«Բեռնարդ շոու» ծրագրի հայտնի հաղորդավար, հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանը, ում նախկինում ամենատարբեր ծրագրերի շրջանակում տեսնում էինք հեռուստաէկրաններին, տեւական ժամանակ է՝ եթերում չի երեւում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, որ ստեղծագործական կյանքի այս փուլում զբաղված է սցենարներ հեղինակելով:
Արմենը «Քիթ-քաթ», «Մեկը վերեւից» ներկայացումների սցենարի համահեղինակն է, «Գլամուրային չոբանները», «Խառը տոլմա» ներկայացումների սցենարի հեղինակը: «Ժողովուրդ»-ը հումորիստի հետ զրուցել է նրա ներկայիս գործունեության, հետկադրային տրամադրության, Արտյոմ Մարկոսյանի հետ համագործակցելու հնարավորության, «7 ու կես» ներկայացման եւ այլ թեմաների շուրջ:
-Արմե՛ն, ինչո՞ւ էկրաններին չեք երեւում, առաջարկներ չե՞ք ստանում, թե՞ պարզապես նման ցանկություն չունեք:
-Ես հիմա հանդես եմ գալիս որպես սցենարիստ եւ պրոդյուսեր (թեպետ դեռեւս 1993-ից առաջին սթենդ-ափ շոուների սցենարի հեղինակն եմ եղել), աշխատում եմ գերծանրաբեռնված գրաֆիկով՝ միանգամից երեք նախագծի վրա: Ինձ մոտ հիմա, այսպես ասած, հետկադրային տրամադրություն է:
-Արտյոմ Մարկոսյանի հետ համագործակցության հնարավորություն էլի կլինի՞, Դուք նման ցանկություն ունե՞ք:
-Միգուցե եւ լինի, ոչինչ չի բացառվում: Մենք այն հազվագյուտ հեռուստազույգերից ենք, որ իրար հետ չենք կռվել, խնդիր չունենք: Կարծում եմ՝ թթվածինը կհերիքի, որ կրկին եթերում լինենք, բայց պետք է, որ մեզ արվի անկեղծ առաջարկ՝ ժամանակի պահանջներին համապատասխան:
-Այսինքն՝ նոր մոտեցում եւ ռակուրս եք ուզո՞ւմ: Այն, ինչ ներկայացվում է շուկայում, գուցե Ձեզ չի՞ բավարարում:
-Մենք ընդհանրապես չենք էլ մտածում եթերում լինելու մասին: Հեռուստաշոուի բնագավառում մենք արել ենք առավելագույնը, իրականացրել ենք բաներ, որոնք կարող են կրկնվել, օրինակ, «Ուրգանտի մոտ»: Չեմ ասում՝ ինքն է մեզնից վերցրել, բայց կան բաներ, որոնք մենք ավելի վաղ արել ենք: Հիմա շոու քիչ են անում, շատ ծրագրեր նայում ենք, ասում ենք՝ մենք սա արել ենք: Եթե որեւէ ծրագիր մեկնարկելու լինենք, մեր ամենամեծ մրցակիցը մենք ենք լինելու: Պետք է աշխատենք չկրկնել այն, ինչ արել ենք տարիներ առաջ, շաբաթը հինգ օր, ուղիղ եթերում: Ամեն դեպքում, հիմա ես էլ, Արտյոմն էլ ծանրաբեռնված ենք, զբաղվում ենք համերգներ կազմակերպելով:
-Այս հարցն ավելի վաղ ուղղել եմ նաեւ Արտյոմ Մարկոսյանին, բայց կցանկանայի լսել նաեւ Ձեր տեսակետը: «7 ու կես» հումորային ներկայացումը տարիներ առաջ մեծ ընդունելություն գտավ հանրության շրջանում: Հնարավո՞ր է կրկին միավորվեք եւ 8-ով ներկայանաք հանդիսատեսին:
-Չեմ կարծում, թե էլի նման բան կլինի՝ բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Պետք է երեւույթներին ռեալ նայել, առանց վարդագույն ակնոցի: Ամեն դեպքում, եթե նման հնարավորություն ընձեռվի, ես միայն ուրախ կլինեմ: Բայց եթե միասին ներկայանանք, այս պարագայում եւս նոր մոտեցում է պետք: Միայն տարիքը գրիմի միջոցով թաքցնելը չէ, թարմ մատուցում է անհրաժեշտ: Այս պարագայում եւս կա մի ցավալի փաստ. եթե նույնիսկ որեւէ բան անելու լինենք, չգիտենք՝ ում պետք է որպես մրցակից ընդունենք: Եթե «7 ու կեսի» թիմը նորից միավորվի, ումի՞ց պետք է լավը լինի: Նմանատիպ շոուներ անում են, բայց էլի այս թիմի անդամները՝ առանձին-առանձին: Այնպես որ, նշաձողը չկա: Եթե դա լիներ, ավելի հետաքրքիր կլիներ դաշտում գործելը:
Անի Անտոնյան