ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի Աբովյան փողոցում

Այս երկու ավտոմեքենաներն էլ կարգազանց են. նրանք կայանել են ՀՀ ոստիկանության պոլիկլինիկայի հարեւանությամբ՝ մայթի վրա: Ե՛ւ «Տոյոտան», ե՛ւ «Լեքսուսը» խանգարում են անցորդներին: Առավել թանկարժեք «Լեքսուսը» տեսախցիկների աչքից վրիպելու համար այցեքարտով փակել է համարանիշի մի թիվը:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ծառերի էտը տարվա ո՞ր եղանակին է նպատակահարմար կատարել:

Սուրեն Դանիելյան (62 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պտղատու ծառերի էտը պետք է կատարել դրանց հանգստի շրջանում: Էտի կատարման ժամկետները կախված են տեղի կլիմայական պայմաններից: Արարատյան հարթավայրում խնձորենին, տանձենին, ծիրանենին, սալորենին եւ բալենին կարելի է էտել փետրվարի երկրորդ կեսին` օդի դրական ջերմաստիճանի դեպքում, իսկ դեղձենին խորհուրդ է տրվում էտել մարտի սկզբին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պտղատու ծառերի էտի եւ ձեւավորման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման, ոռոգման, հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Էտը, ըստ կատարման ժամկետի, լինում է ձմեռային եւ ամառային: Ձմեռային էտը կատարում են այն շրջաններում, որտեղ խիստ ցրտեր չեն լինում, կամ էտը կատարում են ուժեղ ցրտերից հետո: Ամառային էտի նպատակն է կարճացնել եւ նոսրացնել կանաչ շիվերը եւ հոռաշիվերը:

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ բոլորն իրավունք ունե՞ն օգտվելու մանկավարժական մասնակի կենսաթոշակից, թե՞ ոչ: Ո՞ւմ է տրվում այդ կենսաթոշակը: Ընդհանրապես ի՞նչ է իրենից ենթադրում մասնակի կենսաթոշակը:

Գրետա Եղիազարյան (56 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Եղիազարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: Մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնագիտական աշխատանքային ստաժին համամասնորեն:
Միաժամանակ հայտնում ենք, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակի կենսաթոշակ տրվում է թատերական եւ թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Նշենք նաեւ, որ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելիս հիմք է ընդունվում տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող 25 տարվա աշխատանքային ստաժը:




Լրահոս