«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինծառայությունից ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ ուսանողների՝ արդեն երկրորդ շաբաթը շարունակվող դասադուլը ՀՀ իշխանությունների վերնախավին լուրջ մտահոգել է: Նախօրեին ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ԲՈՒՀ-երի ռեկտորների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: Նախարարը ռեկտորներից փորձել է պարզել, թե նրանցից յուրաքանչյուրը որքանով է տիրապետում իր ղեկավարած ԲՈՒՀ-ում տիրող իրավիճակին եւ ինչ միջոցներ է ձեռնարկում դասադուլների մասսայականացումը կանխելու ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ ԿԳ դաշնակցական նախարարը ռեկտորներին հանձնարարել է, որ նրանք իրենց դասախոսներին հրահանգեն՝ ուսանողների բոլոր բացականերն արձանագրվեն, սակայն միեւնույն ժամանակ դասադուլավոր ուսանողների հեռացման հարց ոչ մի դեպքում չպետք է բարձրացնեն: Վերը բերված լուրերի առնչությամբ ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ նախարար Լեւոն Մկրտչյանը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ռեկտորների հետ: «Ինչպես գիտեք` գործում է ռեկտորների խորհուրդը, որտեղ հաճախակի կրթության եւ հատկապես բարձրագույն կրթության բարեփոխումների շուրջ քննարկումներ են տեղի ունենում: Վերջին շրջանում նախարարը երեք անգամ ռեկտորների հետ խորհրդակցություն է անցկացրել բարձրագույն կրթության օրենքի նախագծի շուրջ` անդրադառնալով բարձրագույն կրթության տարբեր դրույթների»,- ասաց խոսնակը: Իսկ ինչ վերաբերում է դասադուլների հետ կապված ռեկտորներին հանձնարարականներ տալու խնդրին, ապա, ըստ Լուսինե Մարգարյանի, դա չի մտնում ՀՀ ԿԳ նախարարի գործառույթի մեջ:
ՀՀ իշխանությունները բավական ներողամիտ գտնվեցին Երեւանի ավագանու ընտրություններում ընտրակեղծարարության դիմած անձանց նկատմամբ: Բանն այն է, որ ավագանու ընտրություններում խախտումների մասով հարուցվել էր 10 քրեական գործ, բայց կարճ ժամանակ անց դրանցից 7 կարճվել է, մեկ քրեական գործը՝ կասեցվել, եւ դատարան է ուղարկվել միայն երկուսը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի 8/54 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Աշխեն Հովհաննիսյանը դատապարտվել է 700 հազար դրամ տուգանքի՝ քաղաքացիներից մեկի քվեաթերթիկում ինքնագլուխ կերպով ՀՀԿ օգտին քվարկելու համար, մյուս քրեական գործը հարուցվել էր լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով. ՀԺ լրագրող Տ.Խաչատրյանին խոչընդոտելու համար Հայկ Հունանյանը տուգանվել է 700 հազար դրամ, եւ վերջ: Հետաքրքիր է՝ վերջին ՏԻՄ ընտրությունների ընտրակեղծարարների նկատմամբ ե՞ւս իշխանություններն այսպիսի ներողամտություն կցուցաբերեն, թե՞ ոչ:
Հայաստանի մսի շուկայում արձանագրված գնաճի պատճառների մասին խոսելիս ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել էր մեծ քանակությամբ արտահանումը: Սակայն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ մսի թանկացման պատճառը եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում խոտի գնի բարձրացումն է: «Ճիշտ է՝ նախորդ տարվա համեմատ անասնագլխաքանակի արտահանման ծավալները ավելացել են, բայց սա չէր կարող բերել մսի գնի բարձրացմանը: Դա այն անասնագլխաքանակը չէ, որ կարող էր էականորեն ազդել մսի գնի վրա: Գուցե որոշակի չափով, չնչին, բայց ոչ 20-30 տոկոսով: Բայց այս պահի դրությամբ մսի շուկայում կա կայունացում, գնի աճը կանգնել է»,- ասել է նա:
ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզում: Բավական չէ, որ նա 18 համայնքների միավորման արդյունքում ձեւավորված Գեղամասար խոշորացված համայնքում առաջադրեց թեկնածու Հակոբ Ավետյանին, հաղթեց ՀՀԿ թեկնածուին, հիմա էլ որոշել է բոլոր նախկին գյուղապետերին, որոնք պետք է տարածքներում պատասխանատուներ նշանակվեն, ազատել աշխատանքից: Այդպիսով, նա վրեժ է լուծում իր դեմ դուրս եկած եւ ՀՀԿ-ի թեկնածու Զոյա Գեւորգյանի օգտին աշխատած շուրջ 13 նախկին գյուղապետերից: Բացի այդ՝ Սպարտակ Մելիքյանը եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձեւավորել համայնքում՝ սեպ խրելով բնակիչների երկու խմբերի մեջ. նա այսօրվանից աշխատում է հաջորդ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի հենարան ու ձայներ ունենա: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել գյուղերում, եւ երեկ մի խումբ գյուղապետեր, գյուղացիներ բողոքել են «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում: Իսկ Սպարտակ Մելիքյանը Հրայր Թովմասյանի օրինակով ասաց, թե. «Ղալաթ են անում ասողները»: Գնդակը ՀՀԿ-ի դաշտում է. հուսանք՝ ոչ Արմեն Ռուստամյանի բառապաշարով:
ՆԱ ԳՆԱՑ ՄՈՍԿՎԱ
Այսօր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ պաշտոնական հաղորդագրության.«Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը եւ երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը եւ տարածաշրջանային արդի խնդիրներին»: Հատկանշական է, որ այս այցը նախորդում է նոյեմբերի 24-ին ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման արարողությանը: Ու դժվար է ասել՝ արդյո՞ք այս անգամ կկրկնվի 2013թ. սեպտեմբերի հայտնի սցենարը, երբ հիշում եք՝ ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո Ս. Սարգսյանը հրաժարվեց ԵՄ-ի հետ համաձայնագրի նախաստորագրումից: Մինչ այս իշխանություններն ամեն կերպ փորձել են հավաստիացնել, որ այլեւս որեւէ բան չի խանգարում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Նախ, ինչպես հայտնի է, արդեն իսկ տեղի է ունեցել համաձայնագրի ստորագրումը, ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա, եթե, իհարկե, ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, եւ այս հայտարարությունն արել են ոչ մեկ անգամ: Նաեւ ՀՀ ԱԳՆ-ն դեռ հոկտեմբերին հրապարակեց ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը՝ հանրության դատին ներկայացնելով իրենց քննարկած փաստաթուղթը: Եւ հետո, այլեւս ԵՄ-ն ու ՌԴ-ն խանդի տեսարաններ չեն սարքում, եւ համակերպվել են այն իրողության հետ, որ ՀՀ-ն կարող է երկուստեք համագործակցել: Բայց հաշվի առնելով փաստը, թե ինչպես է ՌԴ նախագահի մոտ Սերժ Սարգսյանն իրեն պահում որպես «ֆորպոստի» ղեկավար, չի բացառվում ցանկացած զարգացում: Ինչեւէ, ժամանակից առաջ չընկնենք եւ սպասենք զարգացումներին:
Իսկ մինչ այդ մեկ դիտարկում եւս. նախատեսված է, որ Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի «տարածաշրջանային արդի խնդիրներին»: Բացի այդ՝ երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Երեւան եւ Բաքու. «Կխոսենք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների մասին: Կփորձենք հասկանալ` ուր ենք հասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստան-Ադրբեջան նախագահների միջեւ վերջին հանդիպումից հետո»,- երեկ ասել է Լավրովը: Եւ վերջապես, նախատեսված է կազմակերպել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Այնպես որ, չի բացառվում՝ Սարգսյանի այցը շատ ավելի կապված է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի հետ: Պարզապես այդ մասին ուղղակի տեքստով չի ասվում: