Այգեստանի դպրոցի անձնակազմն՝ ընդդեմ տնօրենի. գյուղապետը խորհուրդ է տալիս համբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Այգեստան գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը տեւական ժամանակ է, ինչ դժգոհում են տնօրեն Լեյլի Մանուկյանի գործելաոճից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այգեստանցիները հայտարարեցին, որ իրենց դժգոհության պատճառը տնօրենի կոպիտ վարքագիծն է: Դպրոցում, ի նշան բողոքի, անգամ դասադուլ է կազմակերպվել: Այգեստանի դպրոցն ունի 292 աշակերտ: Իսկ Լեյլի Մանուկյանը մոտ երկու տարի է, ինչ դպրոցի տնօրենն է:

Դպրոցի ուսուցիչների մեծ մասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին` պատմելով, որ տնօրենն իրենց ամեն պատեհ-անպատեհ առիթի նկատողություն է անում: Նրանք խուսափում են ներկայանալ, քանի որ վախենում են աշխատանքից ազատվելուց:

Ուսուցիչների դժգոհությունը «Ժողովուրդ»-ը փոխանցեց Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանին: Նա անդրադառնալով տնօրենի վերաբերյալ բարձրացված հարցին՝ մեզ հետ զրւյցում հայտարարեց. «Իրոք, ինքը էությամբ կոպիտ մարդ է: Բայց ես Ձեզ ասեմ, որ շատ լավ աշխատող է: Ամենայն ազնվությամբ եմ ասում՝ ինքը լավ տնօրեն է: Միայն իր պահանջկոտությունը շատ մարդկանց մոտ խնդիր է առաջացնում: Սա է խնդիրը: Ո՞ւմ դուր կգա, որ իրենից անընդհատ պահանջեն լավ աշխատել: Ինքը նախորդ անգամ վերընտրվեց դպրոցի տնօրենի պաշտոնում, իսկ ես պաշտպանեցի իր թեկնածությունը: Բայց նրա հակառակ կողմը, որին չպաշտպանեցի, մինչեւ այսօր ինձ բարեւ չեն տալիս»:

Գյուղապետը նաեւ ասաց, որ Լեյլի Մանուկյանը 5-6 ամսից թոշակի է անցնելու, ինչից հետո դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է մնալու: «Թող համբերեն դժգոհողները, ինքը 5-6 ամիս հետո թոշակի կգնա: Հիմա մեր գյուղապետարանն էլ ընդդեմ մի շարք գյուղացիների դատարան է դիմել եւ պահանջել վճարել հողի հարկերը, ինձ էլ պետք է ասեն՝ վատն եմ, կոպիտ գյուղապետ եմ: Բայց ես գնում եմ մարզպետարան, ինձնից են պահանջում, չէ՞»,- արդարացավ գյուղապետը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել նաեւ դպրոցի տնօրեն Լեյլի Մանուկյանի հետ, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս