ԵՐԲԵՎԷ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՉԵՄ ՍՊԱՌՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը վստահեցնում է, թե Երեւանից մարզկենտրոն տեղափոխվելու համար օգտվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ծառայություններից եւ միայն ղեկավարության հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվելու պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղարկել Սյունիքի մարզպետին՝ փորձելով հասկանալ՝ ի վերջո, միայն բարիդրացիական հարաբերություննե՞րն են պատճառը, թե՞, այնուամենայնիվ, մարզպետն իր անձնական միջոցներից գումարներ է ծախսում, ինչպես նաեւ ստանալ մի քանի այլ հարցերի պատասխաններ: Սյունիքի մարզպետարանից մեր հարցերին պատասխանել են գրավոր:

-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ Դուք լինելով Սյունիքի մարզպետ՝ աշխատանքի եք հաճախում շաբաթվա մեջ ընդամենը 2-3 անգամ: Արդո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:
-Այն չի համապատասխանում իրականությանը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ մարզպետի աշխատանքը չի կարող սահմանափակվել բացառապես իր աշխատասենյակում գտնվելու փաստով, ավելին՝ այն հաճախ ենթադրում է մարզի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակներով բազմաթիվ հանդիպումներ եւ այցեր մարզպետարանի վարչական շենքից, երբեմն նաեւ մարզից դուրս։
-Դուք ԱԺ-ում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ պարզաբանեցիք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ուղղաթիռով եք երբեմն աշխատանքի գնում: Որպես մարզպետ, բացի բարիդրացիական հարաբերություններից՝ որեւէ գումար չե՞ք տրամադրում՝ ուղղաթիռի ծառայություններից օգտվելու համար: Մեկ թռիչքը, այնուամենայնիվ, ի՞նչ արժի:
-Երեւանից Կապան եւ հակառակ ուղղություններով ուղղաթիռի թռիչքներն իրականացվում են ԶՊՄԿ-ի պատվերով՝ կոմբինատի աշխատակիցներին տեղափոխելու համար։ Աշխատանքային գրաֆիկը համընկնելու դեպքում օգտվում եմ ուղղաթիռի՝ ՀՀ Սյունիքի մարզ եւ հակառակ ուղղությամբ չվերթերից։ Հաշվի առնելով, որ թռիչքների պատվիրատուն հանդիսանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», ուստի այդ ծախսերի վերաբերյալ տեղեկատվությանը չեմ տիրապետում։
-Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ Դուք համայնքի ղեկավարներին սպառնում եք նստեցնել, եթե Ձեր ասածը գետնով տան: Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանն էլ էր սպառնում: Ինչո՞վ եք նրանից տարբերվում:
-«Բազում ահազանգերի» վերաբերյալ նշենք, որ ես, իհարկե, երբեւէ որեւէ մեկին չեմ սպառնացել։ Հավելենք, որ «նստեցնելու» կամ համայնքների ղեկավարների գործունեության վրա ազդեցություն ունենալու լծակ մարզպետն առհասարակ չունի, ուստի անիմաստ եմ համարում այդ ասեկոսեները։
-Դուք ահռելի հարստություն ունեք: Քանի՞ տարում եք կուտակել եւ ի՞նչ միջոցներով:
-Ինչպես հայտնի է՝ ես տարիներ շարունակ զբաղեցրել եմ ղեկավար պաշտոններ տարբեր կազմակերպություններում, ինչի արդյունքում էլ գոյացել է իմ ունեցվածքը, որը համակողմանի եւ ամբողջապես ներկայացված է իմ՝ գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում։
-Ինչո՞ւ հայոց բանակում չեք ծառայել: Ձեր կենսագրության մեջ գրված է, որ 1 տարի աշխատել եք սահմանապահ զորքերում: Այս 1 տարին ծառայություն չէ:
-Ինչ վերաբերում է զինված ուժերում ծառայելուն, ապա նշեմ, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի (25 նոյեմբերի 1991 թ. Ն-0445-I խմբագրությամբ) 13-րդ հոդվածի համաձայն՝ ժամկետային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում էր 24 ամիս, բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար` 18 ամիս: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես զինվորական ծառայության եմ անցել բարձրագույն կրթություն ստանալուց հետո, ապա ծառայել եմ 18 ամիս։

 

 

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այսօր շարունակելու են դասադուլը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ մինչ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունը քիչ ժամանակ է մնացել, եւ իրենք ձգտում են մինչ այդ համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխեն օրենքի ընդունումը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դավիթ Պետրոսյանը չցանկացավ մանրամասնել հետագա ծրագրերը, սակայն վստահեցրեց, որ երբ նախագիծը խորհրդարանում դրվի քննարկման, ուսանողների ակցիան արդեն կշարունակվի ԱԺ շենքի մոտ, ինչպես եղավ օրեր առաջ: «Դասադուլն անժամկետ է, ակցիան շարունակվելու է: Թե ինչ քայլեր կանենք օրենքի ընդունումից հետո, հիմա չեմ կարող կանխատեսել», – ընդգծեց նա՝ նշելով, թե հիմա բոլոր ուժերը կենտրոնացված են, որպեսզի օրենքը չընդունվի: «Մինչեւ հինգշաբթի կլինեն լավ անակնկալներ»,- նշեց նա՝ խուսափելով մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը:
Ինչպես հայտնի է՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայումս գործող ակադեմիական տարկետման իրավունքը: Իսկ պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը: Մասնավորապես տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո զինվորական ծառայության անցնել արդեն ոչ թե երկու, այլ երեք տարով, բայց որպես սպա:
Այս առումով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն իրենց առաջարկներն ունեն: Մասնավորապես երեկ ԵՊՀ-ի դիմաց հերթական դասադուլի ժամանակ Դավիթ Պետրոսյանը ընթերցեց իրենց հայտարարությունը, որով նախ դատապարտեցին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի իշխանական կոալիցիայի անդամ պատգամավորների քայլը: Հիշեցնենք, որ նշված հանձնաժողովի չորս անդամներ՝ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, դժգոհության առիթ դարձած օրինագիծը քննարկելու նպատակով նոյեմբերի 10-ի գիշերայի նիստին էին հրավիրել՝ ծածկադմփոց անելու համար: «Մենք գտնում ենք, որ նման վարքագիծը հարիր չէ խորհրդարանական հանրապետության խորհրդարանի հանձնաժողովին», – նշեցին նրանք, ապա օրինագծի շուրջ կապված իրենց առաջարկները ներկայացրին:
Մասնավորապես նրանք առաջարկում են անմիջապես օրենքի նախագծում բակալավրի կրթական աստիճանում ընդունելության համար սահմանել չափորոշիչներ՝ տաղանդաշատ ուսանողներին տարկետում տրամադրելու համար։ «Բակալավրի կրթական աստիճանում, հաշվի առնելով պետության պահանջարկը, որը պիտի ձեւավորվի իրական հետազոտությունների հիման վրա, տրամադրել սահմանափակ քանակությամբ տարկետման տեղեր։ Հաշվի առնելով Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի առկայությունը` հետաձգել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի քննարկումը եւ 2 օրենքների նախագծերը միմյանց հետ համահունչ դարձնել։
Հաշվի առնելով, որ բակալավրի կրթական աստիճանում եւ մագիստրոսի կրթական աստիճանում արդեն սովորողների մոտ առկա է լեգիտիմ ակնկալիք հետագա աստիճաններում տարկետում ստանալու հետ կապված, ապահովել նախկին տարիներով ձեւավորված տարկետման տեղերը: Այս պահին ասպիրանտական կրթությամբ սովորողներին թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո (անկախ այն հանգամանքից, որ վերջիններս 27 տարին չի լրացել) չզորականչել ՀՀ ԶՈՒ, քանի որ վերջիններս արդեն իսկ գիտական արդյունք ստեղծողներ են»:
Հավելենք, որ երեկ ԵՊՀ-ի դիմաց այս տեքստն ընթերցելուց հետո ուսանողները շրջել են տարբեր ԲՈՒՀ-երով, փորձել զրուցել ուսանողների, դասախոսական անձնակազմի հետ, այնուհետեւ ակցիան ավարտել Կոնսերվատորիայի այգում: Նախաձեռնության անդամները ծրագրում են հետագա անելիքները, խոստանում են, որ կլինեն անակնկալներ:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՆՎԱԶԵՑՐԵԼ Է ՀԱՐԿԵՐԸ
Մեր երկրում բենզինի եւ դիզվառելիքի ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող «Ֆլեշ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում զգալի նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 մլրդ 288 մլն 811 հազար դրամով նվազեցրել է հարկային վճարումները: Այսպես, եթե այս տարվա 9 ամիսներին ընկերությունը պետական բյուջե կատարել է 7 մլրդ 924 մլն 528 հազար դրամ, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Ֆլեշը» պետական բյուջե վճարել է 9 մլրդ 213 մլն 340 հազար դրամ հարկ ու տուրք: Ինչպես հայտնի է` «Ֆլեշ»-ի սեփականատերը հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանն է, որը Սերժ Սարգսյանի ընտանիքի քավորն է:

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԻՆ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ
ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի՝ Լեւոն Արազյանի մտերիմները չեն հաշտվում նրա կալանքի հետ եւ վերջինիս խափանման միջոցը փոխելու մասով դիմում են հնարավոր բոլոր քայլերի: Հիշեցնենք, որ դատավորը կալանավորված է կաշառք վերցնելու փաստի առթիվ: Սեպտեմբերի 29-ին վերջինիս կալանքը գրավով փոխարինելու մասով Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացվել, սակայն գործը նախագահող դատավոր Հարություն Պետրոսյանը մերժել էր: Վերջինիս մտերիմները չեն հանձնվում, եւ հոկտեմբերի 24-ին նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ «Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը քննության առնվի եւ բեկանվի առաջին ատյանի դատարանի որոշումը»: Ինչ որոշում կկայացնի ՀՀ վերաքննիչ դատարանը» դժվար չէ կանխատեսել, քանի որ, ըստ մեզ հասած լուրերի, դատավորների կաշառքի գործով հարցը իրավապահ համակարգում լուրջ է դրված, որ որեւէ մեկին ազատ չարձակեն:

 

 

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
Այսօր տեղի կունենա «Երկիր Ծիրանի» կուսակցության պաշտոնական կայքի շնորհանդեսն ու նախագահ Զարուհի Փոստանջյանի մամուլի ասուլիսը: Սպասվում է, որ ասուլիսի ընթացքում կուսակցության նախագահը կներկայացնի իրենց հետագա անելիքներն ու կամփոփի մարզային այցելությունները: Ինչպես հայտնի է՝ Զարուհի Փոստանջյանը ցանկանում էր համահայկական ընդվզում սկսել, որի նպատակով շրջեց ամբողջ Հայաստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Փոստանջյանը կմեկնի ԱՄՆ, Լոս Անջելեսի Գլենդել քաղաք: Նա ծրագրում է Գլենդելի քաղաքապետարանի եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիմաց բողոքի երթ եւ ակցիա իրականացնել՝ համահայկական ընդվզմանն ընդառաջ: Հավելենք, որ Փոստանջյանի խոսքով՝ համահայկական ընդվզումը տեղի է ունենալու մինչեւ տարեվերջ:




Լրահոս