ՕՐԵՆՔ՝ ԱՊՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանը երեկ 86 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրինագիծը: Ինչպես հայտնի է՝ նախագծով էապես սահմանափակվում է ուսումնառության նպատակով տարկետում ստանալու իրավունքը, ինչն էլ դժգոհությունների առիթ էր դարձել. յոթ օր շարունակ պետական բուհերի ուսանողները դասադուլներ, նախօրեին չորս հոգի անգամ հացադուլ էին կազմակերպել: Բայց երեկվանից նրանք դադարեցրին իրենց դասադուլը: Սա այն բանից հետո, երբ հանդիպելով ԱԺ ղեկավարության հետ՝ բողոքի ակցիաների կազմակերպիչները՝ «Հանուն գիտության» զարգացման նախաձեռնության անդամները, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից հավաստիացում են ստացել, որ նոյեմբերի 22-ին կանցկացվի կլոր սեղան-քննարկում, եւ եթե իրենք անառարկելի փաստեր ներկայացնեն, որ օրենքը սխալ է, հնարավոր է եւ փոփոխություններ արվեն: Այլ կերպ ասած՝ իշխանությունները, օգտվելով երիտասարդների անփորձությունից, պարզապես համոզել են գոնե ժամանակավորապես դադարեցնել պայքարը, իսկ այդ դադարից հետո վերսկսվելու դեպքում հազիվ թե բողոքի ալիքը նույն թափը ստանա: Ինչ վերաբերում է օրենքի հիմնավորումներին, ապա իշխանությունների փաստարկները եւս տրամաբանական են, այլ հարց է, թե հայաստանյան իրականության մեջ այն ինչպե՞ս կկիրառվի: Այսինքն՝ խնդիրը օրենքի կիրառման ձեւին է վերաբերում, ինչպես կար մինչ այս:
Բանն այն է, որ ուսումնառության նպատակով ուսանողը տարկետման իրավունքից օգտվել կկարողանա, եթե ՊՆ-ի հետ կնքի պայմանագիր, ըստ որի՝ ուսումնառությունից հետո լեյտենանտի կոչումով, ՊՆ նախանշած վայրում, բայց արդեն երեք տարի կանցնի զինվորական ծառայության: Այս դեպքում դժվար չէ կռահել, թե ինչ է լինելու. չունեւոր ընտանիքների երեխաներին ՊՆ-ն պայմանագիր կնքելով կուղարկի սահման՝ առաջին գծում ծառայելու, իսկ մեծահարուստների կամ պաշտոնյաների զավակներին ՊՆ-ն կուղարկի գլխավոր շտաբ կամ ավելի հանգիստ ծառայության: Ճիշտ այնպես, ինչպես հիմա, պարզապես այսուհետ՝ օրենքի շրջանակներում:

 

 

 

ԱԺ նիստում երեկ քննարկվեց «Ելք» խմբակցության՝ Հայաստանի ավիացիայի ոլորտի վերաբերյալ հարցապնդումը: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից 2013 թվականից կիրառության մեջ մտցված «Բաց երկնքի» քաղաքականությունը ոչ միայն իրեն չարդարացրեց, այլեւ հակառակը՝ վերջնականապես ոչնչացրեց հայկական ավիաընկերություններին: Ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, ավիափոխադրումների շուկայի ծավալները տարեկան հասնում են մոտ 500 մլն դոլարի, որի 53 տոկոսը տնօրինում են ռուսական ավիաընկերությունները: Իսկ հայկական ավիաընկերություն, որպես այդպիսին, փաստացի չկա: Նաեւ սա է պատճառը, որ այսօր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերը շատ ավելի թանկ են, քան հարեւան Վրաստանից: Եւ երեկ «Ելք»-ի անդամները պնդում էին՝ եթե պետությունը քաղաքական մոտեցումը չփոխի, ինչ-որ լուծումներ չտա, ապա հայկական ազգային փոխադրող երբեք չի կարողանա ձեւավորվել եւ զարգանալ, իսկ ռուսների ազդեցությունը մեր ավիափոխադրումների շուկայում գնալով ավելի կավելանա:

 

 

 

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Վայոց ձորի մարզի Շատին գյուղի մի խումբ բնակիչներ բողոքի ցույցեր կազմակերպեցին՝ պահանջելով վերադարձնել իրենց նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանին: Շատինը, ի թիվս 11 այլ գյուղերի, միավորվել է խոշորացված Եղեգիս համայնքի մեջ, եւ նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում այստեղ հաղթել էր միավորված գյուղերից Քարագլուխի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանը: ՀՀԿ-ի կողմից առաջադրված Տիգրան Խուդոյանին սատարում էին Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետ Հարություն Սարգսյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկի» Արսենյանը: Ու ստացվում է, որ մարզպետը եւ ՀՀԿ-ական պատգամավորը պարտվել էին ինքնառաջադրված թեկնածուին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընտրություններից հետո շատինցիների բողոքի թիկունքում կանգնած են հենց Հարություն Սարգսյանը եւ Աշոտ Արսենյանը՝ այդպես փորձելով հայտնվել ՀՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում եւ լուծել իրենց թեկնածուին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները դեռեւս գարնանից մտմտացել են, թե ինչպես լուծեն Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված խնդիրը: Այն հանգամանքը, որ Վանաձորի ավագանին փոքրամասնությամբ նիստ գումարելով՝ ապօրինություն էր գործում, ի սկզբանե ակնհայտ է եղել, բայց մինչեւ ՍԴ-ի՝ անցած ուրբաթ կայացրած հայտնի որոշումը, խնդիրը պաշտոնական արձանագրում չի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որպես խնդրի լուծում դիտարկում են խոշորացման անվան տակ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնելը: Ենթադրվում է, որ առաջիկա երկու ամիսներին Վանաձորի խոշորացման օրենսդրական փաթեթը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Օրենսդրական փոփոխությունից հետո Լոռու մարզպետարանն իրավունք կունենա Վանաձորում ավագանու ընտրություններ նշանակել: Այդպիսով՝ հնարավոր կլինի ՍԴ որոշումը եւս շրջանցել՝ ձեւացնելով, թե ընտրությունները ընդամենը խոշորացումով են պայմանավորված:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ
Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա այցը կարելի է համարել կայացած: Ս. Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցի սկզբում երկու անգամ է շնորհակալություն հայտնել՝ արժանանալով ՌԴ նախագահի փոխադարձ շնորհակալությանը (մեկ անգամ): Իսկ արդեն Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ Սարգսյանը Պուտինի հետ մասնակցել է «ՌԴ-ում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական բացմանը, նա մեկ անգամ «անկեղծ երախտագիտություն» հնչեցրել է անձամբ հենց Պուտինի հասցեին եւ բացի այդ՝ երեք անգամ շնորհակալություն հայտնել:
Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, անդրադարձ է եղել հայ-ռուսական հարաբերություններին, նաեւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին: «Կցանկանայի նշել, որ մեր բոլոր թիմերը լարված աշխատում են մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին ՌԴ կատարած Ձեր այցի ընթացքում: Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում եւ տնտեսական ոլորտում»,- ասել է Պուտինը:
Միայն թե, նկատենք, Սարգսյան-Պուտին հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ այդպես էլ որեւէ խոսք չկար, թե նրանք ԼՂ խնդրի վերաբերյալ ի՞նչ քննարկումներ են ունեցել, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել: Մինչդեռ սա կարելի է համարել հանդիպման առանցքային հարցերից մեկը՝ հաշվի առնելով նաեւ փաստը, որ ՌԴ-ն իր ձեռքն է վերցրել ԼՂ խնդրի կարգավորման նախաձեռնությունը եւ հիմա լուրջ ակտիվություն է ցուցաբերում: Ավելին՝ այս օրերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գտնվում են Մոսկվայում: Նախօրեին նրանց հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը: Իսկ այսօր նույն նպատակով Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը: Իր այցից առաջ Մամեդյարովը նույնիսկ հայտարարել է. «Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները չլինեն հանուն բանակցությունների: Նույնիսկ պահանջում ենք, որ կոնկրետ արդյունքներ լինեն»: Եւ բացի այդ, ինչպես հայտնի է՝ հաջորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Երեւան եւ Բաքու՝ քննարկելու ԼՂ խնդրի վերաբերյալ հարցեր: «Կփորձենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումից հետո»,- ասել էր նա: Այնպես որ, Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ ԼՂ խնդրի շուրջ քննարկումների վերաբերյալ մանրամասները կարեւոր են՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ վիճակում է գործընթացը, եւ արդյո՞ք Սարգսյանի ասած «ցավոտ լուծումները» մոտ են:




Լրահոս