«Եվրատեսիլն» ազդում է իմ առողջության վրա. Էմմա Ասատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին Երգի պետական թատրոնում տեղի կունենա Էմմա Ասատրյանի մենահամերգը: «Ժողովուրդ»-ը երգչուհու հետ զրուցել է հանդիսատեսին սպասվող անակնալների, երեխայի ծնունդից հետո ասպարեզ վերադառնալու եւ եվրատեսիլյան թուհուբոհի մասին:

-Էմմա՛, արդեն հայտնի է Ձեր մենահամերգի օրը: Կպատմե՞ք ինչպես եք ծրագրում այն անցկացնել:

-Ասեմ, որ սպասվում է կենդանի նվագակցությամբ մենահամերգ: Կլինի երկու երգի պրեմիերա. մեկը օրորոցային գործ է, մյուսը սիրային թեմայով է, կոչվում է «Մեղավորը ես եմ»: Երկու երգերի թե՛ երաժշտության, թե՛ խոսքերի հեղինակը ես եմ: Հանդիսատեսի արձագանքից արդեն պարզ կդառնա, թե որ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանեմ: Համերգին ներկա կլինեն նաեւ հատուկ հյուրեր՝ Ֆորշը եւ Միքայել Ոսկանյանը: Ֆորշի հետ կկատարենք մեր զուգերգը, որը կոչվում է «Հեռու հեռվում»: Հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու իմ հին երգերը, օրինակ՝ «Շիկահեր եւ կարճատեսը», «Ելակը»՝ արդեն նոր մատուցմամբ: Կարծում եմ՝ ցանկացած երգչի համար մենահամերգը շատ լուրջ բան է: Ի դեպ, ասեմ, որ ինձ հետ բեմում լինելու է նաեւ «Աերա» պարային խումբը:

Կարծես թե Ձեր երեխայի ծնունդից ավելի քան մեկ տարի անց վերադարձել եք ասպարեզ, այո՞։

-Երեխաս արդեն բավական ինքնուրույն է, գնում է մանկապարտեզ: Կարծում եմ՝ սիրելի աշխատանքի համար ժամանակ գտնել միշտ էլ հնարավոր է, կարեւորը ցանկությունն է: Իսկ ինչ-որ լավ բան անելու ցանկություն ինձ մոտ միշտ էլ կա: Ես գիտեմ, որ կան մարդիկ, որոնք սիրում են իմ աշխատանքը, եւ դա ոգեւորում է ինձ: Այս տարի ես ասել եմ. «Ուզում եմ գնալ երգի» (ծիծաղում է), այսինքն՝ ակտիվացնել գործունեությունս, մի քիչ ավելի շատ եգել:

-Ձեր ամուսնու՝ երաժիշտ, դուդուկահար Էմմանուել Հովհաննիսյանի հետ հնարավո՞ր է առաջիկայում համատեղ ներկայանաք:

-Ժամանակ առ ժամանակ նման մտքեր լինում են, բայց երկուսս էլ չենք սիրում, օրինակ, ֆոլկն ու ջազը միքսել. այդ դեպքում ե՛ւ մեկն է տուժում, ե՛ւ մյուսը: Փոխարենը մենք ունենք ուրիշ միտք՝ վոկալը որպես գործիք օգտագործելու հետ կապված: Այսինքն՝ բեմում լինի բենդ, հնչի դուդուկ եւ վոկալ՝ որպես գործիք: Բայց, կարծում եմ, այս մոտեցումը հայաստանյան ունկնդրին հազիվ թե հետաքրքրի, այն կարող է արտերկրի հանդիսատեսին գրավել:

-Ձեր սաներից երեքը՝ Մոնիկա Ավանեսյանը, Բեթթին, Դալիթան, մասնակցել են «Մանկական Եվրատեսիլին» ու հաջողություններ են ունեցել: Այս տարի հետեւեցի՞ք մրցույթին, Միշայի կատարումը հավանեցի՞ք:

-Ճիշտն ասած՝ չստացվեց հետեւել, բայց դիտել եմ որոշ հատվածներ: Միշային շատ եմ սիրում, նրա «Փոքրիկ ղարաբաղցի» երգը հատկապես: Բայց, ճիշտն ասած, իմ աշակերտների մասնակցությունից հետո «Եվրատեսիլ»-ին աշխատում եմ առհասարակ ոչ մի կերպ չվերաբերվել, այդ մրցույթն իսկապես իմ առողջության վրա շատ է ազդում, որովհետեւ հասկացել եմ, որ մրցույթի հետ կապված ամեն մանրուք հանրությունը շատ ցավագին է տանում, բոլորը ամեն ինչ շատ սուր են ընդունում: Թե՛ մեծերի, թե՛ մանկական «Եվրատեսիլին» արդեն չեմ հետեւում: Նույնիսկ եղել է, որ ինձ մտերիմ մարդ է մասնակցել այդ մրցույթին, չեմ էլ իմացել, ինձնից նեղացել է: Առհասարակ, կարծում եմ՝ այդ մրցույթը թունավորող հատկություն ունի: Հուսով եմ, որ Միշան վեցերորդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո չի կոտրվի: Նման մրցույթներին երեխաները մեկնում են շատ ոգեւորված, եւ եթե հետո ինչ-որ բան իրենց պատկերացրածով չի լինում, հուսահատվում են: Ուստի այդպիսի մրցույթներին հարկավոր է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել:

-Էմմա՛, շարունակո՞ւմ եք սաների հետ պարապել:

-Այո՛, իհարկե, անգամ ավելի շատ զբաղվածություն ունեմ, քան նախորդ տարի: Ասեմ, որ արդեն Կոնսերվատորիայում էլ եմ դասավանդում, ինչպես նաեւ՝ Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում:

-Իսկ հետաքրքիր է՝ որպես Երգի պետական թատրոնի մեներգչուհի, կրստեր սերնդի ներկայացուցիչների մասին ի՞նչ կարծիք ունեք։

-Ասեմ, որ նրանք շատ աշխատասեր են, բոլորն էլ դասավանդում են թատրոնին կից ստուդիայում: Բայց ես կուզեի, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին հանդես գար, քանի որ, վստահ եմ՝ բոլորն էլ ցույց տալու բան, ասելիք ունեն: Հուսով եմ՝ առաջիկայում նրանց այդ հնարավորությունը կտրվի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս