
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ռուսական «ВИС» շինարարական ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։ Ընկերության փոխտնօրենը ներկայացրել է իրենց գործունեությունը, իրականացրած նախագծերը և ընդգծել, որ ունեն Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնելու բավարար միջոցներ, փորձ և ցանկություն։
Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները։ Ներկայում բանակցություններ են ընթանում մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ։ Ռուսական «ВИС» ընկերությունը նույնպես հետաքրքրված է այս ծրագրի իրագործմամբ։ Նախագիծը դեռ քննարկման փուլում է, յուրաքանչյուր հետաքրքրված ընկերություն ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնելու է իր առաջարկն ու պայմանները։ Նախարարն առաջարկեց նույն սկզբունքով համագործակցել նաև «ВИС»-ի հետ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն