«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
-Պարո՛ն Սարգսյան, 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին ընդառաջ կնշե՞ք Ձեր հիմնական մտահոգությունները: Ինչպիսի՞ բյուջե ենք ունենալու:
-Ես ԱԺ-ում ելույթ եմ ունենալու, չէի ուզենա հարցազրույցում ընդհանուր գծով բացել թեման, բայց նաեւ չեմ սիրում հարցազրույցներն ուղղակի ջրել: Այդ առումով կփորձեմ ասել, որ խոսելու եմ գլոբալ խնդիրների մասին, ոչ թե մակրոտնտեսական ցուցանիշները, ինչով բարդ լեզվով լցրել են այս բյուջեն: Իմ կարծիքով՝ այս բյուջեն օրվա խնդիր է լուծում, չունի հեռանկարային ծրագիր, չունի որեւէ ամբիցիա, բացարձակ առանց դրայվի ու շատ բնական է: Երեք-չորս ամիս հետո նորից նոր վարչապետ է գալու, նորից նոր բյուջեով, ու այնպիսի բան են բերել, որը քննարկման նյութ են ցանկանում դարձնել: Ընդ որում, բյուջեի սկզբնական մասն այդքան երկար գրելն ուղղակի անհեթեթ եւ անիմաստ է, ով է այդքանը կարդալու: Այս իմաստով բազմաթիվ խնդիրներ կան բոլոր ոլորտների, բոլոր ուղղությունների առումով, դրանց անպայման կանդրադառնամ ելույթում:
-Այս բյուջեի նախագծով սովորական քաղաքացին իր մաշկի վրա որեւէ դրական փոփոխություն կարո՞ղ է զգալ: Տեսնում ենք, որ աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանում, սակայն բնական գնաճ լինում է:
-Փորձում են պարոն Արամյանի տնտեսագիտական գիտելիքներն օգտագործելով՝ ներկայացնել, քանի որ արեւ օրեր են լինում, այդ օրերի բարիքը պետք է հավաքես, դնես գործի մեջ, որ հետագայում դա շահույթ բերի, որ ոչ արեւ օրերին կարողանաս կիրառել: Այդ ենթատեքստում, եթե իրենք հիմա տեսնում են, որ արեւ է, չարաչար սխալված են, դա այդպես չէ: Եթե նույնիսկ այդ գումարը վերցնում ես, ո՞ր ուղղության վրա ես դնում, որպեսզի հինգ տարի հետո ռեալ եկամուտ բերի, չկա նման բան այս բյուջեում: Այսինքն՝ պրակտիկ փորձ չունեցող մարդու, որեւէ առաջիկա ամբիցիա դրած, որեւէ ոլորտ զարգացնելու առաջնահերթությունը նշող, պետության գերկարեւոր ոլորտները գնահատող որեւէ քայլ ես չեմ տեսնում: Մասնավորապես կարող եմ մի փաստը բացել, իմ կարծիքով մեր երկրի համար թիվ մեկ կարեւոր հարստությունը մարդն է՝ իր մտավոր ունակությամբ: Փոքր երկրները պետք է փորձեն լուծել համամարդկային խնդիրներ, իմ եղբայր Վազգենն այդպես էր մտածում: Մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի է ոչ միայն Հայաստանի խնդիրները լուծել, այլ նաեւ համամարդկային խնդիրներ լուծել: Ու ինչ ենք անում մենք այդ առումով, այդ մարդուն … նայե՛ք այդ բյուջեում գիտությանը տված հատկացումները, նայեք «Լույս» հիմնադրամով Սերժ Սարգսյանի ֆոնդից ինչքան գումարներ է տարվում տաս-տասներկու ուսանողի, որից ութը չի վերադառնում, նրանք էլ պետք է ՀՀԿ դառնան, որ գիտնական դառնան: Համար մեկ ռեսուրսի առումով այս բյուջեում որեւէ բան չկա: Հայաստանն ուրիշ շատ ռեսուրսներ էլ ունի, որով պիտի ձեւավորվեն պետական եկամուտները, եւ այս ռեսուրսների առումով էլի քայլեր չկան, բայց այդ ռեսուրսներն արդեն կբացեմ ԱԺ դահլիճում:
-Շեշտակի նվազել են առողջապահական ոլորտին հատկացվող գումարները, սա եւս մեկ խնդիր չէ՞ հասարակ քաղաքացու համար:
-Առողջապահության ոլորտը, սոցիալական ոլորտներն ապահովում են, դրվում են բարձր մակարդակի վրա, երբ պետությունն ունի ռեալ եկամուտներ, երբ պետությունը կայացած է, ունի հզոր տնտեսություն: Իսկ երբ չկա այդ տնտեսությունը, այդ արեւ օրը չկա, առողջապահությունը կարող է լինել այնքան, ինչքան կա: Այս բյուջեի ամբողջ խնդիրն էլ հենց վարչարարությունն է, իսկ ցանկացած սուբյեկտ այդ բառը լսելով՝ հասկանում է՝ ինչ է նշանակում, եւ վախ է առաջանում: Չգիտես ինչու, այսօրվա կառավարությունն ամենից շատ օգտագործում է վարչարարություն բառը:
-Չնայած Ձեր մատնանշած հարցերին՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խոստանում է, թե մարդիկ հաջորդ տարի լավ են ապրելու:
-Վերացական բառերը ոչինչ չեն նշանակում: Ես կզարմանայի, եթե նա կանգներ, ասեր՝ սոցիալական վիճակն ավելի վատանալու է, որովհետեւ գները թանկանալու են, մենք էլ հատկացումները չենք ավելացնելու: Բայց փաստը դա է: Ֆինանսների նախարարը դա է ասում, որ կրճատելու ենք, փողը դնելու ենք գործի մեջ, բայց որ գործի մեջ է դրվելու, դրա մասին որեւէ խոսք չկա: Արժի գոտիները ձգել, այս բյուջեում չկա տեսլական, չկա այն շոգեքարշը, որը մեր պետությունը պետք է առաջ տանի: Օրվա խնդիր լուծող, մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա դոկտորական պաշտպանելու նյութ է այս բյուջեն:
ՍՊԱՐՏԱԿԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ
Գեղարքունիքի մարզի 18 գյուղ համայնքներ միավորվել են եւ դարձել Գեղամասար համայնք, որտեղ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո իրավիճակը կարծես թե այնքան էլ հանգիստ չէ։ Այնտեղ համայնքի ղեկավար է դարձել Հակոբ Ավետյանը, ում պաշտպանում էր ԱԺ նախկին պատգամավոր, «Գարդման» հայրենակցական միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը, որը շարունակում է տեղաբնակների ու Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում վերաբնակեցվածների միջեւ սեպ խրել։
Գեղամասարի համայնքի ղեկավարի նախկին թեկնածու Զոյա Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ընտրություններից հետո համայնքներում մեկը մյուսին թշնամաբար են նայում։ «Մեր համայնքներում կրկին նույն խժդժություններն են, ինչքան կարող է Սպարտակ Մելիքյանն այդպիսի սեպ խրել ժողովուրդների մեջ, ինչքան կարելի է մարդկանց բաժանել սեւ եւ սպիտակ թուրքերի։ Ընտրություններ եղան, ընտրակաշառքով ընտրվեցին, ու հիմա ահավոր վիճակ է համայնքներում», – նշեց նա՝ հավելելով, թե Ավետյանին ընտրվելու հարցում ընտրակաշառքից բացի՝ օգնել է Սպարտակ Մելիքյանը:
Իսկ ո՞րն է խնդիրը: Մինչ ընտրությունները նշվում էր, թե խոշորացող համայնքի կենտրոնը լինելու է հենց Գեղամասարը, սակայն նախօրեին տեղեկացել են, թե համայնքը Գեղամասար է կոչվելու, բայց կենտրոնը լինելու է Սոթքը։ Մասնավորապես Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Գարեգին Բեգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Նախնական ծրագիրն ուրիշ է եղել, արդեն սպասում էինք, մի երկու օր առաջ եկավ (Հակոբ Ավետյանին նկատի ունի.-խմբ.), նայեց շենքը, թե ոնց պետք է աշխատակազմը տեղավորվի, հիմա էլ հայտարարվեց, թե Սոթքն է լինելու»:
Սակայն սա էլ դեռ ամենը չէ. պարզվում է՝ Գեղամասար համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանը սկսել է իր համար նոր թիմ ձեւավորել եւ 18 գյուղապետերից 13-ին որոշել է փոխել, իսկ մյուս հինգին, ովքեր իր մարդիկ են, այլ պաշտոններ է խոստացել: «Ես, օրինակ, 5 տարով եմ ընտրվել, մեկ տարի եմ աշխատել, ինչո՞ւ է ուզում ազատել, չեմ հասկանում։ Նա հայտարարել է, որ իր թիմն է ձեւավորում եւ ասում է, որ հին համայնքի ղեկավարներից ոչ ոք չպետք է լինի, քանի որ իրեն դեմ են եղել», – նշեց Գեղամասարի նախկին գյուղապետ Գարեգին Բեգյանը:
Գեղամասար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց զրուցել. նա ամբողջ օրն անհասանելի էր, աշխատավայրում էլ չէր: Փորձեցինք մեղադրանքների շուրջ զրուցել ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հետ: Ինչո՞ւ եք բնակիչների միջեւ սեպ խրում. հետաքրքրվեցինք: «Ով որ բողոքում է, ղալաթ է անում, տենց բան գոյություն չունի»,- ասաց նա:
Իհարկե, հասկանալի է, որ պատգամավորական մանդատից զրկված Մելիքյանը փորձում է հիմա իր կողմից աջակցություն ստացած եւ հաղթած թեկնածուի շուրջ թիմ հավաքել, որպեսզի հաջորդ ընտրություններում ընտրվելու գոնե շանս ունենա: Դրա համար մյուս բոլորին փորձում են ազատել աշխատանքից:
Թե ինչով կավարտվի Սպարտակի հերթական ձգտումը, ժամանակը ցույց կտա:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՀԱՐՈՒՍՏ
Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի երիտասարդ որդին՝ Ժորժ Խաչատրյանը, որ այսօր զբաղեցնում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, պարզվում է՝ բավականին ճոխ ունեցվածք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Խաչատրյանն ունի արտադրական նշանակության երկու շինություն, երկու հատ հողամաս, հողին ամրացված երկու հատ անշարժ գույք, հասարակական նշանակության երեք հատ շինություն, մեկ ավտոտնակ, Toyota Camry 2.4 մակնիշի մեկ ավտոմեքենա: Բացի այս՝ նա մեկ ընկերությունում ունի 18 հազար դրամի բաժնետոմս, մեկ ընկերությունում էլ 25 հազար դրամի բաժնեմաս: Փոխառությունը կազմել է մոտ 74.5 մլն դրամ, իսկ դրամական միջոցը` 5 մլն դրամ: Բայց որպես եկամուտ հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 9 մլն 638 հազար դրամ շահաբաժինը եւ երկու վայրից ստացած աշխատավարձը, որը կազմել է 4 մլն 158 հազար դրամ:
ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՍՏԻՊԵ՞Ց ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 11-ին գրել էր, որ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը դատական հայց է ներկայացրել նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի դեմ: Պատճառը մոտ 360 հազար դրամի գույքահարկի պարտքն էր, որը քաղաքապետարանը որոշել էր դատական ճանապարհով բռնագանձել: Հայցն արդեն ընդունվել էր վարույթ, իսկ դատավոր էլ նշանակվել էր Էդվարդ Նահապետյանը, որը, մեր տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի մտերիմներից է: Եւ ահա տեղեկացանք, որ 2017 թվականի հոկտեբերի 4-ին Գյումրու քաղաքապետարանը հրաժարվել է հայցից այն բանից հետո, երբ Ղուկասյանը վճարել է իր ունեցած պարտքերը, եւ վեճը սպառվել է:
ԱՆՊԱՏԻԺ ԿՄՆԱ՞
Անորոշ իրավիճակ է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի վրաերթի գործով: 2017թ. հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, քաղաքապետի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս՝ նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող հետիոտն, նույն քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Վալերի Թորոսյանին։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան ԲԿ» ՓԲԸ, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է: Անցել է 5 ամիս, սակայն, ինչպես նկատում ենք, իրավապահ համակարգը դեռեւս սպասում է հայտնի փորձաքննությունների արդյունքներին: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետի որդու պաշտպան Հայկ Սարգսյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչ փուլում է գործը, ինչին ի պատասխան՝ պաշտպանը հայտնեց. «Այս պահի դրությամբ նոր բան չկա, մեկ հատ եզրակացություն եկավ, նորից է նշանակվել, անորոշ վիճակ է, դեռեւս վերջնական որոշում չկա»: