«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ հետախուզման ոլորտում առկա բացթողումների համար պատասխանատուն միայն ոստիկանությունը չէ:
-Պարո՛ն Սարգսյան, հոկտեմբերի 23-ին Սերժ Սարգսյանը ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ անդրադարձել էր ոլորտում առկա խնդիրներին՝ մասնավորապես նշելով, որ հետախուզվող անձանց հայտնաբերումը հանցավորության դեմ պայքարում դեռ լուրջ խնդիր է մնում: Այս հայտարարությունից 22 օր անց ՀՀ գլխավոր դատախազությունը հետախուզման ոլորոտում ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պարտականությունները չկատարելու եւ պետության օրինական շահերին վնաս պատճառելու առթիվ հարուցել էր քրեական գործը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է թերանում ոստիկանությունը:
-Մնում է՝ հետախուզվողների թիվը կապեք ոստիկանության հետ, որին ես դեմ եմ եւ համաձայն չեմ: Կներեք, այսօր տեսնելով ոստիկանության աշխատանքը՝ ամեն դեպքում հակված եմ պաշտպանելու, ո՛չ թե հանիրավի, ո՛չ թե ձեւական բնույթ են կրում իմ խոսքերը, այլ կարծում եմ, որ ոստիկանությունը անում է ամեն ինչ, ինչը իր իրավասությունների սահմաններում է:
-Փաստ է, որ Սերժ Սարգսյանը ոլորտում խնդիր է տեսնում, եւ հիմա էլ հետախուզվողներին չհայտնաբերելու կամ ինչ-ինչ շահագրգռածությունից ելնելով՝ քննիչներին չներկայացնելու մասով հարուցվել է քրեական գործ, ու թիրախում ոստիկաններն են: Ինչո՞ւ հենց Սերժ Սարգսյանը բարձրաձայնելուց հետո ոլորտի պատասխանատուները սկսեցին մեղավորներ փնտրել:
-Գիտեք ինչ, իմ կածիքով նախագահը ամենաշատ ինֆորմացված մարդն է մեր երկրում, ամենաշատ տեղեկությունը իրեն են հայտնում, ամենաշատ վերլուծական ամբողջ նյութը նախագահին է ներկայացվում: Նա նկատել է, որ այս ոլորտի նկատմամբ առավել շատ մեծ ուշադրություն է պետք, եւ ոստիկանության ուշադրությունն է հրավիրել: Ես դրա մեջ որեւիցե արհեստածին, զարմանալի էլեմենտ չեմ տեսնում: Նախագահը զգուշացրել է, համոզված եմ, որ նախագահի զգուշացնելուց հետո ավելի ուշադիր կլինեն, եւ աշխատանքներում ինքներդ կտեսնեք, որ ավելի բարելավում կլինի:
-Զգուշացնելուց հետո քրեական գործ է հարուցվում, ու թիրախում ոստիկաններն են: Հիմա միայն ոստիկանների՞ թերացման արդյունքն է, թե՞ կան միջգերատեսչական տարաձայնություններ, որ նման պատկեր ունենք:
-Իհարկե, ոչ միայն այս գերատեսչությունների, ոչ միայն ոստիկանության, այլեւ հասարակության խնդիրն է: Երբեւիցե տեսե՞լ եք, որ հասարակության կողմից ահազանգ լինի, որ այս հետախուզվողը գտնվում է այսինչ հասցեում, դա լինում է շատ հազվագյուտ: Միգուցե պաշտպանվածության խնդիր կա, միգուցե ազգային մենթալիտետի խնդիր կա: Տեսեք, իրազեկվածության օրենքը, որ ընդունվում էր, ինչ խնդիր եղավ, դա վերագրեցին որպես գործ տալ: Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում եթե սիգարետը պատուհանից դուրս գցեցին, անմիջապես զանգահարում են ոստիկանություն, գիտեք՝ սա մեր մոտ ինչ վերնագիր կստանա, եթե դա մեր մոտ փորձ անեն ասել: Կամ, ասենք, հարեւանը տեսնի՝ մյուս հարեւանը ինչ է անում, որը անընդունելի է, ու զանգահարի ոստիկանություն, հարեւանին երեւի կվտարեն կամ կդարձնեն ազգի թշնամի, մեզ մոտ, ցավոք, այդ դրվածքը կա: Իսկ համագործակցության առումով ոստիկանությունը միշտ է համագործակցել մյուս ծառայությունների, նույն դատախազության հետ, նույն քննչական ծառայության հետ: Չեմ կարծում, որ ոստիկանությունը խոչընդոտի այդ համագործակցությունը: Սակայն եթե հետախուզման ոլորտում խնդրի մասին բարձրաձայնվել է ոչ միայն ոստիկանության, նույն դատախազության, նույն քննչական ծառայության, նույն մնացած կառույցների խնդիրն է: Նույն քննիչը չէ՞, որ ինքն է որոշում կայացնում արդյունքում, ինքը, բնականաբար, պետք է իր քրեական գործի շրջանակներում հետամուտ լինի, որ ոստիկանությանն ուղղորդի, փորձի այդ շրջանակներում ասել, որ հնարավոր է՝ այստեղ է: Բայց ով ինչ ասի, ես ոստիկանության աշխատանքը նսեմացնել չեմ կարող, որովհետեւ դա կլինի անարդար, քանի որ այդ մարդկանց աշխատանքը ես ամեն օր եմ տեսնում, եւ դա ինձ հասկանալի է: Ի վերջո, արդյունավետությունն էլ չի կարող լինել հարյուր տոկոս, դա հնարավոր չէ, ոչ մի ոլորտում: 100 տոկոսանոց արդյունավետություն չի լինում, սա բիզնես չի, որ 10 դրամ դրեցիր, 12 դրամի ակնկալիք ունենաս, ոստիկանության աշխատանքը չի առնչվում այդ հաշվարկի հետ, հնարավոր է՝ շատ աշխատանքներ անեն, շատ ուժերի ներդնում լինի, արդյունավետությունը լինի 20-30 տոկոս: 100 տոկոս արդյունավետություն երբեք մի ընկալեք, նրանք գործ ունեն մարդու հետ, մարդու հետ նման ակնկալիքները տեղին չեն:
-Հետախուզման ոլորտում իրավիճակը փրկելու համար դրամական պարգեւների մասին է հայտարարվում: Օրինակ՝ «Կոնվերս բանկի» գործով մեկ անձ հետախուզվում է՝ 200.000 դոլար բանկից հափշտակելու համար, ու նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունը հայտնելու դեպքում խոշոր դրամական պարգեւ է խոստանում: Սա որքանո՞վ է օգնում գործին:
-Ոստիկանությունը ինչ-որ որոնումներ ունի` ինչ անել, որ ավելի արդյունավետ լինի, միգուցե գումար էլ առաջարկի: Ամբողջ աշխարհում դա ընդունված մի ձեւ է, բայց սա չէ հարցի լուծումը:
-Այդ դեպքում որտե՞ղ է խնդիրը:
-Հարցի լուծում ժողովուրդի ինքնագիտակցության մեջ վերջնական ամրագրվի, որ օրենքին հակառակ մի բան կատարողը, որը թույլ է տվել այդ չարաշահումը, հասկանա, որ ինքը կհայտնվի հասարակության ուշադրության կենտրոնում, ինչու չէ, կհասնի մինչեւ այն մարմինների տեսադաշտ, որտեղ այսպես, թե այնպես պետք է լիներ: Այդ վստահությունը, որ ոչ մեկ այդ մասին ոչինչ չի ասի, ինչ անի, որեւէ մեկը դիտողություն չի անի, բերում են այսպիսի երեւույթների:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՀՐԱՀԱՆԳ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ
ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի՝ Լեւոն Արազյանի մտերիմները վաճառքի են հանել նրան պատկանող բիզնեսները:
Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհի վրա է գտնվում «Չոռնի Անգել» գիշերային ակումբը, որը ըստ լուրերի՝ պատկանում է դատավորի հորը՝ Ռուբեն Արազյանին: Վերջինիս կնոջը՝ Կարինե Միքայելյանին են պատկանում «Beaty Ri Ki Salon»-ը, «Գալստյան Մարիաննա» ԱՁ-ն, որը հաշվառված է Մասիսում եւ զբաղվում է դեղատներում մանրածախ առեւտրային գործունեությամբ, ըստ լուրերի՝ «Ներսիկ» արտադրական կոոպերատիվը եւս Ռուբեն Արազյանին է պատկանում, եւ այսպես շարունակ: Եվ ահա մարզում, տարածված լուրերի համաձայն, Արազյանի հարազատները վաճառքի են հանել նրան պատկանող գույքը, որպեսզի թերեւս կարողանան օգնել դատավորին՝ գրավի դիմաց ազատ արձակելու համար: Սակայն մինչ օրս փորձերը անցնում են ապարդյուն: Վերջինիս պաշտպանը հիմա էլ ՀՀ վերաքննիչ դատարան է դիմել, որ նրա խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավով, սակայն դեռես ՀՀ վերաքննիչը որոշում չի կայացրել:
ՓՈԽԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԵՏ
Իրավապահները ՊՆ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ մեկը մյուսի հետեւից հետախուզումներ են հայտարարում: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2008թ. մայիսի 14-ի թիվ 584 հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից բնակարան գնելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացում արձանագրվել են չարաշահումներ: Մասնավորապես զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքները կաշառք տալու հարցի շուրջ համաձայնություն են ձեռք բերել ՊՆ իրավասու պաշտոնատար անձի հետ, որպեսսզի իրենց գործը առաջ տանեն:
Արդյունքում՝ նշված հանձնաժողովի կողմից տարբեր անձանց օգտին կայացվել են որոշումներ, եւ առանձնապես խոշոր չափի կաշառքներ են փոխանցվել հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ.Հարությունյանին:
Նախաքննությամբ բացահայտվել է, որ մի դեպքում կաշառքը թողել են ավտոմեքենայի սրահում, մեկ այլ դեպքում՝ փոխանցել միջնորդի միջոցով:
5 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից մեկի՝ հանձնաժողովի քարտուղար, ՊՆ բաժանմունքի պետ Կ. Հարությունյանի (ներկայումս՝ նախկին պետ) նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նկատենք, որ 2017 թվականի ընթացքում ՊՆ երկրորդ պաշտոնյայի նկատմամբ է, որ հետախուզում է հայտարարվում: 2017 թվականի ապրիլից հետախուզում է հայտարարվել ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ, փոխգնդապետ Արսեն Ղարիբջանյանի նկատմամբ, եւ 7 ամիս է անցել, սակայն նրան դեռ չեն գտել:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ
Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը դեռեւս հանրային քննարկման փուլում է, սակայն կառավարությունը մի շարք օրենքներում արդեն իսկ փոփոխություններ է նախատեսում, որոնք կքննարկվեն վաղը կառավարության նիստում: Ընտանեկան օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը կներկայացնի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Սահմանվել է, թե որ դեպքերում են ծնողական իրավունքներից զրկում: Օրինակ՝ ծնողը կարող է զրկվել ծնողական իրավունքներից, եթե «տառապում է քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ, ունի քրոնիկ անբուժելի հոգեկան հիվանդություն, դաժանաբար է վարվում երեխայի հետ, մասնավորապես պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, հոգեբանական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, այն է՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը»:
ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, տեղի է ունեցել պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով առանձին վարույթով դատական նիստը: Այս մասով քննվում են մեղադրյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի գործերը: Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը ՊՊԾ գնդի գրավման երեք վարույթով գործերը մեկ վարույթով միացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարանին: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մակյանը նշել է, որ դատարանը որոշել է մերժել պաշտպան Ալումյանի կողմից ներկայացված միջնորդությունը: