Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խմբով՝ նախնական համաձայնությամբ կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց:
ՀՔԾ-ից ArmLur.am-ը տեղեկանում է, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների դեպքեր: Ստուգող խմբում ընդգրկված են եղել ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության ղեկավար պաշտոնատար անձինք, ովքեր ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատումների իրական ծավալները չարձանագրելու եւ պատճառված վնասը նվազեցնելու դիմաց, խմբով` նախնական համաձայնությամբ ստացել են կաշառք:
Կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են 4 անձինք, այդ թվում` «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցներն ու ՀՀ ԲՆ նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյան:
Վերը նշված հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու եւ դրանում ներգրավված բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, իսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Նախաքննությունը շարունակվում է: