Կառավարությունը 2018 թվականի պետական բյուջեի նախագծում ավելացնում է ծախսային մասը 15 մլրդ դրամով: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ բյուջեի ծախսային մասը մեծացնելու առաջին բաղադրիչը կապված է սեպտեմբերի համեմատ փոխարժեքի 5 դրամով փոփոխությամբ:
Նա նշեց, թե 15 մլրդ դրամից 1 մլրդը նախատեսվում է հատկացնել «Հայաստան» զորախմբին, ինչը բխում է սահմանային անվտանգության ապահովումից և միջազգային պարտավորություններից:
«1 մլրդ 289 մլն դրամ կուղղվի ջրի սակագնի սուբսիդավորմանը, որպեսզի 11 դրամի բարձրացումը գալիք տարվա ընթացքում բնակչությունն իր վրա չկրի: Լրացուցիչ 1,7 մլրդ դրամ կհատկացվի կառավարության աշխատակազմին՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ: 4-ական մլրդ դրամով էլ կավելացվի առողջապահական ոլորտի ֆինանսավորումն ու կառավարության պահուստային ֆոնդը, որովհետև 2018-ին կան բավականին շատ միջոցառումներ, որոնք հնարավոր է հանգեցնեն չնախատեսված ծախսերի աճի և այլն»,- հավելեց նախարարը:
նա հայտնեց, որ ընդհանուր առմամբ ԱԺ պատգամավորներից պետական բյուջեի նախագծի հետ կապված ստացվել են 100-ից ավելի առաջարկներ: