«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Սարգսյանին վատ բան պատահի, ապա դրա պատասխանատվությունը կկրի ՀՀ առողջապահության նախարարությունը:
Երեկ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժաղովի անդամներ, ԱԺ պատգամավորներ Լուիզա Սարգսյանի, Շաքե Իսայանի եւ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Սարգսյանի հետ այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների դիվանդանոց» ՔԿՀ:
-Տիկի՛ն Զոհրաբյան, մենք տեղեկացանք, որ այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Ձեր գլխավորությամբ այցելել են «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Ի՞նչ խնդիրներ եք այնտեղ արձանագրել:
-Այո՛, այսօր առավոտյան եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անդամներով այցելել ենք «Նուբարաշեն» ՔԿՀ, քանի որ Հայաստանի քրեակատարողական հաստատություններում բուժսենյակների, բուժծառայությունների մատուցուման մասով շարունակում ենք մեր ուսումնասիրությունը: Ու քանի որ գնացել էինք «Նուբարաշեն» ՔԿՀ, մուտք ենք գործել նաեւ մի քանի ցմահ դատապարտյալների խուց, հատկապես բանակում սպանությունների գործով ցմահ ազատազրկվածների հետ ենք հանդիպել: Նրանց խնդիրը շատ զգայուն է, եւ այս դեպքերը հատուկ քննության են արժանի: Նշեմ, որ այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 54 ցմահ դատապարտյալ կա, մնացածը այլ կալանավայրերում են: Նրանց խնդիրը հիմնականում առնչվում էր իրենց գործերի վերանայմանը: Նաեւ մտել ենք նախնական կալանքի սենյակները, ինչպես միշտ՝ տխուր պատկեր, գերահագեցած սենյակներ:
-Կնշե՞ք կոնկրետ մեկ խցում քանի մարդ կա:
-13-14 կալանավոր, ընդամենը 11-12 քնելատեղ, եւ, բնականաբար, քնում են հերթապահությամբ:
-Իսկ ինչպիսի՞ն էր պատկերը բուժսենյակների եւ բուժծառայության մասով:
-Այս պահին դեղորայքային հագեցվածությունը բավարար էր, առաջին անհրաժեշտության դեղորայքները կան, սակայն լուրջ հիվանդությունների դեպքում, որը պահանջում է խիստ կոնկրետ դեղամիջոց, դատապարտյալների հարազատներն են բերում, այսինքն՝ ավանդույթը շարունակվում է: Մեր այսօրվա այցը հանեց մի քանի լրջագույն խնդիր, որը օրենսդրական փոփոխությունների պետք է ենթարկվի:
-Կոնկրետ կնշեք:
-Նախ՝ վերանայել քրեակատարողական հաստատություններում հատկացվող դեղորայքների ցանկը, քանի որ ցանկը բավականին հին է, եւ կան դեղորայքներ, որ խիստ անհրաժեշտ են, սակայն դրանք հաստատված ցանկում չկան:
-Իսկ ի՞նչ իրավիճակ էր դատապարտյալների հիվանդանոցում:
-Ծանր խնդիրների բախվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Կա հիվանդությունների ցանկ, որը կալանքի հետ համատեղելի չէ, եւ այս ցանկը լրջագույն վերանայման կարիք ունի: Օրինակ՝ դատապարտյալ Հովհաննես Կարապետյանի ոտքը անդամահատված է, մարդը ստացել է ինսուլտ, այսինքն բացարձակ շարժունակությունը կորցրած, սայլակին գամված, սակայն իր հիվանդությունը չի նախատեսում, որ կալանքը կարող է փոխել, նրան շարունակում են պահել ՔԿՀ-ում, սա աբսուրդ է:
-Այս մասին Դուք բարձրաձայնեցի՞ք ՔԿՀ ղեկավարության մոտ:
-Այո՛, բայց ի՞նչ կարող է անել ՔԿՀ-ի ղեկավարությունը, եթե ասում են՝ օրենքն է դա, կառավարության հաստատված կարգը պետք է փոխվի: Մեկ այլ դատապարտյալ՝ Գեւորգ Գյոզալյանը, օրական ստանում է 10 ասեղ մորֆի ցավազրկող, ունի հիվանդությունների մի խայտառակ փաթեթ, եւ կալանքի հետ այս պահին անհամատեղելի վիճակ է: Մոտ 8 տարի պատիժը կրել է, եւ մնացել է 1 տարի ու կես, ինչ իմաստ ունի այդ մարդուն այդ վիճակում կալանքի տակ պահել: Այդ անձը դիմել է բոլոր ատյաններին, ինձ էր անգամ դիմել, ես իմ հերթին դիմել էի արդարադատության նախարարությանը, եւ ինձ պատասխանել էին, որ դատապարտյալը դինամիկ հսկողության տակ է, բոլորին տալիս են նույն պատասխանը: Դինամիկ հսկողության տակ այդ ձեւակերպումը տվող գերատեսչություններին խորհուրդ կտամ, որ գալչկայի համար ձեւակերպումները գրում եք, մեկ անգամ գնացեք, տեսեք, թե այդ մարդը ինչ սարսափելի վիճակում է: Խնդիր կա վերանայելու կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը:
Մեկ այլ երիտասարդ կալանավորի հետ կապված: Էրիկ Սարգսյանը ամբողջ երիկամը թարախակալված, մեկուկես ամիս է՝ հատումը երիկամի կողքով արված է, տոպրակը կողքից կախված է, այդ մարդուն իրավունք չունեին երկու շաբաթ նման վիճակում պահել: Դատապարտյալների հիվանդանոցը դիմում է առողջապահության նախարությանը, որ պետպատվերով գոնե այդ տղայի երիկամը վիրահատեն, նախարարությունից պատասխանում են, թե դեռեւս զբաղվում են: Մարդը ծայրահեղ վիճակում է, ես չգիտեմ՝ այդ տղային ինչ է սպասվում, եթե նրան րոպե առաջ չօգնեն: Ես պաշտոնապես դիմում եմ առողջապահության նախարարին: Ձեր գալչկայի համար պատասխանները՝ պետպատվեր չկա, պետատվերը ավարտվել է, բացարձակ անընդունելի պատասխաններ են: Այս տղան՝ Էրիկ Սարգսյանը, հրատապ, րոպե առաջ վիրահատության խնդիր ունի, եթե այս տղային որեւէ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունը ընկնելու է ձեր՝ նախարարության վրա, սա ես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ:
Նրա էպիկրիզը ուղարկված է ձեզ, սակայն նախարարության պատասխանը եղել է՝ այս պահին պետպատվերի խնդիրը լուծված չէ, կրկնում եմ՝ տղան ծայրահեղ վիճակում է: Պետք է նշեմ եւս մեկ կարեւորագույն խնդիր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բժշկի 8 դատարկ հաստիք կա, բայց մարդիկ չեն գնում այնտեղ, բժիշկ աշխատեն ցածր աշխատավարձի պատճառով եւ բյուրոկրատական խոչընդոտների պատճառով: Օրինակ՝ դատապարտյալների հիվանդանոցում այնտեղ աշխատող բժիշկը պետք է զինվորական լինի, ու մինչեւ 30 տարեկան են ընդունում, բայց ինձ բացատրեք՝ ո՞ր նոր բժշկական համալսարանը ավարտածը կգնա, կաշխատի այնտեղ, այս սահմանափակումը պետք է հանվի, քանի որ հենց դատապարտյալների հիվանդանոցը երիտասարդ բժշկի տեղ չէ, այնտեղ փորձառու բժշկի տեղ է: Այս խնդիրը եւ այլ խնդիրները օրենսդրական փոփոխությունների խնդիր է: Մեր հանձնաժողովը առաջիկայում կլինի նաեւ «Արմավիր» ՔԿՀ-ում, որից հետո կամփոփենք իրավիճակը եւ կգնանք օրենքի փոփոխությունների ճանապարհով:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը եւս այս կալանավորի հարցով դիմեց ԱՆ, որտեղից փոխանցեցին, որ խնդիրը կուսումնասիրեն եւ առաջիկայում մեզ կտեղեկացնեն:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՀԵՐՈԻՆԸ՝ ԲՐԻԿԵՏՆԵՐԻ ՄԵՋ
ՀՀ ՊԵԿ պաշտոնական հաղորդագրությունից 13 օր անց ԱԱԾ-ն արձագանքեց 105 կգ հերոին ՀՀ ներմուծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործին առնչվող, այդ թվում «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումներին: Ըստ ԱԱԾ-ի՝ 105 կգ 100 գ բրուտտո եւ 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով հերոին տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է 204 բրիկետների մեջ, թաքցվել բեռնատարում, եւ գործով դեռեւս չպարզված, ազգությամբ քուրդ 3 անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն համապատասխան վարձատրության դիմաց պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան: 2017թ. հուլիսի 9-ին նշված բեռնատարը հատել է ՀՀ պետական սահմանը եւ մտել Մեղրիի մաքսակետ, սակայն տեղափոխելու փորձը կանխվել է: Թմրամիջոցը փոխադրողին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրգործով ապահովվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը, ՀՀ ԱԳՆ միջոցով սահմանված կարգով իրազեկվել են Թուրքիայի իշխանությունները այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին: Առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել է դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ: Նկատենք, որ ԱԱԾ-ն մինչ օրս չէր հրապարակել, թե ով է այն անձը, որին մեղադրանք է առաջադրվել, սակայն նոյեմբերի 1-ին ՊԵԿ-ը գաղտնազերծել էր անձի ինքնությունը, վերջինս Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիին է: Հավելենք, որ 2017թ. 9 ամիսների ընթացքում ԱԱԾ-ում քննվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության 8 դեպքի վերաբերյալ քրգործեր, որոնցով առգրավվել են շուրջ 2 կգ հերոին, 14 կգ ափիոն եւ 3 կգ մետամֆետամին: Հարուցված քրգործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 15 անձ, որից 7-ը` ՀՀ, իսկ 8-ը՝ ԻԻՀ քաղաքացիներ: Նշված քրգործերից 7-ը մեղադրական եզրակացությամբ 13 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:
ՆԵՐՈՒՄԻՑ՝ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատախազը հանդես է եկել մեղադրական ճառով: Նա միջնորդել է Ս. Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ս. Բաբայանը դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Սա առաջին դեպքը չէ, որ քաղաքական ամբիցիաների պատճառով Ս. Բաբայանը հայտնվում է մեղադրյալի աթոռին: 1999թ. բոլոր կոչումներից եւ պաշտոններից զրկված Ս. Բաբայանը 2000թ. մարտին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: Այդ ժամանակ էլ նա ակտիվ էր քաղաքական դաշտում: Գրեթե 4 տարի Շուշիի բանտում անցկացրած Բաբայանին «մասնակի ներում» շնորհվեց, եւ նա ազատ արձակվեց: Ու հիմա, երբ սկսեց վտանգ սպառնալ Սերժ Սարգսյանի իշխանությանը, դարձյալ մեկուսացվեց:
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԱՇԱԿԵՐՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հունաստանի եւ Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ՀՀ ոստիկանութան պետին, ՀՀ ԿԳ նախարարին եւ Երեւանի քաղաքապետին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երեւանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս-Արտյոմ Սարգսյանի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը: Աշակետի մայրը պատմել է, որ երեխայի նկատմամբ նոյեմբերի 8-ին նշված դպրոցի զուգարանում իր դասընկերներ Մինասը, Գոռը եւ Գագիկը բռնություն են կիրառել: «Սկոտչով կապել են ձեռքերը ու դեմ են տվել պատին, մի քանի հարվածներ են հասցրել, ինչի հետքերը կա մարմնի եւ քթի վրա, այնուհետեւ նրանցից մեկն էլ մկրատով երեխայի թարթիչներն է կտրել: Տղաս առողջական խնդիրներ է ունեցել նախկինում, եւ մեծ դժվարությամբ թե՛ Ռուսաստանում, թե՛ Իսրայելում բուժումների ենք տարել: Որոշ չափով ապաքինվել էր, գրեթե չէր կակազում, սակայն այս դեպքից հետո երեխայի մոտ նորից սկսվել է վախի մթնոլորտն, ու խոսելիս սկսել է նորից կակազել»,- նշել է նա:
ԵՐԵԽԱ Է ՄԱՀԱՑԵԼ
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5 տարեկան երեխայի մահացության դեպք է գրանցվել: Մահացած երեխան Վեդի քաղաքից էր: Սկզբում նրան տեղափոխել են Վեդիի հիվանդանոց, իսկ դեպքից 4-5 օր առաջ երեխան տեղափոխվել է Երեւան: Երեխայի մահվան պատճառը Վեդիի հիվանդանոցից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ուշ տեղափոխելու հետ կապված չէ: 5-ամյա երեխան ի ծնե ունեցել է հորմոնալ անբավարարություն: Երեխան արդեն ծայրահեղ ծանր վիճակում ընդունվել է Վեդիի հիվանդանոց: Շտապ օգնության մեքենայի մեջ երեխայի մոտ սրտի կանգ է դիտվել: Արդեն ծանր վիճակում երեխան տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունման պահից երեխան եղել է արհեստական շնչառության ապարատին միացված, տերմինալ կոմայում: