«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ նախօրեին ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եզրափակիչ դատական նիստին այդպես էլ ներկա չէին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները: Եվ սա այն դեպքում, որ Բաբայանին ձերբակալեցին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ վերջինս աջակցում էր հենց ՕՐՕ դաշինքին:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ այս օրերին Հայաստանում չեն դաշինքի առաջնորդներից երկուսը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ահա «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը Հայաստան էր ժամանել Բաբայանի եզրափակիչ դատական նիստից դեռ օրեր առաջ, սակայն Բաբայանի կողքին չէր: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Օսկանյանից անձամբ ճշտել՝ նախ վերաբերմունքը Բաբայանի պատժաչափի մասին, ապա հասկանալ՝ ինչու նրա կողքին չէր:
Նրան ուղղված երկու հարցերին ի պատասխան՝ Օսկանյանը նշեց, թե շատ կարեւոր գործերով է զբաղված եւ ոչ հիմա, ո՛չ էլ հետո չի պատասխանելու հարցերին: «Ես շատ զբաղված եմ, չեմ կարող պատասխանել, ուղղակի չեմ պատասխանելու»,- արձագանքեց նա:
Թերեւս այդ նույն «զբաղվածությունն է» պատճառ եղել՝ իրենց քաղաքական թիմի անդամ Սամվել Բաբայանին կարեւոր պահին մենակ թողնելու համար»:
Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: