայտնի է՝ վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իշխանությունների երկարաժակետ ծրագրերով նախատեսվում է, որ 2040 թվականին Հայաստանը պետք է 4 միլիոն բնակչություն ունենա: Սակայն իրականում իշխանությունների բոլոր գործողությունները դեռեւս միայն նպաստում են արտագաղթի տեմպերի աճին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս