Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները ներկայացրել են 2016թ. դեկտեմբերի 26-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի հիմնական դրույթները: ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ին:
«Նոր մաքսային օրենսգիրքը առավելագույնս համապատասխանեցվել է «Վերանայված Կիոտոյի Կոնվենցիայի» դրույթներին, արդյունքում բիզնեսի համար ստեղծվել են առավել բարենպաստ պայմաններ, ներմուծվել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը, բարելավվել են մաքսային ընթացակարգերը և այլն»,-նշել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը:
Թեմայի արդիականությամբ պայմանավորված՝ աշխատանքային հանդիպմանը, կոմիտեի աշխատակիցներից բացի, ներկա էին նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների և բիզնեսի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են մաքսային ընթացակարգերի, ապրանքների դասակարգման, ծագման և մաքսային արժեքի վերաբերյալ հարցեր: ԵՏՀ փորձագետները գործընկերներին են ներկայացրել որոշ ապրանքատեսակների՝ Մաքսային միության սահմանով փոխադրելու առանձնահատկությունները: Անդրադարձ է եղել նաև մաքսային հսկողությանը, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտին և այլն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին