ՀՀ կառավարությունը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ յոթ երիտասարդների:
Մասնավորապես առաջարկվում է մինչեւ 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ 1992 թվականին ծնված Վարդան Գրիգորի Պողոսյանին:
Իսկ 1995 թվականին ծնված Մարտին Արմենակի Գեւորկյանին, Սերոբ Դավիթի Գրիգորյանին եւ Արտյոմ Վրույրի Սիմոնյանին, 1997 թվականին ծնված Դավիթ Մհերի Մարտիրոսյանին, Միխայիլ Լեւոնի Մարտիրոսյանին ու 1996 թվականին ծնված Իվան Ռոմանի Մամախանովին նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալ մինչեւ 2020 թվականի ձմեռային զորակոչը:
Կառավարության որոշման նախագծի հեղինակը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն է: Այդ գերատեսչությունը նման որոշման անհրաժեշտությունը պատճառաբանել է այն հանգամանքով, որ վերը նշված բոլոր երիտասարդները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ են:
Ի դեպ, նրանց բոլորի հաշվառման հասցեն Խանջյան 27 է: Ինչը ենթադրում է, որ այդ երիտասարդները Հայաստանում չեն բնակվում, այսինքն՝ այստեղ մշտական հաշվառման հասցե չունեն, եւ զուտ իրավական ընթացակարգերի համար նրանց գրանցել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակի հասցեում:
Ի դեպ, այս որոշման նախագիծը եւս մեկ անգամ փաստում է, որ այն պնդումները, թե պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը վերացվում է, այդքան էլ այդպես չէ: Պարզապես այսուհետ այդ արտոնությունից օգտվելու են միայն ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած երիտասարդները: Իսկ օլիգարխներին մնում է մտածել, թե իրենց զավակներին որ սպորտաձեւի ազգային հավաքականում ընդգրկեն:
Վ. Հ.