ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոման Պողոսյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Առաջադրվել է մեղադրանք:
2016թ. դեկտեմբերի 28-ին Ալավերդի քաղաքի Ջրավազան 80-րդ շենքի մոտ՝ մայթեզրին, բերանքսիվայր վիճակում, հայտնաբերվել է Լոռու մարզի բնակիչ, 1982թ. ծնված Ռոման Պողոսյանի դիակը՝ բռնության հետքերով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռ.Պողոսյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Արդյունքում՝ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքից առաջ տուժողը ծանոթների հետ մասնակցել է հացկերույթի, որի ժամանակ օգտագործել են նաև ալկոհոլ։ 2016 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, տուժողի և հացկերույթի մասնակիցներից մեկի միջև առաջացել է վիճաբանություն, որը հետագայում շարունակվել է Ալավերդի քաղաքի Ջրավազան փողոցում:
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բութ, կոշտ առարկայով հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: