Դեկտեմբերի 1-3-ը Երեւանում անցկացվեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի լավագույն հրաձիգ ճանաչվեց վազող թիրախ մրցաձեւի հաղթող Հովհաննես Մարգարյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն ամփոփեց հրաձիգների մրցելույթները.
«Ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության արդյունքները բավարար եմ համարում, թեեւ ունեինք մարզիկներ, որոնք կարող էին ավելի հաջող հանդես գալ: Մրցաշարից հետո ձեւավորեցինք Հայաստանի տարիքային հավաքականները:
Հունվարին կմասնակցենք Մյունխենի միջազգային մրցաշարին: Ընդհանուր առմամբ թիմի անդամները պատրաստ են, չնայած դեռ բավականին ժամանակ ունենք: Հրաչ Բաբայանի արդյունքը կայունացել է, աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում:
Փետրվարին մեծահասակները, երիտասարդներն ու պատանիները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում: Այդտեղ պատանիները կփորձեն 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերել: Կարծում եմ՝ մեր շանսերն իրատեսական են»,- ասաց Սեյրան Նիկողսյանը:
Պատանեկան օլիմպիական ուղեգրերի համար Հայաստանի հավաքականի կազմում կպայքարեն Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը եւ Ալլա Պողոսյանը (երեքն էլ՝ հրացան):