«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-Ն ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառն այն է, որ մարզային դպրոցները սպառել են կապույտ վառելիք, սակայն դրա դիմաց անհրաժեշտ գումարները չեն վճարել: Ինչի արդյունքում այսօր դպրոցներ կան, որոնք կանգնած են դասասենյակները ջեռուցելու խնդրի առաջ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության «սեւ ցուցակում» է հայտնվել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը: Ընկերությունը ընդդեմ դպրոցի այս տարվա սեպտեմբերի 5-ին դիմել է դատարան: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը խնդրել է դատարանին դպրոցից հօգուտ իրենց բռնագանձել 1 մլն 331 հազար 811 դրամ գումար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բացի այս՝ ընկերությունը դատարանին խնդրել է միջնորդել արգելանք դնել դպրոցի գույքի եւ դրամական միջոցների վրա: Սակայն չի հիմնավորել իր այս պահանջը, ինչի արդյունքում դատարանը մերժել է «Գազպրոմ Արմենիա»-ի դպրոցի գույքի ու դրամական միջոցների վրա կալանք դնելու միջնորդությունը: Բայց չնայած սրան` կապարակնքվել է (պլոմբվել) դպրոցի գազի հաշվիչը: Իսկ աշակերտները ստիպված են լինում ուսանել էլեկտրական սալիկով տաքացվող դասասենյակներում: Իսկ ինչպես հայտնի է` էլեկտրական սալիկներով դասասենյակները նորմալ չեն ջեռուցվում, ծախսն է ավելի շատ է լինում, քան գազով գործող ջեռուցման կենտրոնացված համակարգի դեպքում:
Վարդենիս գյուղի Զ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ այսօր իրենց դպրոցը գազով չի ջեռուցվում: Նա նաեւ ասաց, որ առաջիկայում որոշ դասասենյակներ կջեռուցեն նավթով: «Բայց այդ գազը մենք չենք սպառել, այլ «Սպիտակ կամար» ընկերությունը, որը դպրոցում շինարարական աշխատանքներ է իրականացրել: Բայց այդ պարտքը հիմա թողնվել է մեզ վրա, այն դեպքում, երբ մենք գազը մեր համար չենք օգտագործել»,- պարզաբանեց դպրոցի տնօրեն Ավետիսյանը:
Ըստ մեր զրուցակցի` «Սպիտակ կամար» ընկերությունը դպրոցում շինաշխատանքներ իրականացնելիս օգտագործել է գազ, որոշ փորձարկումներ է արել, ինչի արդյունքում ավելի քան մեկ մլն դրամի պարտք է կուտակել: «Դե, բնականաբար, շինարարական աշխատանքների պատվիրատուն դպրոցն է, դրա համար էլ պարտքը մնացել է մեր վրա: Դիմել ենք շինարարական կազմակերպությանը, իրենք էլ բերեցին, 500 հազար դրամ գումար վճարեցին: Բայց ավելի քան 700 հազար դրամ էլ դեռ պարտք ենք մնացել: Պետք է դա մի կերպ փակենք, որ ջեռուցենք դպրոցը: Հիմա դասասենյակները գազով չենք տաքացնում: Փոխարենը օգտագործում ենք էլեկտրական սալիկներ, որն այդքան էլ չի տաքացնում դասասենյակները»,- անկեղծացավ տնօրենը: Ապա տեղեկացրեց, որ մոտ օրերս դիմելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մարզային տեսչությանը եւ խնդրելու է պարտքի մարման ժամանակացույց կազմել: «Եթե հնարավոր է, թող մարման ժամանակացույց կազմեն, գոնե այդպես մարենք պարտքերը, բայց զուգահեռ ջեռուցում էլ ունենանք: Հուսամ, որ շինարարական ընկերությունը կբերի, կմարի գազի դիմաց կուտակած մնացած պարտքը, քանի որ շենքը դեռ չի էլ հանձնել շահագործման»,- զրույցի ավարտին հույս հայտնեց տնօրեն Ավետիք Ավետիսյանը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսադաշտում է հայտնվել նաեւ Կոտայքի մարզի Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցը, որի դեմ ընկերությունը դատական հայցը ներկայացրել է դեռեւս օգոստոսի 7-ին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը եւս հայցադիմում է ներկայացրել մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի: Մեզ հայտնի դարձավ, որ Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցը «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք է 110 հազար 600 դրամ:
Սակայն Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Զարիկ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ արդեն մարել են ընկերության նկատմամբ ունեցած պարտքը: «Ես մուծման բոլոր կտրոններն ունեմ ինձ մոտ, դրանք ներկայացրել եմ դատարանին, եւ գործը կարճվել է: Այդ 110 հազար դրամի չափով պարտքը կուտակվել է, որովհետեւ պետական ֆինանսավորումը քիչ է եղել: Այսինքն՝ մենք չէինք նախատեսել, որ այդքան շատ ենք գազ սպառելու, բայց ձմեռը ցուրտ էր: Ինչով էլ պայմանավորված սպառումը շատ եղավ»,- պարզաբանեց տնօրենը` միաժամանակ նկատելով, որ ներկայումս դպրոցը ջեռուցվում է:
Փաստորեն, այն դպրոցների աշակերտները, որոնց տնօրենները հասցրել են մարել գազի դիմաց կուտակված պարտքերը, կկարողանան տաք դասասենյակներում ուսում ստանալ: Իսկ այն դպրոցները, որոնց տնօրենները ժամանակին չեն մարել գազի դիմաց կուտակած պարտքերը, իրենց աշակերտներին պարտադրում են հաճախել ցուրտ դասասենյակներ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՓՈՂ ՏՎԵՔ, ՈՐ ԾԱԽԵՄ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը նոյեմբերի 6-ին շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով ցանկանում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 14 միլիոն 406 հազար 600 դրամ դրամաշնորհ ստանալ: Ամենաուշագրավը սակայն, այն է, թե ինչու է անհրաժեշտ այդ գումարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Համապատասխան որոշման նախագծում սեւով սպիտակի վրա գրված է. ««Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության հետագա մասնավորեցման գործընթացը գրավիչ դարձնելու համար ընկերության ֆինանսական խնդիրները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի 4-րդ եռամսյակում հատկացնել 14 406 600 դրամ»: Այլ կերպ ասած՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ներկա վիճակով չի ցանկանում մասնավորեցնել կառավարության «Ընդունելությունների տունը»: Երեւանի ամենասրտում գտնվող այդ շքեղ կառույցը, որը կապիտալ նորոգելու դեպքում կդառնա պատրաստի շքեղ հյուրանոցային համալիր, պարզվում է՝ այդքան էլ գրավիչ չէ մասնավորեցման համար: Այդ նպատակով դեռ պիտի մի քանի տասնյակ միլիոն դրամ էլ հարկատուների գումարներից ծախսեն, որպեսզի կառույցը տեղը տեղին գրավիչ դառնա:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջիկայում պատրաստվում է վերջին մի քանի խոշոր պետական ձեռնարկությունները սեփականաշնորհել: Մասնավորապես սեփականաշնորհման իր հերթին է սպասում նաեւ «Հայփոստ» ընկերությունը: Առայժմ դժվար է ասել՝ լավ է, թե վատ, որ «Հայփոստը» դեռ շարունակում է մնալ արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերության հավատարմագրային կառավարման ներքո: Դժվար չէ կռահել, որ եթե «Հայփոստը» նախկինի պես շարունակեր պետական կառավարման տակ մնալ, ապա այս ընկերության գրավչությունը բարձրացնելու համար Հայաստանի պետական ողջ բյուջեն անգամ չէր բավարարի:
Ինչեւէ: ՀՀ կառավարության պատասխանատուները կրկին ու կրկին համոզում են, որ իրենք իրենց կարմիր կաշին, միեւնույն է, չեն փոխելու: Ուզում է՝ երկրի ողջ բնակչությունն էլ արտագաղթի, իրենք քանի հնարավորություն ունեն, «փող պիտի կպցնեն»:

Վ. Հ.




Լրահոս