Քաղաքապետարանը՝ կառավարության հետքերով. միայն թե ընդդիմության առաջարկը չանցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունների մոտ սովորույթ է դարձել ընդդիմության ցանկացած առաջարկ, այդ թվում քաղաքական ենթատեքստ չունեցող եւ բացառապես հանրության շահերից բխող նախաձեռնությունները մերժել, ապա որոշ ժամանակ անց անձամբ այդ ծրագիրն իրագործել: Նման վարքը, որպես կանոն, հատուկ էր կառավարությանը եւ խորհրդարանի իշխանական մեծամասնությանը:

ՀՀ ԱԺ-ում բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, երբ ընդդիմադիր խմբակցության առաջարկը խորհրդարանի իշխող մեծամասնությունը մերժել է, իսկ մի քանի ամիս անց կառավարությունն է համանման նախագիծ ներկայացրել օրենսդիրների քննարկմանը, եւ այն ընդունվել է: Պարզվում է՝ նման վարքը մի վիրուս է, որը պատել է ՀՀԿ-ական իշխանության բոլոր օղակներին:

Բանն այն է, որ այժմ էլ նման գործելաոճ է որդեգրել Երեւանի ավագանու ՀՀԿ-ական մեծամասնությունը: Երեւանի ավագանու երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էին ընդդիմադիր «Ելք» խմբակցության ներկայացված մի քանի նախագծեր, որոնցից մեկի դեպքում ավագանու ՀՀԿ-ն խմբակցությունը նույնաբովանդակ առաջարկությամբ էր հանդես եկել: Մասնավորապես «Ելք» խմբակցությունն առաջարկել էր Լենինգրադյան փողոցը Իսակով պողոտային կապող նորակառույց մայրուղին անվանել Մոնթե Մելքոնյանի անվամբ:

Որպեսզի չստացվի, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը ընդդիմության առաջարկն ընդունում է, իշխանական մեծամասնությունը որոշել էր նախաձեռնությանը համահեղինակ դառնալ: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականները ցանկանում էին արձանագրել, որ իրենք ընդդիմության առաջարկով չեն առաջնորդվում, այլ իրենք են այդպես ցանկանում:

Մեկ այլ նախագծով էլ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը առաջարկել էր Լենինգրադյան փողոցն անվանափոխել Հայաստանի ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ: Սակայն ՀՀԿ-ականները որոշել էին այդ անունով կոչել Սարալանջի պողոտայից մինչեւ Լեոյի փողոցն ընկնող հատվածը: Հենց այդպես էլ վարվեցին:

Հետաքրքիրն այն է, որ Երեւանի ավագանու ձեւավորումից հետո ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը սկսեց փողոցների անվանափոխման նախաձեռնություն, որից հետո համանման նախաձեռնություններ սկսեցին ունենալ նաեւ իշխող ՀՀԿ-ն ներկայացնող ավագանու անդամները:

Այս առնչությամբ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այո՛, այս ամենը սկսվեց մեր նախաձեռնությունից, եւ շատ այլ նախաձեռնություններ սկսվելու են մեզնից: Ամեն ինչ իրենց նախաձեռնությունների մեջ ունի իր քաղաքական ենթատեքստը:

Փողոցների անվանակոչության հետ կապված Դուք տեսաք մի տեսարան, երբ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչը հոխորտաց մեր երկրի վրա, եւ դրա հետեւանքն այն էր, որ Նժդեհին մեկ ամիս անց անվանեցին ֆաշիստ: Դա այս գործունեության հետեւանքն է»,- նկատեց նա:




Լրահոս