ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱԼԱՆ-ԹԱԼԱՆ Է ՍԿՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը որոշել է ժամանակ չկորցնել եւ քանի դեռ շարունակում է պաշտոնավարել, մեծ թափով վաճառում է համայնքի՝ իրեն հասու սեփականությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վանաձորի քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է համայնքի սեփականությունը հանդիսացող մի քանի հողակտորները վաճառելու մասին հայտարարություն: Հողակտորներից մեկը 1 հազար 868,9 մետր քառակուսի է, եւ քաղաքապետարանը նախատեսում է վաճառել հինգ առանձին մասերով՝ հասարական սպասարկման օբյեկտներ կամ ավտոտնակներ կառուցելու նպատակով: Մյուս հողակտորը 21 քառակուսի մետր է, եւ ցանկանում են վաճառել մեկ մասով, իսկ մեկ այլ՝ 76 քառակուսի մետր մակերեսով տարածքը նախատեսում են երեք մասով վաճառել: Վանաձորի քաղաքապետի այս քայլը, մեղմ ասած, համայնքը թալանելու փորձ է: Բանն այն է, որ համայնքի սեփականությունը օտարելու որոշումը, ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 21-րդ ենթակետի, կայացնում է համայնքի ավագանին:
Նոյեմբերի 10-ին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Վանաձորի ավագանու փոքրամասնությամբ՝ 15 հոգով կայացրած որոշումները հակասահմանադրական են: Հայտարարության մեջ ավագանու որոշումը չի հիշատակվում, բայց եթե անգամ այն գոյություն ունի էլ, միեւնույն է՝ այն հակասահմանադրական է: Այսինքն՝ այս դեպքում մենք սովորական ալան-թալանի հետ գործ ունենք. Մամիկոն Ասլանյանը գիտի, որ գնալու է, վերջին ապօրինություններն է իրականացնում՝ հանուն «ընկերության»:

 

 

ՊՆ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության միջեւ սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ զինվորական հոսպիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ են եղել, եւ հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարության են ներկայացրել թվեր ու փաստաթղթեր, որ ապօրինի ոչինչ չի եղել: Նաեւ նշվել է, որ այս գործով կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել եւ վերջինիս գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել: Դատախազությունից, սակայն, մեզ հետ զրույցում կին դատախազի` գինեկոլոգի հետ խնդիրներ ունենալու մասին լուրերը հերքեցին` անվանելով բամբասանք:

 

 

Կառավարությունն առաջիկայում կարող է պարծենալ, որ գործնական քայլեր է անում աշխատատեղեր ստեղծելու հարցում: Մասնավորապես նրանք փորձում են ՀՀ-ում «դայակների ինստիտուտ» կայացնել: Բայց իրականում այսպես կառավարությունը ֆինանսական լուրջ միջոցներ է խնայում, այն էլ նոր ծննդաբերած կանանց հաշվին: Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է երիտասարդ մայրերի աշխատանքը եւ երեխայի խնամքը զուգակցող ծրագիր ներդնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ, աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը նրանք ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Փոխարենը կառավարությունը պարտավորվում է երկու տարի վճարել երեխային պահող դայակին` հատկացնելով մինչեւ 55 հազար դրամ, բայց այս ամենը` բավական բարդ թղթաբանությունից հետո: Ու ստացվում է, որ այլեւս տարեկան միջինը 40 հազար հոգու 18 հազար դրամ չի վճարվի, քանի որ ոչ բոլորը դայակներ կկարողանան ունենալ, համապատասխան փաստաթղթեր կնքել ու գրանցել: Ահա այսպես խթանում են ծնելիությունը:

 

 

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ` առաջարկելով ընտրությունների եւ հանրաքվեի ընթացքում բացառել վարչական ռեսուրսի օգտագործումը: Եւ նախագծին կից հիմնավորումների մեջ նշել է. «Վարչական ռեսուրսի չարաշահումը քրեականացնող նորմերի սահմանման առաջարկությունները տեղ են գտել վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին եւ հանրաքվեին հաջորդած միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներում»: Այլ կերպ ասած՝ Դավիթ Հարությունյանի ղեկավարած կառույցն ընդունել է, որ առնվազն վերջին 10 տարում վարչական ռեսուրսի չարաշահում է եղել. փաստ, որի մասին մշտապես ահազանգել է ընդդիմությունը: Ի դեպ, նշենք նաեւ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր զեկույցում անդրադարձել էր ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառմանը, այլ նաեւ համատարած ընտրակաշառք բաժանելու դեպքերին: Մինչդեռ նախագծում այդ մասին դրույթներ չկան:

 

 

ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ
Հաջորդ շաբաթ կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի վերջնական տեքստի շուրջ ԼՂ խնդրի վերաբերյալ ձեւակերպումների մասով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ, Հայաստանը եւ Ադրբեջանն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր եզրեր գտնել, եւ բանաձեւը հայտնվել է փակուղում: Բացի ԼՂ խնդրի վերաբերյալ մեկ պարբերությունից՝ հռչակագրի տեքստի շուրջ համաձայնություն կայացել է կողմերի, այդ թվում` ԵՄ անդամ 28 երկրների դեսպանների միջեւ:
Նկատենք՝ առաջին դեպքը չէ, երբ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի շուրջ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պայքար է ընթանում: 2015թ. գագաթնաժողովից առաջ եւս ԼՂ խնդրի վերաբերյալ ձեւակերպումների շուրջ խնդիր էր ծագել: Բայց այն ժամանակ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը լքել էր դահլիճը, այնուհետեւ հռչակագրի` ԼՂ խնդրին վերաբերող պարբերության հետ կապված ներկայացնելով առարկություններ: Բայց այս անգամ ադրբեջանական կողմը որոշել է մասնակցել բանակցություններին ու ամեն գնով իրենն առաջ տանել:
Ու նկատենք` ԼՂ խնդրի առկայությունը, դրա հետեւանքով` ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ հակասությունները խոչընդոտ են դարձել միջազգային տարբեր հարթակների գործունեության համար: Թերեւս այդ է պատճառը, որ միջազգային հանրությունը հիմա էլ ավելի մեծ ակտիվություն է փորձում ցուցաբերել խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ /ի դեպ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ երեկ ընդունել է, որ գործընթացում ակտիվություն է սկսվել/: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ պայմանավորվել են, որ դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի շրջանակներում կանցկացնեն Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում: Երեկ տարածած հայտարարության մեջ նրանք նշել են, թե պատրաստելու են այդ հանդիպման օրակարգը, որը կընդգրկի քաղաքական կարգավորման էական հարցեր, ինպես նաեւ շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներ: Բացի այդ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սերգեյ Լավրովի` Երեւան եւ Բաքու այցից առաջ հայտարարել է, թե ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ շարունակում է աջակցել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման եւ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում: «Մեզ համար այդ թեման միջազգային օրակարգում առաջնահերթ հարցերից մեկն է»,- ասել է նա: Համաձայնեք, հետաքրքիր վիճակ է:




Լրահոս