
2017թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքին: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ այդ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության ամբողջ տարածքում տրանսպորտային սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ: 2014թ. հոկտեմբերից Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին չի գործում:
Նշված գծում միկրոավտոբուսային ուղերթներ էր իրականացնում «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, կապվում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անձի հետ: Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորների տեղափոխումը հիմնականում իրականացվում է տաքսիների միջոցով: Չնայած նախարար Վ. Մարտիրոսյանը հայտարարել է, որ հանրապետությունում ստեղծվելու է միասնական երթուղային ցանց, սակայն Նոյեմբերյան-Երեւան միկրոավտոբուսային երթուղին այդպես էլ չվերագործարկվեց: