ԵՎՍ ՄԵԿ ԹԵՐԱԿԱՏԱՐՎԱԾ ԲՅՈՒՋԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական բյուջեն այս տարի եւս կթերակատարվի. հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեի մուտքերը ծրագրվածից բավական քիչ են հավաքագրվել:

2017թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի համաձայն՝ այս տարի եկամուտները պետք է կազմեին 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, որից 1 տրիլիոն 135 մլրդը լինելու էին հարկային եկամուտները: Սակայն նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին կառավարության N 1313-Ն որոշմամբ բյուջեում ճշգրտումներ արվեցին, եւ բարձրացվեց նախանշված շեմը: Ըստ այդմ, բյուջեի եկամուտները 2017թ. համար սահմանվեցին 1 տրիլիոն 327.3 մլրդ դրամ, որից միայն հարկային եկամուտները` 1 տրիլիոն 202.6 մլրդ դրամ:
Եւ ահա, ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հունվար-սեպտեմբեր ամիսների բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ըստ որի՝ բյուջեի եկամուտները 6.8 տոկոս պակաս են հավաքագրվել, իսկ միայն հարկային եկամուտները թերակատարվել են 4.5 տոկոսով: Ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ ինն ամսվա ընթացքում ճշգրտված պլանի համաձայն՝ բյուջե պետք է մուտքագրվեր 952 մլրդ 761 մլն դրամ, որից 875 մլրդ 741 մլն դրամը` որպես հարկային եկամուտ: Բայց պարզվում է` հավաքվել է 888 մլրդ 449 մլն դրամ, որից հարկային եկամուտները կազմել են 836 մլրդ 397 մլն դրամը: Միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 10.5 տոկոսով էլ թերակատարվել են պետական բյուջեի ծախսերը: Բայց եթե ծախսերի թերակատարումը կարելի է մեկնաբանել խնայողության ռեժիմի անցնելու` կառավարության մտադրություններով, ապա եկամուտների թերակատարումն անհասկանալի է հատկապես տնտեսական աճի մասին նրանց պնդումների համատեքստում:
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց` ի՞նչն է բյուջեի եկամուտների թերակատարման պատճառը: «Հարկային եկամուտների մասով մենք ունենք հետեւյալ պատկերը. 2017թ. համար ծրագրել էինք 1 տրիլիոն 135 մլրդ դրամի հարկային եկամուտ: Հետագայում մենք որոշակի փոփոխությունների, համարձակ քայլերի գնացինք՝ ասելով, որ դրա փոխարեն ջանքեր կգործադրենք հավաքագրելու 1 տրիլիոն 197 մլրդ դրամ՝ իհարկե, որոշակի վերապահումներ անելով: Մենք նշեցինք, որ, այո, սա խիստ ռիսկային է, եւ եթե արդյունքում զգանք, որ մեր վարչարարական գործիքները դեռ պատշաճ մակարդակով չենք բարելավվել, եւ կարող է դա հանգեցնել վարչարարության հետեւանքով գերավճարների ձեռքբերման, ապա մենք ձեռնպահ կլինենք ցանկացած գնով գումարը ապահովելուն: Ես մի քանի անգամ շեշտադրել եմ` գումարները պետք է ադեկվատ հավաքվեն այնտեղից, որտեղ կա ստվեր: Եվ, իհարկե, որպեսզի դու կարողանաս ստվերը բացահայտել, պետք է ունենաս համապատասխան գործիքներ: Դրա համար պետք է ռեֆորմներ անել, որքան արվեն այդ ռեֆորմները, այնքան ավելի լավ»,- ասաց Արամյանը: Նրա խոսքերով՝ եթե կառավարությունը ցանկացած գնով ձեռնամուխ լինի բյուջեի` ճշգրտված եկամուտների հավաքագրման, ապա տնտեսության մեջ կլինեն խեղումներ: «Եթե հարկային տեսուչին հանձնարարական ես տալիս` ցանկացած գնով ապահովել հարկերի հավաքագրման այս մակարդակը, ապա դա խիստ վտանգավոր է, կհանգեցնի գերավճարների ավելացման,- նշեց նա` հավելելով,- մենք կգերակատարենք 1 տրիլիոն 135 մլրդ դրամը, իսկ ավելին հավաքագրելու ուղղությամբ մենք կգործադրենք ցանկացած ջանք, բայց միեւնույն ժամանակ խնդիրներ չստեղծելով տնտեսվարողի կյանքի մեջ: Տնտեսվարողն է տնտեսական աճ ստեղծողը, եւ եթե տնտեսվարողը չունենա ընկալումը, որ վարչարարությունն ադեկվատ չէ, ներդրում չի անի»:
Փաստորեն, արձանագրենք` կառավարությունը ոգեւորված իր նախնական հաջողություններով՝ ժամանակին բարձրացրեց նշաձողը` մեծ-մեծ խոստումներով տալով, անիրատեսական ցուցանիշներ նախանշելով, եւ հիմա հայտնվել է փաստի առաջ: Հետաքրքիր է` ի՞նչ իմաստ ուներ բյուջեի եկամուտների նշաձողը այդպես բարձրացնել, եթե ի սկզբանե պարզ էր, որ երկրի տնտեսությունն ի վիճակի չէ դրան. չէ՞ որ Կարեն Կարապետյանը, ստանձնելով վարչապետի պաշտոնը, ինքն էր խոստովանել` տնտեսության վիճակը գտնվում է չափազանց ծանր վիճակում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԱՆԽՆԱ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 14-ից մեկնարկած Ազգային ժողովի լիագումար նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները, իրար հերթ չտալով, սկսել են կոշտ քննադատության ենթարկել վարչապետ Կարեն Կարապետյանին եւ նրա ղեկավարած կառավարությանը: Այս խմբակցության պատգամավորներն առիթը բաց չեն թողնում քննարկումների ժամանակ քննադատական մի քանի խոսք ուղղել կառավարության հասցեին: Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների թիրախում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էր, որ ներկայացնում էր 2018թ. բյուջեի նախագիծը: Նրան ուղղված հարցադրումները զուգորդվում էին սուր մեկնաբանություններով: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ակտիվ էին նաեւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սակայն, պնդեց, թե նորմալ քննարկումներ էին ընթանում: «Ես այդ աստիճանի ագրեսիվություն չեմ զգացել, ես զգացել եմ սուր հարցադրումներ, եւ մեր խնդիրն է`սուր հարցադրումներին տալ ադեկվատ պատասխաններ»,- ասաց նա:

 

 

ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ
ԱԺ երեկվա նիստում կայացած քվեարկություններն ուղեկցվեցին ապօրինությամբ: Բանն այն է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Մուրադ Մուրադյանը քվեարկում էր նաեւ իր «հարեւանի»՝ գեներալ Սեյրան Սարոյանի փոխարեն, որը բացակայում էր նիստից: Եւ արդյունքում «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ քվեարկածներից մեկը Սարոյանն էր, որը դահլիճում չէր: Փաստորեն, չնայած խորհրդարանի ղեկավարության հորդորներին, թե արգելված է բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելը, ՀՀԿ-ականներից ոմանք, այնուամենայնիվ, անդրդվելի են եւ շարունակում են նույն գործելաոճը:

 

 

ԱՊԱՀՈՎՎԱԾ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը թեեւ երկար տարիներ աշխատել է պետական համակարգում, բավական մեծ ունեցվածք է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա ունի երկու բնակարան, մեկ ամառանոց եւ երկու հողամաս: Բացի այս՝ փոխնախարարը մեկ ընկերությունում ունի 427 հազար 800 դրամի բաժնետոմս: Այս պետական պաշտոնյայի դրամական միջոցները կազմում են 48 հազար դոլար, 16 հազար եվրո եւ 8.5 մլն դրամ: Հիշեցնենք, որ Գագիկ Գրիգորյանը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար նշանակվեց այս տարվա մայիսին, մինչ այդ նա նախարարության աշխատակազմի ղեկավարն էր: Հետաքրքիր է` 1998թ. նախարարությունում աշխատող Գրիգորյանն ինչպես է հասցրել այդքան ունեցվածք կուտակել, առավել եւս օրենսդրությամբ արգելված է բիզնեսով զբաղվելը:

 

 

ՄԵԿՆԵԼ Է ԿԱՆԱԴԱ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգներից մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում անցկացվող ՄԱԿ խաղաղարարության նախարարական համաժողովին։ Այս ձեւաչափով անցկացվող համաժողովը խաղաղարարությանը նվիրված խոշորագույն հավաքն է, որին մասնակցում է շուրջ 80 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ։ Մինչ համաժողովի բացման արարողությանը մասնակցելը, հայկական պատվիրակությունը Վանկուվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։

 

 

 

ԱՍՏՎԱԾ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾ
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց է ուղղել: Նա նախ մեջբերել է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին Կարեն Կարապետյանի խոսքերից եւ ասել. «Մենք բոլորս, նաեւ Սերժ Սարգսյանը մարդ է, համենայնդեպս, ԱԺ-ում շրջանառության մեջ դրված չէ Սերժ Սարգսյանին որպես Աստված հռչակելու մասին օրենքի նախագիծը: Աստված բոլորին երկար կյանք տա, բայց եթե մարդուն մի բան պատահեց, դուք մտածում եք՝ «ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»: Հետո Փաշինյանը հարցրել է՝ եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, արդյոք սա դավադրությո՞ւն է մեր ազնիվ ցեղի նկատմամբ: Կարեն Կարապետյանը պատասխանել է, որ ինչ ասել է ՀՀ առաջին դեմքի հետ կապված, ասել է, որ ՀՀԿ-ն կորոշի:

 

 

 

ՉՈՒՆԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից հետաքրքրվել է, թե Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հետ կապված ի՞նչ նախադրյալներ կան: Ի պատասխան՝ Գ. Մինասյանը նախ ասել է, որ երկաթգծի շինարարությունը պետք է տնտեսապես ձեռնտու լինի. «Կան երկրներ, որ իրականացնում են նման շինարարություններ՝ զուտ քաղաքական տեսակետից, Հայաստանը չունի այն հնարավորությունները, որ իր միջոցներով այդպիսի քաղաքական ծրագրեր իրականացնի: Տնտեսական առումով, ցավոք, հաշվարկներն այնպիսին են, որ երկաթգծի հետ կապված այդ մեծ ներդրումները չեն կարող ապահովել այն տնտեսական եկամուտները, որոնք կարող են ծածկել այդ ծախսերը»:

 

 

ՉԵ՞Ն ՇՓՎՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով լուրերին, թե ինքն ու վարչապետ Կարեն Կարապետյանը միմյանց հետ չեն շփվում, նշել է. «Իմ եւ Կարեն Կարապետյանի միջեւ ոչ մի խնդիր չկա, այն, ինչ ներկայացվում եւ տպվում է, իրականության հետ կապ չունի: Ես, համենայնդեպս, չգիտեմ՝ որտեղից են վերցնում: Դրա փոխարեն թող օգնեն մեզ, շրջակա միջավայրը ավելի բարելավենք»,-ասել է նախարարը:




Լրահոս