«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրինագծի դեմ ուսանողների բողոքի ալիքը գնալով նոր թափ է ստանում: Նախորդ շաբաթվանից մեկնարկած դասադուլներին զուգահեռ՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգը ԵՊՀ-ում անժամկետ հացադուլ են հայտարարել` պահանջելով կասեցնել նախագիծը:
Չնայած դրան՝ իշխանությունները երեկ ԱԺ-ում կազմակերպել էին այդ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումները, եւ ինչպես պնդում էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը. «Մեր նպատակը չի վնասել կրթությանը, եւ մեր նպատակն էլ չի ամեն գնով տանել ծառայության։ Մեր նպատակն է սեղմել այն բոլոր խողովակները, որտեղից տարբեր պատրվակով կարող են խուսափումներ լինել եւ, ցավոք, եղել են, եւ դրան զուգահեռ՝ նաեւ սեղմել այն խողովակները, որ այստեղից խուսափողները կարող են մեկ այլ ճանապարհներ փնտրել»:
Իհարկե, լավ է ասված, իհարկե, յուրաքանչյուր առողջ տղա պետք է ծառայի պատերազմական վիճակում գտնվող մեր երկրում, բայց իրականությունը, ինչպես միշտ, այլ է: Ինչո՞ւ, որովհետեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծից բոլորովին հակառակ տպավորությունն է: Եւ պնդումները, թե նախագծով իրենք հնարավորինս սահմանափակում են զինծառայությունից խուսափելու հնարավորությունները, հավասարություն են սահմանում, որպեսզի 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի ծառայի բանակում, այնքան էլ առնչություն չունեն իրականության հետ: Այդ նախագծով ՊՆ-ն հիմնականում սահմանափակում է ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը պարզապես մեկ նպատակով՝ լուծելու մի քանի հազար հոգու՝ առաջիկայում բանակ զորակոչելու խնդիրը՝ արտագաղթի հետեւանքները մեղմելու պատճաով:
Եւ այսպես՝ փորձենք հասկանալ նախագծի դրական ու բացասական կողմերը:
Օրինագծի 21-րդ հոդվածում թվարկված են պարտադիր զինծառայությունից ազատվելու հիմքերը: «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, ով առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար»: Այսինքն՝ առողջական վիճակի պատճառով կարելի է նաեւ տարկետում ստանալ. այս հնարավորությունը սահմանված է նախագծի 22-րդ հոդվածում:
Օրենքում այս դրույթների առկայությունը միանգամայն բնական է. լուրջ հիվանդություններ ունեցող անձինք չպետք է բանակ զորակոչվեն: Սա աքսիոմա է: Բայց փաստ է, որ այդ հնարավորությունից օգտվել ու օգտվում են նաեւ ծառայել չցանկացողները, որոնք տարբեր հիվանդությունների մասին կարողանում են փաստաթղթեր ձեռք բերել: Հիշում եք` ամիսներ առաջ լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, թե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն ինչ պատճառաբանությամբ են ազատվել բանակից, եւ նրանց մեջ քիչ չէին զանազան հիվանդությամբ «տառապողները», գոնե ըստ բժշկական փաստաթղթերի. մեկն ալերգիկ էր, մյուսը գիշերամիզությամբ էր տառապում, երրորդը հետվիրահատական խնդիրներ ուներ, եւ այսպես շարունակ: Այնպես որ, բանակից խուսափելու ցանկություն ունեցողը, միեւնույն է, իր նպատակին կհասնի՝ պարզապես մեծ գումարներ ծախսելով եւ գրելով: Եւ ուրեմն, նախագիծն իր առաջ դրած խնդիրները չի լուծում, եթե սարքովի հիվանդությունների վրա շարունակեն աչք փակել:
Այս օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետում նշված է, որ զինակոչիկը կարող է տարկետում ստանալ նաեւ «ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով»: Պարզ է՝ ՀՀ կառավարությունն ամեն մարդու չի տա տարկետման իրավունք, եւ կրկին՝ այս դրույթը կգործի «ընտրյալների» դեպքում: Ու կրկին նույն պատկերն է ստացվում:
Ինչ վերաբերում է ուսումնառության նպատակով տարկետման վիճահարույց դրույթին, ապա օրենքում նշված է. «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաեւ նպատակային ուսումնառության համար` ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացուն, եթե նա ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններով զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն՝ քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալու օրը»: Նույն հոդվածում նաեւ նշված է, որ նման դեպքերում քաղաքացուն տարկետում տալու եւ տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ:
Եւ, վերջապես, նախագծի 5-րդ հոդվածում նշված է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է շարքային կազմի համար 24 ամիս, իսկ եթե քաղաքացին օգտվել է ուսումնառության նպատակով տարկետման իրավունքից՝ 3 տարի: Այսինքն՝ անձինք, ովքեր օգտվել են տարկետման իրավունքից՝ ՊՆ-ի հետ կնքելով համապատասխան պայմանագիր, պետք է ծառայեն ավելի երկար: Պարզապես ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու եւ ուսումնառությունից հետո զորակոչվելու դեպքում շնորհվում է լեյտենանտի աստիճան, եւ հետո այդ անձնավորությունը զինծառայությունն անցնում է՝ ըստ իր մասնագիտության եւ ավելի լավ պայմաններով: Սա, թերեւս, միակ փոխհատուցումն է՝ ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը սահմանափակելու դիմաց: Իշխանություններն էլ այս օրերին կուրծք են ծեծում, թե բանակում պետք են լուրջ մասնագետներ եւ նման կադրերով ապահովելու խնդիր են լուծում:
Ու ստացվում է՝ կան հնարավորություններ, որպեսզի մեծ ցանկության դեպքում զինծառայությունից խուսափողը չգնա բանակ՝ մեծ գումարներ ծախսելով եւ զանազան կեղծ փաստաթղթեր ձեւակերպելով: Իսկ սովորական քաղաքացին, որը կարող էր օգտվել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքից, լավ սովորել, հետո մագիստրատուրա, հետո էլ ասպիրանտուրա ընդունվել, հայտնվելու է լուրջ երկմտանքի առաջ՝ արժի 3 տարի ծառայել, թե ոչ: Մեկ փաստ էլ. սովորաբար ժամկետային զինծառայությունից զորացրվելուց հետո տղաներից շատերը բուհում չեն սովորում նույն էնտուզիազմով, ինչ մինչ այդ: Այս մասին շատ է խոսվել: Բավական է նաեւ դիտարկել վիճակագրությունը, թե բակալավրում սովորելուց հետո բանակ մեկնած երիտասարդներից քանիսն է զորացրվելուց հետո ուսումը շարունակել մագիստրատուրայում, հետո՝ ասպիրանտուրայում, եւ պարզ կդառնա՝ ինչի մասին է խոսքը: Պարզ կդառնա, որ պետք չէ ընդհատել ուսման շարունակականությունը:
Ի դեպ, մինչ այդ փոքր թվաբանություն. բուհերում 2016-2017 ուսումնական տարում տարկետման իրավունքով անվճար տեղերի քանակը կազմել է 1783: 2015-2016 ուստարում այդ թիվը 2103 էր, 2014-2015 ուստարում այդ թիվը կազմել է 2123: 2126 տեղ էլ հատկացվել էր 2013-2014 ուսումնական տարվա համար: Այսինքն՝ չորս տարվա ընթացքում տարկետման իրավունքով 8 հազար 135 տեղ է տրվել: Եթե անգամ հաշվի առնենք փաստը, որ նրանց մի մասն այս տարիներին հեռացել է ՀՀ-ից կամ կորցնելով տարկետման իրավունքը՝ բանակ է զորակոչվել, միեւնույն է՝ տարեկան միջինը 2 հազար հոգի օգտվում է օրենքով ընձեռած հնարավորությունից: Չնայած, այստեղ էլ պետք է նկատենք, որ նրանց զգալի մեծամասնությունը, այնուամենայնիվ, վերջում զորակոչվում է բանակ: Եւ տարեկան միջինը 150-200 երիտասարդ է շարունակում ուսումն ասպիրանտուրայում, պաշտպանում թեկնածուական ատենախոսություն՝ հնարավորություն ստանալով չծառայել: Այնպես որ, այս օրենքով հենց այդ 150-200 հոգուն բանակ տանելու «հարցն է լուծվում» եւ վերջ: Ու դեռ պարզ չէ՝ զինծառայության մեջ գտնվելով այդ մարդիկ ավելի մեծ օգուտ կտան, թե չծառայելով: Նախագծով նաեւ լուծվում է այսօր տարկետման իրավունքից օգտվողներին անհապաղ զորակոչելու եւ ԶՈՒ-ն համալրելու հարցը՝ այսրոպեական մոտեցմամբ:
Հ.Գ. Ի դեպ, այս օրենքում նաեւ զինծառայողների սոցիալական երաշխիքների մասին դրույթներ կան, որոնց համաձայն՝ որոշակի արտոնություններ են սահմանվում այդ անձանց համար: Բայց հաշվի առնելով վիճահարույց դրույթները՝ այս դրականը դուրս է մնացել քննարկումներից ու մարդկանց տեսադաշտից:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
«Հետք» էլեկտրոնային պարբերականը երեկ տեղեկացրել էր, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին անհարգելի բացակայել է 17 պատգամավոր, որոնց աշխատավարձերից էլ պահումներ են արվել: Հետաքրքիրն այն է, որ ամենաշատ թվով պատգամավոր՝ 7 հոգի, բացակայել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերից: Ընդ որում, այստեղ բացակայող եռյակը գլխավորում են գեներալներ Սեյրան Սարոյանը, ում աշխատավարձից պահվել է 116 հազար դրամ, Մանվել Գրիգորյանը՝ 94 հազար դրամ, եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ 89 հազար դրամ:
Այս պատկերը, սակայն, պատահական չէ. բանն այն է, որ նախորդ գումարման խորհրդարանում եւս գեներալներ Սարոյանն ու Գրիգորյանը չէին մասնակցում հանձնաժողովի նիստերին: Այդպես էր վարվում նաեւ նախկին զինդատախազ, նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Պատճառը եղել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ պարբերաբար կոնֆլիկտները: Բանն այն է, որ բանակում չծառայած ՀՀԿ-ական Նահապետյանը փորձել է մի քանի անգամ նախկին զինվորականների մոտ մասնագիտական հարցերում «շեֆի դիրքերից» խոսել: Բնականաբար, այդ ամենը դուր չի եկել նախկին զինվորականներին. սկզբում նրանք փորձել են կատակել, հետո արդեն ամեն ինչ վերածվել է կոնֆլիկտի: Որպեսզի ամեն ինչ չխորանա, եւ գործը չհասնի գեներալների դաստիարակչական ապտակներին, որոշվել է, որ նրանք հանձնաժողովի նիստերին կմասնակցեն ըստ ցանկության: Ու հիմա այդ ավանդույթները շարունակվում են նաեւ նոր խորհրդարանում. ավելին՝ հնաբնակ պատգամավորներին է միացել նաեւ մեկ այլ գեներալ՝ Միհրան Պողոսյանը: Իսկ Կորյուն Նահապետյանը որոշել է օգտագործել իր պաշտոնեական դիրքն ու այսպես պատժել իրենից խուսանավողներին:
ԳՈՒՄԱՐ` ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունը 58.8 մլն դրամ կհատկացնի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ կառավարությունը ՀՀԿ-ին կհատկացնի 30 մլն 592 հազար 200 դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին` 17 մլն 28 հազար, «Ելք» կուսակցությունների դաշինքին` 4 մլն 846 հազար 900 դրամ, «Հայ յեղափոխական դաշնակցությանը»` 4 մլն 91 հազար 700: Խորհրդարան չանցած, բայց պետության հատկացումներից օգտվող կուսակցություններից է «Հայկական վերածնունդը», որին կտրվի 2 մլն 313 հազար 600 դրամ: Փաստորեն, պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 1-ին այցելել էր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, որի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը ընդդիմադիրի կեցվածք ընդունած ՀՎԿ /նախկին ՕԵԿ/ նախագահ Արթուր Բաղդասարյանն է, իսկ ռեկտորը՝ ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Ահա թե ինչի մասին էր վկայում այդ ընթացքում Բաղդասարյանի երջանիկ ժպիտը: