ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Հարկումը
Կողմերը պետք է համագործակցեն հարկային ոլորտում պատշաճ կառավարումն ընդլայնելու հարցում՝ տնտեսական հարաբերությունները, առեւտուրը, ներդրումները եւ արդար համագործակցությունը հետագայում կատարելագործելու նպատակով։
Հոդված 26
Հղում կատարելով 25-րդ հոդվածին՝ Կողմերն ընդունում են հարկային ոլորտում պատշաճ կառավարման սկզբունքները եւ պարտավորվում են իրականացնել դրանք, այլ կերպ ասած՝ թափանցիկության, տեղեկությունների փոխանակման եւ հարկային արդար մրցակցության սկզբունքներն այնպես, ինչպես Եվրոպական միության մակարդակով դրանք որդեգրել են անդամ պետությունները։ Այդ նպատակով, չհակասելով Եվրոպական միության եւ անդամ պետությունների իրավասություններին՝ Կողմերը պետք է կատարելագործեն միջազգային համագործակցությունը հարկային ոլորտում, խթանեն հարկային եկամուտների հավաքագրման գործընթացը եւ մշակեն միջոցառումներ՝ արդյունավետ կառավարման այդ սկզբունքների արդյունավետ իրականացման համար։
Հոդված 27
Կողմերը պետք է ընդլայնեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի եւ հարկային վարչարարության կատարելագործմանն ու զարգացմանը, այդ թվում՝ հավաքագրման եւ հսկողության կարողությունների ընդլայնմանը, ապահովեն արդյունավետ հարկային հավաքագրում եւ ամրապնդեն հարկային խարդախությունների եւ հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը։ Կողմերը չպետք է խտրականություն դնեն ներմուծված արտադրանքի եւ նմանատիպ տեղական արտադրանքի միջեւ՝ 1994 թվականի Սակագների եւ առեւտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ 1994) I եւ III հոդվածներին համապատասխան։ Կողմերը պետք է ձգտեն ընդլայնել հարկային խարդախությունների եւ հարկերի վճարումից խուսափելու, մասնավորապես «կարուսելային» խարդախությունների դեմ պայքարի փորձը կիսելու գործընթացը եւ համագործակցությունը, նաեւ տրանսֆերային գնագոյացման եւ հակաօֆշորային կարգավորման հարցերում։
Հոդված 28
Կողմերը պետք է զարգացնեն իրենց համագործակցությունը՝ խարդախությանը հակազդելու ու դրա դեմ պայքարելու եւ ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսանենգության դեմ պայքարի համատեղ քաղաքականություններ որդեգրելու նպատակով։ Համագործակցությունը պետք է ներառի տեղեկությունների փոխանակում։ Այդ նպատակով Կողմերը պետք է ձգտեն ամրապնդել իրենց համագործակցությունը տարածաշրջանային համատեքստում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2003 թվականի՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային համապատասխան։
Հոդված 29
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
Վիճակագրությունը
Հոդված 30
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն վիճակագրությանն առնչվող հարցերի շուրջ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով միջազգային մակարդակով համադրելի եւ արժանահավատ վիճակագրական տվյալներ ժամանակին տրամադրելու երկարաժամկետ նպատակի ապահովմանը։ Ակնկալվում է, որ կայուն, արդյունավետ եւ մասնագիտական անկախ ազգային վիճակագրական համակարգի միջոցով կտրամադրվեն այնպիսի տեղեկություններ, որոնք համապատասխան կլինեն Եվրոպական միությունում եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների, բիզնես գործունեությունների եւ որոշում կայացնողների համար՝ նրանց ընձեռելով դրա հիման վրա տեղեկացված ձեւով որոշումներ կայացնելու հնարավորություն։ Ազգային վիճակագրական համակարգի միջոցով պետք է պահպանվեն ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքները եւ հաշվի առնվեն վիճակագրության ոլորտի ԵՄ acquis-ը [օրենսդրություն]՝ ներառյալ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգիրքը՝ ազգային վիճակագրական տվյալների ստեղծման գործընթացը եվրոպական նորմերի եւ ստանդարտների հետ համահարթեցման նպատակով։
Հոդված 31
Վիճակագրության ոլորտում համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի՝
ա) ազգային վիճակագրական համակարգի կարողությունների, այդ թվում՝ իրավական հիմքի հետագա ամրապնդմանը, որակյալ տվյալների եւ մեթատվյալների ստեղծմանը, տարածման քաղաքականությանը եւ օգտագործողի համար հարմարավետությանը, եւ հաշվի առնելով պետական եւ մասնավոր հատվածների օգտագործողներին՝ գիտական համայնքը եւ հասարակությունն ընդհանուր առմամբ.
բ) Եվրոպական վիճակագրական համակարգում կիրառվող նորմերին եւ փորձին Հայաստանի Հանրապետության վիճակագրական համակարգի աստիճանական համահարթեցմանը.
գ) Եվրոպական միությանը տվյալների տրամադրման գործընթացի ճշգրիտ համակարգմանը՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային եւ եվրոպական մեթոդաբանությունների, այդ թվում՝ դասակարգումների կիրառումը.
դ) ազգային վիճակագրական ծառայության անձնակազմի մասնագիտական եւ կառավարման կարողությունների ընդլայնմանը՝ Եվրոպական միության վիճակագրական ստանդարտների կիրառումը խթանելու եւ Հայաստանի Հանրապետության վիճակագրական համակարգի զարգացմանը նպաստելու նպատակով.
ե) վիճակագրական «նոու-հաու»-ի զարգացման վերաբերյալ փորձի փոխանակմանը, եւ
զ) վիճակագրական տվյալների ստեղծման բոլոր գործընթացների եւ դրանց տարածման հարցում որակի ապահովման եւ կառավարման խթանմանը։

Շարունակելի…

 

 

 

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԹԱՆԿԱՆԱԼ

Պաշտոնապես Հայաստանում անասունների գլխաքանակը բավականին պակասել է։ Ինչի պատճառով մեր հանրապետությունում ոչ միայն միսն է թանկացել, այլեւ կաթնամթերքը:

«Ժողովուրդ» օրաթերթը գյուղատնտեսության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800՝ նախորդ տարվա 701 հազար 500-ի դիմաց: Եթե նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում կովերի գլխաքանակը կազմել էր 295 հազար 800, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն եղել է 318 հազար 500:
Ըստ մասնագետների` Հայաստանում անասնագլխաքանակի նվազմամբ պայմանավորված՝ թանկացել է միսը: Իսկ մսամթերքի շուկայում սկսված թանկացումն արդեն հանգեցրել է նաեւ կաթնամթերքի թանկացման։ Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ երաշտի հետեւանքով գյուղացին չի կարողացել ձեռք բերել անհրաժեշտ անասնակերը եւ ստիպված մորթել է անասուններին: Բացի այս՝ ինչպես հայտնի է՝ աշնան վերջին կաթի արդադրության ծավալներն ամեն դեպքում նվազում են: Արդյունքում, անասունների գլխաքանակի անկումը կրկնակի նպաստել է, որպեսզի կաթը թանկանա: Որոշ մասնագետների պնդմամբ՝ առաջիկա ամիսներին կաթնամթերքն ավելի կթանկանա:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում արձանագրվել է 2.5 տոկոս գնաճ: Ընդ որում, նշված սննդատեսակների շուկայում գնային բարձրացում նկատվել է նաեւ սեպտեմբերին: Օրինակ՝ անարատ կաթը հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, 1.1 տոկոսով է թանկացել: Իսկ պանիրն ու կաթնաշոռը նշված ժամանակահատվածում թանկացել են 3.9 տոկոսով: Մածունի եւ յոգուրտի գները հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բարձրացել են 0.2 տոկոսով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անասնագլխաքանակի նվազման խնդրով «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա վարչապետին առաջարկել է դիմել ՌԴ-ի, ԱՄՆ-ի կառավարություններին, միջազգային կազմակերպություններին անասնակեր ներկրելու նպատակով: Քանի որ վստահ է, որ անասնակեր չներկրվելու դեպքում Հայաստանում անասնագլխաքանակը վերականգնելու համար երկար տարիներ կպահանջվեն: Սակայն կառավարության աշխատակազմից Բերբերյանին դեռեւս չեն պատասխանել: Մյուս կողմից էլ պատասխանը դժվար չէ կռահել, ինչպես միշտ կառավարությունն ասելու է, որ ինքը ոչնչով չի կարող օգնել գյուղացիներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԿԱՐԵՎՈՐԸ ԲԱՐԵԿԱՄԾԱՆՈԹՆԵՐՆ ԵՆ
Նոյեմբերի 5-ին Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան համայնքում տեղի ունեցան ավագանու ընտրություններ: 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ 543 բնակիչ ունեցող Ենոքավան համայնքի ավագանու 5 տեղին հավակնում էին 11 թեկնածու: Ավագանու թեկնածուների թվում էր նաեւ «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Արտակ Չիբուխչյանը: Նա Ենոքավանի ավագանու թեկնածու էր առաջադրվել ինքնաառաջադրմամբ: «Ապագա տուր» ընկերությունը Ենոքավան գյուղից վերեւ գտնվող տարածքում հանգստյան մեծ համալիր է ստեղծել` «Ապագա Գոմեր Ենոքավան»-ը, որի տարածքում կա երկահարկանի 8 քոթեջ եւ 5 տնակ: Այդտեղ գործում է ձիարշավարան եւ լեռնային հեծանիվների վարձույթ:
Ամեն տարի արտասահմանից եւ Հայաստանից հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս այդտեղ հանգստանալու: Ենոքավանի տարածքում աշխարհում կառուցվում է աշխարհում ամենաերկար` 2680 մետր երկարությամբ Զիփլայնի ատրակցիոնը, այդ «Yell Extreme Park» նախագծի հեղինակը Արտակ Չիբուխչյանի որդին է՝ Տիգրանը: Այդ նախագծում նախատեսվում է 200 հազար դոլար ներդրում կատարել:
Այս տարվա մայիսին վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն իր ընտանիքի անունից ձեռք է բերել աշխարհի ամենաերկար Զիփլայնի տոմսեր` այդպիսով ներդրում ունենալով այդ ծրագրի իրականացման գործում: Նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում Արտակ Չիբուխչյանը ստացել է ընդամենը 20 ձայն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ ավագանու 11 թեկնածուներից Արտակ Չիբուխչյանից ավել քիչ ձայն ստացել է միայն մեկ հոգի` Ենոքավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ինքնաառաջադրմամբ ավագանու թեկնածու դարձած Անժելա Սարդարյանը, ով 6 ձայն է ստացել: Ավագանու 11 թեկնածուներից ամենաշատ` 51 ձայն ստացել է ոչ մի տեղ չաշխատող, անկուսակցական, ինքնաառաջադրմամբ ավագանու թեկնածու դարձած Հրանտ Մկրտումյանը, ով ստացել է 51 ձայն:
Այս ընտրությունների արդյունքները եւս մեկ անգամ ապացուցում են, որ գյուղերում ՏԻՄ ընտրությունների ժամանակ մարդիկ քվեարկում են բարեկամ-ծանոթ սկզբունքով ու ամենեւին էլ էական չէ, թե թեկնածուն ինչ կարող է կամ չի կարող անել իրենց համայնքի համար: Այսինքն՝ մարդը կարող է համայնքը զարգացնելու համար հսկայական ներդրում իրականացնել, բազմաթիվ մարդկանց համար աշխատատեղեր ստեղծել, բայց երբ հերթը հասնում է քվեարկությանը, գյուղացիները նախընտրում են իրենց բարեկամ-ծանոթի օգտին քվեարկել, որպեսզի նրանց հանկարծ նեղացրած չլինեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս