Հակակարկտային կայաններն այդպես էլ չեն տեղադրվել. կարկտահարության դեմ անպաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. գարնանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում գտնվող, Դեբեդի հովտի դեղձի այգիները կարկտահարվեցին: Բերքի մի զգալի մասը ոչնչացավ, իսկ փրկված բերքն էլ իր վրա կրում էր կարկտահարության հետքերը եւ որակյալ չէր: Ապրանքային տեսք չունեցող միրգը շատ դժվար էր շուկայում իրացնել: Տավուշի մարզի միրգ վերամշակող ձեռնարկությունները չհամաձայնեցին նույնիսկ ցածր գնով մթերել կարկուտից տուժած դեղձը: Արարատի մարզում գործող վերամշակող գործարանները չնայած համաձայնել էին նոյեմբերյանցիների դեղձը ընդունել, բայց առաջարկվող գինն այնքան ցածր էր, որ տեղափոխման վճարները չէր փոխհատուցում: Արդյունքում նոյեմբերյանցի այգեգործները գերադասեցին կարկտահարությունից վնասված դեղձից տնական օղի թորել:

Տավուշի մարզում միայն Դեբեդի հովտի համայնքներում են տեղադրված հակակարկտային համակարգեր, որոնց աշխատանքի արդյունավետությունը, ինչպես հայտնի է, շատ ցածր է: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզխորհրդի՝ հուլիսի 27-ի նիստում հայտարարել էր, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանն իրենք հայտ են ներկայացրել՝ Տավուշի մարզի Իջեւանի, Բերդի տարածաշրջաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանի մի հատվածում հակակարկտային սարքավորումներ տեղադրելու համար: Նրա խոսքերով՝ որպես փորձնական ծրագիր՝ Լոռիում փորձարկվում են հակակարկտային հրթիռային համակարգեր, որոնց արդյունավետությունը ստուգելուց հետո Տավուշի մարզին կարող են հատկացվել նման համակարգեր:

Մարզպետը հայտնեց, որ կարկտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը հակակարկտային ցանցերն են: Տարին ավարտվում է, եւ «Ժողովուրդ» օրաթերթը պարտադրված է արձանագրել, որ Իջեւանի, Դիլիջանի եւ Բերդի տարածաշրջաններում հակակարկտային համակարգերն այդպես էլ չեն տեղադրվել, ոչ էլ հակակարկատային ցանցեր են ներկրվել:




Լրահոս