Ավանդույթները պահպանվում են. ՀՀԿ-ականները կրկին բացակա էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Սպասվածի համաձայն՝ նիստից կրկին բացակայում էին ՀՀԿ-ական պատգամավորներից երեքը՝ Աշոտ Արսենյանը, Արտակ Սարգսյանն ու Արկադի Համբարձումյանը, ովքեր հանձնաժողովի ձեւավորման առաջին իսկ օրվանից նիստերին չեն մասնակցել:

Ինչպես հայտնի է՝ նիստերից բացակայելու համար պատգամավորների աշխատավարձերից պահումներ են կատարվում, եւ վերը նշված պատգամավորներից նախորդ ամիսներին նման պահումներ արդեն իսկ կատարվել են: Սակայն, ինչպես երեւում է, այդ հանգամանքը նրանց այնքան էլ չի հուզում, եւ բացակայությունները շարունակվում են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե պատշաճ կարգով նշված պատգամավորների բացակայությունների մասին տեղեկանքը կներկայացվի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի աշխատավարձերից կրկին պահումներ արվեն:

Հիշեցնենք, որ ի սկզբանե այս հանձնաժողովի անդամ էր նաեւ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանը, սակայն Նաիրա Զոհրաբյանի դիտողություններից նեղսրտել էր եւ լքել հանձնաժողովը: Այժմ վերջինս տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ է եւ շարունակում է բացակայել նաեւ այդ նիստերից:




Լրահոս