Լուսանկարն արվել է Երեւանում
Այս կատուն վայելում է աշնան արեւի՝ հազիվ տաքացնող ճառագայթները: Տպավորություն է, թե նա սուրճ խմելուց հետո որոշել է պառկել եւ լուռ հետեւել մարդկանց անցուդարձին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ապահովագրական հատուցում ստանալու համար ո՞ւմ պետք է դիմեմ եւ ինչպե՞ս:
Դավիթ Հարությունյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապահովագրական հատուցում ստանալու համար պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցներից որեւէ մեկի Ապահովադիր չհանդիսացող վարորդ-տուժողը իրավունք ունի դիմելու տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած Ապահովագրողին, վերջինի բացակայության դեպքում՝ տվյալ պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած Ապահովագրողներից ցանկացածին՝ տուժողի նախընտրությամբ, իսկ վերջինների բացակայության դեպքում՝ Բյուրոյին: Իսկ եթե տուժողը հանդիսանում է նաեւ Ապահովադիր, նա պետք է հատուցման համար դիմի իր հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը:
Եթե տուժողն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա նրա կամ նրա իրավահաջորդի պահանջով այդ ապահովագրական ընկերությունը պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու համար սույն օրենքով սահմանված գործընթացում, բացառությամբ այն դեպքերի, երբ տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ: Եթե տուժողը եւ վնաս պատճառած անձը ԱՊՊԱ պայմանագիրը կնքել են միեւնույն ապահովագրական ընկերության հետ, կամ եթե տուժողը ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահին հետիոտն կամ ուղեւոր է եւ չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որեւէ ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժողի պահանջով Բյուրոն պարտավոր է անվճար գործել որպես տուժողի ներկայացուցիչ ապահովագրական հատուցում ստանալու գործընթացում:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում տուժողի նկատմամբ, ապա վերջինիս համաձայնության առկայության դեպքում ապահովագրական ընկերությունը իրավունք ունի համապատասխան պարտավորության գումարը հաշվանցել տվյալ տուժողին վճարվելիք ապահովագրական հատուցման գումարից:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ հերթականությամբ են հաշվարկվում երաշխավորված ավանդները:
Սիլվա Մանուկյան (72 տարեկան, կենսաթոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարը հաշվարկելիս առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում են ավանդների հիմնական գումարները (ավանդատուի կամ երրորդ անձի կողմից հօգուտ ավանդատուի բանկին տրամադրված կամ բանկում առկա դրամական գումարը, որը ենթակա է վճարման ավանդատուին, ավանդատուի բանկում բացված հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները եւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները), իսկ երկրորդ հերթին՝ վերը նշված դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսների գումարները:
Եթե ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ ունի խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է բանկային ավանդի եւ խնդրահարույց պարտավորության հաշվարկված դրական պարտավորության հիման վրա:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դրամային ավանդների երաշխավորման առավելագույն մեծությունը 10 մլն դրամ է, իսկ արտարժութային ավանդների երաշխավորման առավելագույն մեծությունը՝ 5 մլն դրամ: