Քաղաքական կամք է անհրաժեշտ, որպեսզի համաձայնագիրը բանտիկով փաթաթած չմնա. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մեկ շաբաթ առաջ Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանը մի շարք պարտավորություններ է ստանձնել: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատրաստ են այդ փոփոխությունները կատարել: Հայաստանի ժողովրդավարական, իրավական պետություն դառնալն ուղղակի կարող է վտանգել իշխանական համակարգի գոյությունը: Արդյո՞ք իրատեսական է, որ ՀՀ իշխանությունները կկատարեն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ «ժողովուրդը» զրուցեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, Չնայած ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է, սակայն կարո՞ղ ենք վստահ լինել, որ այդ դրույթները կյանքի կկոչվեն: Ի՞նչ է անհրաժեշտ՝ համաձայնագիրը կյանքի կոչելու համար:

-Ինչքան էլ Հանրապետական կուսակցությունը, իշխանության տարբեր ներկայացուցիչներ այդ բառից կընկնեն տարատեսակ հոգեվիճակների մեջ, իրականացման համար պետք է մեկ բան՝ քաղաքական կամք: Այն բարեփոխումների փաթեթը, որն առաջարկված է այդ համաձայնագրով, առանց այդ քաղաքական կամքի, ընդամենը բարի ցանկություններով, իմիտացիաներով, բնականաբար, չի իրականացվելու: Օրինակ՝ մոնոպոլիաների դեմ պայքարը, դրա համար ի՞նչ է անհրաժեշտ, իհարկե, քաղաքական կամք: Եթե իշխանությունն ունենար քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի, տնտեսական մենաշնորհների դեմ, կարող էր անել առանց այդ համաձայնագրի էլ: Այս համաձայնագիրը բացարձակ երաշխիք չէ, որ այդ բարեփոխումները կարվեն: Սա է խնդիրը, մենք յուրաքանչյուր քաղաքացու պետք է դարձնենք այս համաձայնագրի շահառուն, քաղաքացին պետք է հասկանա, որ այս համաձայնագրի իրականացումից կախված է իր ընտանիքի բարեկեցությունը, իր երեխայի ապագա հաջողությունների ճանապարհը, ինքը պետք է դառնա շահառու, պահանջատեր: Այդ դեպքում մենք կարող ենք մտածել, որ քաղաքական ուժեր, քաղաքացիական հասարակություն եւ հանրություն տանդեմն իսկապես կարող է լուրջ վերահսկողություն իրականացնել իշխանության նկատմամբ՝ որպեսզի համաձայնագիրը բանտիկով փաթաթած, դարակում դրած փաստաթուղթ չդառնա:

-ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում նշեց, թե կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություններն ակնհայտ են: Դուք տեսնո՞ւմ եք այդ առաջընթացը:

-Գիտեք՝ ես Դավիթ Հարությունյանին համարում եմ այն գործիչներից մեկը, որը կարող է ՀՀ բոլոր օրենքներին եւ Սահմանադրությանը հղում անելով՝ ապացուցել, որ մածունը սեւ է: Եվ դա իրեն կհաջողվի անել այնպիսի վարպետությամբ, որ բոլոր միջազգային կառույցների աչքերը կմնան բաց: Ես կոռուպցիայի դեմ պայքարի առումով որեւէ լուրջ, տեսանելի, շոշափելի, նկատելի առաջընթաց չեմ տեսնում: Տա Աստված, որ ես լինեմ մեր երկրի ամենավերջին վատատեսը, բայց ես կրկնում եմ՝ շոշափելի, նկատելի տեղաշարժ, որ ՀՀ-ի քաղաքացին զգա, որ մեր երկրում, երկրի ամբողջ համակարգը կոռոզիայի ենթարկող կոռուպցիայի դեմ տարվում է լուրջ պայքար, ոչ թե ակվարիումի մանրիկ ձկնիկներին բռնում են, իսկ օվկիանոսի շնագայլերը շարունակում են իրենց կոռուպցիոն որսը, ես, ցավոք սրտի, դեռ չեմ տեսնում:

Ի վերջո, ինչպե՞ս ԵՄ-ն կարող է արձագանքել մեր կողմից պարտավորությունների չկատարմանը:

-Արդյունքը փակուղի է լինելու Հայաստանի համար: Այս համաձայնագիրը տալիս է հնարավորություն բարեփոխումների միջոցով ունենալ ժողովրդավար եւ ամուր պետություն, իսկ դրա բացակայության դեպքում բոլոր ճանապարհները տանելուն են դեպի «Զվարթնոց» օդանավակայան:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս