ՃՈ տեսուչների խումբը և ոչ սթափ վարորդը. հերթական բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք:

Այսպես, ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող Կիա մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության վիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ոստիկաններն ընդունել են ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանի կողմից կաշառքի առաջարկը:

Տ. Խաչատրյանը, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել Հ. Գրիգորյանի հետ, ապա վերջինս ավտոմեքենայի ուղևորից ստացել է 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք և թույլատրել շարունակել երթևեկել:

Այսպիսով, նախնական համաձայնությամբ` խմբով կաշառք ստանալու համար ՃՈ ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանին 01.12.2017թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հիշյալ ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս