ԲԱՐԵՐԱ՞ՐՆ Է ՓՈՂՈՑՈՒՄ ԹՈՂԵԼ ԸՆՏԱՆԻՔԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի եւ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում Հույսի Ավան թաղամասում սոցիալապես անապահով ընտանիքը երկու օր է` գիշերում է փողոցում:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած Կարինե Եգորյանը պատմեց, որ իրենց տնից «դուրս հանելու» պատճառը կուտակված կոմունալ պարտքերն են ու ընտանեկան վեճերը: Ինչը, ըստ Կարինեի, խիստ զայրացրել է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին: Իսկ ընտանեկան վեճերի պատճառն այն է, որ Կարինեի ամուսինը երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել: Ի դեպ, դրսում հայտնված ընտանիքը երեկ երեկոյան ուզում էր գիշերել Հանրապետության հրապարակում, սակայն ոստիկանները «համոզել են» գիշերն անցկացնել Հույսի Ավան թաղամասի փողոցներում:

Մեզ հայտնի դարձավ, որ «Ազդարար բացահայտ լուրեր» խմբագրության տնօրեն Աննա Էլոյանը ինքնավնասում կատարած 14-ամյա Արսեն Խաչատրյանին տարել է իր տուն:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարինե Եգորյանն ունի երկու որդի` 14 եւ 15 տարեկան: Կարինեի պատմելով՝ նախօրեին ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ընտանիքի անդամներին «տանից դուրս են հանել»: «ԴԱՀԿ-ի աշխատողները եկան ու բռնի ուժով ինձ եւ իմ երեխաներին տանից դուրս հանեցին, ինձ եւ իմ երեխաներին ծեծել են: Ամբողջ իմ եղած-չեղածը դրսում շպրտածա: 14 տարեկան տղաս առողջական խնդիրներ ունի, այդ տունը իր համար են հատկացրել, ԴԱՀԿ աշխատողներին ասաց` եթե մի բան տանից դուրս հանեք կամ մամայիս, եղբորս, ես իմ երակները կկտրեմ: Ու բրիտվա էր մոտը, որտեղից էր գտել այդ պահին… կտրեց: Ինքը` ԴԱՀԿ աշխատողը, շտապօգնություն կանչեց: Բայց չնայած սրան` մենք գիշերն անցկացրեցինք փողոցում»,- լացը հազիվ զսպելով՝ պատմեց Կարինե Եգորյանը:


Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թվականին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ժպիտը դեմքին, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանի հետ միասին Հույսի Ավան թաղամասի առանձնատների բանալիներ էր հանձնում սոցիալապես անապահով ընտանիքներին: Իսկ այսօր արդեն մահակներով նրանց տներից դուրս են նետում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ
Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Տավուշի մարզի ոստիկանության բաժինները անցել են ուժեղացված ծառայության: Ոստիկանության բաժինների շենքերի մուտքերի մետաղյա դռները հսկում են ինքնաձիգով զինված ոստիկաններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուժեղացված հսկողության անցնելու պատճառն այն է, որ առաջիկայում սպասվում է «Սասնա ծռեր» զինված խմբի դատավճռի հրապարակումն ու դատավարության ավարտը: Մտավախություն կա, որ այդ խմբի կողմնակիցները դատավճռից հետո կարող են գրոհել եւ գրավել ոստիկանության որեւէ բաժանմունքի շենք, ինչպես «Սասնա ծռեր» խմբի անդամները Երեւանում գրավեցին ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի շենքը:

 

 

 

ՎԹԱՐ «ԲԵՄԱԴՐԵԼՈՒ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեձոր գյուղի բնակիչներ Խաչատուր Սուսլյանը եւ Յուրիկ Մելքումյան՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դատավարության շրջանակներում հայտնվել են մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Խաչատուր Սուսլյանը եւ Յուրիկ Մելքումյանը մեղադրյալի աթոռին են հայտնվել այն բանի համար, որ փորձել են վթար բեմադրել եւ, որ ամենակարեւորն է, շատ վատ են այդ ամենը կազմակերպել: Այսպես՝ 2017թ. փետրվարի 1-ին Խաչատուր Սուսլյանը վնասել էր իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վերանորոգման գումարը՝ 752 հազար դրամ, ապահովագրական ընկերությունից ստանալու նպատակով նա համաձայնության էր եկել իր համագյուղացի Յուրիկ Մելքումյանի հետ եւ 2017թ. փետրվարի 6-ին վթար են կազմակերպել: Իսկ ավելի կոնկրետ՝ այնպես են ներկայացրել, թե իբր Յուրիկ Մելքումյանին պատկանող «ԳԱԶ 2507» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լեքսուսին»: Սակայն նրանց կամքից անկախ    հանգամանքներում ամեն ինչ պարզվել է, եւ համագյուղացիներն այսօր հայտնվել են մեղադրյալի աթոռին: Խ. Սուսլյանին եւ Յու. Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Խարդախության փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով): Այդ հոդվածը նախատեսում է 500 հազար դրամ տուգանքից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով տուգանք կամ 2-ից 5 տարի ազատազրկում: Այգեձորցիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս