Գտել են պայմանագրային զինծառայողի էլեկտրոնային քարտն ու գողացել գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայողներ Դավիթ Ղուկասյանին եւ Ալեքսանդր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. հուլիսի 30-ին իրենց ծառայակից պայմանագրային զինծառայողի էլեկտրոնային քարտի միջոցով նրա հաշվեհամարում եղած գումարները գողացել են: Նրանք իրենց զորամասի թեյարանի հարակից տարածքից գտել են պայմանագրային զինծառայող Այգավարդ Թուխտարյանին պատկանող «Հայբիզնեսբանկ ՓԲԸ»-ի կողմից տրամադրված էլեկտրոնային քարտը եւ գաղտնաբառը:

Այնուհետեւ նույն բանկի՝ զորամասի շտաբի մասնաշենքում գտնվող բանկոմատից ստացել են Ա. Թուխտարյանի հաշվեհամարում եղած 80 հազ. դրամը եւ կիսել 2 հավասար մասի: Այս արարքի արդյունքում Դ. Ղուկասյանին եւ Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով): Այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է 500 հազ. մինչեւ 1 մլն դրամի տուգանք, կամ 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկում: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրգործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է նոյեմբերի 30-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս