ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկող քառօրյայի ընթացքում Հայաստանի խորհրդարանը կսկսի քննարկել եկող տարվա պետական բյուջեի նախագիծը: Ու պետք է նկատենք, որ 2018 թվականը կլինի երրորդ անընդմեջ տարին, երբ Հայաստանի իշխանությունները թոշակների՝ անգամ չնչին բարձրացում չեն նախատեսում: Թոշակների վերջին բարձրացումը տեղի է ունեցել 2015 թվականին. բյուջեի այդ տարվա նախագիծը 2014-ի աշնանը խորհրդարանին ներկայացրել էր նոր վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանը: Սակայն Աբրահամյանի վարչապետության երկրորդ տարվա՝ 2016 թվականի պետական բյուջեի օրենքով այլեւս թոշակների բարձրացում չնախատեսվեց: Հաջորդ տարվա՝ 2017-ի պետական բյուջեի օրենքով, որը Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում առաջինն էր, նույնպես թոշակների բարձրացում չեղավ: Թոշակառուներին նման բախտ չի վիճակվի նաեւ հաջորդ տարի: Համենայն դեպս, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծում թոշակների բարձրացման մասին ոչ մի խոսք չկա: Ու նկատենք՝ 2 կամ 3 հազար դրամ թոշակի բարձրացումով էլ թոշակառուի կենսամակարդը չի փոխվում, բայց այդ գումարով փոխհատուցվում է գնաճի հետեւանքով թոշակառուի ծախսերի ավելացումը: Իսկ այս տարիներին գնաճը շարունակել է իր հաղթարշավը՝ տարեկան միջինը 3-4 տոկոսի սահմաններում:
Արդյունքում երբ գները գնալով բարձրացել են, երկրի՝ կես միլիոնից ավել թոշակառուները էլ ավելի են աղքատացել: Իսկ կառավարությունը շարունակում է ոսկե սարերի տեսքով ներդրումների մասին հեքիաթներով հանրությանը կերակրել:

 

 

Հայաստանի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց դպրոցների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան: Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» դադարեցրել է դպրոցների գազամատակարարումը, ու հիմա՝ ձմռան նախաշեմին, կրթական հաստատությունները հայտնվել են խնդրի առաջ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, օրինակ, Գյումրիի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Զ. Համբարձումյանը տեղեկացրել է, որ ցուրտ ձմռան պատճառով իրենք ավելի շատ գազ են սպառել, եւ պետական ֆինանսավորումը չի բավականացրել: Իսկ, օրինակ, Վարդենիս գյուղում էլ շինարարական ընկերությունն օգտագործել է գազը եւ պարտքը թողել դպրոցի վրա: Ու տնօրենները տաք եղանակին ոչինչ չեն արել, հիմա ստիպված են մրսել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Սարգսյանի հետ վատ բան պատահի, ապա դրա պատասխանատվությունը կկրի ՀՀ առողջապահության նախարարությունը: «Ես եղել եմ դատապարտյալների հիվանդանոցում ու տեղեկացել, որ մարդը ծայրահեղ վիճակում է, չգիտեմ՝ այդ տղային ինչ է սպասվում, եթե նրան րոպե առաջ չօգնեն: Ես պաշտոնապես դիմում եմ առողջապահության նախարարին: Ձեր գալչկայի համար պատասխանները՝ պետպատվեր չկա, պետատվերը ավարտվել է, բացարձակ անընդունելի պատասխաններ են: Այս տղան՝ Էրիկ Սարգսյանը, հրատապ, րոպե առաջ վիրահատության խնդիր ունի, եթե այս տղային որեւէ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունը ընկնելու է ձեր՝ նախարարության վրա, սա ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարությունից պարզաբանումներ պահանջեց, ինչին ի պատասխան՝ ասացին, թե կուսումնասիրեն խնդիրը եւ կարձագանքեն:

 

 

 

Արեւելյան գորգերի ավստրալացի կոլեկցիոներ Ջեքուիզ Քադրիի հավաքածուում, ձեռքից ձեռք փոխանցվելով, տեղ են գտել հայկական գորգեր, որոնք այս տարի դրվել են աճուրդի։ Հավաքածուի յուրահատուկ նմուշներից մեկն, օրինակ, հայ գրող Գրիգոր Զոհրապի պատկերով գորգն է, որն, ըստ Մարկ Քեշիշյանի, գործվել է պատմական Հայաստանի Սվազ քաղաքում՝ Բեդուկյանների կողմից, մինչեւ 1909 թվականը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարարությունը գորգերը ձեռք բերելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել մինչ այս։ Այնինչ՝ դրանց պատմական նշանակությունը հայերիս համար բավական մեծ է։ Չի բացառվում, որ մինչ մենք որոշենք ձեռք բերել անգին այդ նմուշները, մեր հարեւան Թուրքիան մեզնից առաջ ընկնի եւ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, գնելուց հետո այն ներկայացնի որպես ազգային արժեք: Մինչդեռ այդ նմուշը ցեղասպանության դաժան օրերով անցնելով՝ պահպանվել է։

 

 

 

ԿՐԿԻՆ ԵՐԿԻՄԱՍՏ
Գագիկ Հարությունյանի գլխավորած սահմանադրական դատարանն այս տարիների ընթացքում այդպես էլ չփոխեց երկիմաստ որոշումներ կայացնելու իր գործելաոճը: Ուրբաթ օրը կայացված որոշման մեջ ՍԴ-ն արձանագրել է, որ Վանաձորի գործող ավագանու վերջին մեկ տարվա գործունեությունը եղել է հակասահմանադրական: Բացի այդ՝ ՍԴ-ն ԱԺ-ին մինչեւ 2018թ. մարտի 31-ը ժամանակ է տվել՝ խնդրին իրավական լուծում տալու եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ անելու համար:
Նկատենք, սակայն, ՏԻՄ օրենքը նաեւ սահմանում է, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե ավագանու անդամների կողմից նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով վեց ամիս անընդմեջ նիստ չի կայանում: Ու քանի որ Վանաձորի ավագանու վերջին մեկ տարվա գործունեությունը ՍԴ որոշման համաձայն եղել է հակասահմանադրական, հետեւաբար իրավազոր նիստ չի անցկացվել, պետք է գործի օրենքի այդ դրույթն, ու Վանաձորում պետք է անցկացվեն ՏԻՄ նոր ընտրություններ: Սակայն ՍԴ-ն այս հարցին այդպես էլ որեւէ լուծում չի տվել: Ճիշտ եւ ճիշտ նախորդ որոշումների նման. հիշում եք՝ 2003թ. նախագահական ընտրություններն ուղեկցվեցին խայտառակ կեղծիքներով, եւ երբ ընդդիմադիր թեկնածու Ստեփան Դեմիրճյանը բողոքարկել էր ընտրությունների արդյունքները, ՍԴ-ն որոշում էր կայացրել վստահության հանրաքվե անցկացնելու մասին՝ այդպես էլ չհստակեցնելով ո՛չ ժամկետները, ո՛չ պայմանները: Այդ անորոշությունն էլ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը հնարավորություն տվեց, որպեսզի վստահության որեւէ հանրաքվե չանցկացվի:
2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը եւս միանշանակ չէր. չնայած կեղծիքների եւ օրենքի դրույթները խախտելու մասին արձանագրումներին, կրկին հարցը մնաց օդից կախված: Ընդ որում, ՍԴ-ն 2008թ. հայցի քննությունը կազմակերպեց Երեւանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, որը եւս օրենսդրական առումով խոցելի էր:
ՍԴ այս գործելակերպը, թերեւս, դժվար չէ հասկանալ. մի կողմից չկարողանալով աչք փակել բացահայտ հակասահմանադրական երեւույթների վրա՝ ՍԴ-ն, այնուամենայնիվ, իր մեջ ուժ չի գտնում խնդրին լուծում առաջարկելու հարցում: Ի վերջո, նման լուծումներն ի վնաս գործող իշխանությունների են լինելու: Իսկ բոլոր ժամանակների իշխանության մաս կազմած Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցը չի ցանկանում ավելորդ նեղություն տալ այդ իշխանություններին:




Լրահոս