Այն, որ Հայաստանում Ամանորը նշելը թանկ հաճույք է, վաղուց հաստատված փաստ է: Չնայած Ամանորի գիշերը Հայաստանում գործող ռեստորանային համալիրները բազմազան ծրագրեր են առաջարկում, սակայն գները բավականին թանկ են: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե դեկտեմբերի 31-ի գիշերը ժամանցի տարբեր վայրերում ինչպիսի գնային քաղաքականություն է տիրում: Ընդ որում, համեմատելով նախորդ տարի տիրող գնային քաղաքականության հետ՝ պարզեցինք, որ այս տարի այս ոլորտում եւս լուրջ թանկացումներ են եղել:
Այսպիսով՝ եթե նախորդ տարի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում անկյունային հատվածում մեկ անձի համար կարելի էր վճարել 48 հազար դրամ, ապա այս տարի գները սկսվում են 50 հազար դրամից: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին այս ռեստորանային համալիրում մեկ անձի մուտքը 40 հազար էր: Ինչպես նշեցինք՝ այս տարի գները սկսվում են 50 հազարից, սակայն կախված նստելու վայրից՝ դրանք բարձրանում են: Ռեստորանային համալիրում ելույթ են ունենալու «Փարավոն» համույթը, Արամ mp3-ը, Սեւակ Խանաղյանը, Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գրիգորի Մարգարյանին պատկանող «Բելաջիո» ռեստորանում մեկ անձի վճարն այս տարի կազմելու է 45 հազար դրամ՝ նախորդ տարվա 40 հազար դրամի փոխարեն: Ինչպես «Փարավոն»-ի դեպքում, այստեղ եւս արժեքի մեջ ներառված է նաեւ հյուրասիրությունը: Ամանորի գիշերն այստեղ եւս բազմաթիվ երգիչ-երգչուհիներ հանդես կգան, օրինակ՝ Սոնա Շահգելդյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, «Բելաջիո» համույթը եւ այլք:
Jose համալիրի տարբեր սրահներում տարբեր արժեքներ են տիրում: Ռեստորանում մեկ անձը Ամանորի գիշերը պետք է վճարի 45 հազար դրամ, որի մեջ մտնում է ինչպես շոու ծրագիրը, այնպես էլ հյուրասիրությունը: SHOW CLUB-ում մուտքը մեկ անձի համար կազմում է 20 հազար դրամ: Այս գումարը իր մեջ ներառում է միրգ եւ շամպայն: «Լաունջ» բարում մեկ անձի մուտքի արժեքը 15 հազար դրամ է:
«Յանս» համալիրում գնային փոփոխություններ չեն եղել: Գործում են հետեւյալ արժեքները` 15, 20 եւ 25 հազար դրամ: Բոլոր արժեքների դեպքում էլ գործում է հյուրասիրություն` միրգ, կոնֆետ կամ շամպայն: Այստեղ եւս կլինի շոու ծրագրիր, հանդես կգա «Յանս» բենդը:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրի առաջին հարկում մեկ անձի մուտքը 15 հազար դրամ է, երկրորդ հարկում՝ 10 հազար դրամ: Այս արժեքն իր մեջ ներառում է միայն շոու ծրագիրը, իսկ հյուրասիրության համար այցելուները կվճարեն՝ ըստ իրենց պատվերի չափի: Ամանորի գիշերն այս ռեստորանային համալիրում հանդես կգան Սպիտակցի Հայկոն, Սարոն, Ապարանցի Դավոն եւ այլք:
«Հավանա» ռեստորանային համալիրում եւս տարբեր ծառայություններ եւ արժեքներ են գործում: 1 անձի համար առաջին հարկում 35 հազար դրա է (նախորդ տարի՝ 29 հազար), երկրորդում` 30 հազար (անցած տար 26 հազար), իսկ երրորդում` 25 հազար ( անցած տարի 20 հազար դրամ է եղել): Արժեքի մեջ մտնում է հյուրասիրություն՝ շամպայն, միրգ: Իսկ դասական սրահում մեկ անձի մուտքը արժենալու է 25 հազար դրամ (նախորդ տարի արժեցել է 18 հազար դրամ): Ամանորի գիշերը ելույթ են ունենալու համալիրի երգիչ-երգչուհիները, իսկ հատուկ ծրագրով հանդես կգա երգչուհի Նունե Եսայանը: