Նոյեմբերի 14-ից մեկնարկած Ազգային ժողովի լիագումար նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով՝ սկսել են կոշտ քննադատության ենթարկել վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը: Խմբակցության պատգամավորներն առիթը բաց չեն թողնում, որպեսզի այս կամ այն հարցի քննարկման ժամանակ կառավարության հասցեին կոշտ որակումներ հնչեցնեն: Դա հատկապես ցայտուն դրսեւորվեց նախօրեին, երբ խորհրդարանում սկսվեց քննարկվել 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Հետաքրքիրն այն է, որ «Ծառուկյան» խմբակցության քննադատությունը կտրուկ կոշտացավ հատկապես այն բանից հետո, երբ «Առինջ մոլ»-ից սկսեցին պարբերաբար ահազանգել հաճախակի դարձած հարկային ստուգումների մասին: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ՝ պարզելու համար, թե վերը նկարագրված երեւույթները որքանով են շաղկապված:
-Պարո՛ն Մելքումյան, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը նոր էր ձեւավորվում, «Ծառուկյան» խմբակցության անդամները խուսափում էին գնահատականներ հնչեցնել: Սակայն վերջին օրերին անխնա քննադատում եք կառավարությանը եւ վարչապետին: Ո՞րն է պատճառը:
-Արդեն հիմա, քանի որ բավականին ժամանակ է անցել, կարող ենք առկա խնդիրները մատնանշել: Այո՛, կառավարությունը չի արդարացրել իրեն, եւ ես կարծում եմ՝ ոչ թե չի ցանկանում, որ իրականացնի, այլ չի հաջողվել երկու հանգամանք. մեկը՝ քաղաքական որոշումների ինստիտուտի վրա կառավարության ազդեցությունը թույլ է, երկրորդը՝ չի կարողանում այնպիսի առանցքային, զսպիչ միջոցառումեր կատարի, որոնք, ասենք, «Ծառուկյան» դաշինքը իր 15 կետերով ֆիքսել է: Դինամիկան պարզ է: Կառավարությանը չի հաջողվել քաղաքական վստահություն վայելող գործելակերպ դրսեւորի, որ հասարակութունը ողջունի անընդհատ: Վստահության մակարդակը բնորոշվում է ժողովրդի վստահությամբ, մենք տեսնում ենք, որ այն նվազում է:
-Սակայն «Ծառուկյան» խմբակցությունը հատկապես վերջին օրերին է կոշտացրել քննադատությունը՝ «Առինջ մոլ»-ում տեղի ունեցած ստուգումներից հետո: Ինչո՞ւ միայն հիմա սկսեցիք ակտիվ քննադատել Կարեն Կարապետյանին:
-«Առինջ մոլ»-ն ուղղակի համընկավ: Եթե մարդիկ գալիս են, մենք պատրաստ ենք՝ արձագանքենք: Հատկապես ես, որ ԱԺ փոխնախագահ եմ, ինչպես կարող եմ չարձագանքել: Ակտիվ քննադատել ենք միշտ՝ բոլոր վարչապետների օրոք: Քաղաքականությունը ժամանակային փուլեր ունի, պետք է օրակարգ լինի. այն հուլիս-օգոստոս ամսին չկար, նոր էին ընտրություններն ավարտվել, պետք է օրակարգ հասունանա, հիմա հասունացավ: Դուք տեսնում եք, որ այլ գործընթացներ էլ կան: Ինչ է նշանակում, որ օպերատիվ ծառայության աշխատակիցը գա, դարանակալի մեքենայի մեջ, սպասի, տեսնի՝ երբ են դուրս գալիս:
-Այսինքն՝ եթե այդ խնդիրը չլիներ, կրկին այդպե՞ս էիք քննադատելու:
-Իհարկե, միանշանակ: Դուք իմ հարցազրույցները հիշում եք, մենք միշտ էլ քննադատել ենք:
-Սակայն քննադատելուց բացի՝ ի՞նչ քայլեր են հնարավոր: Պատրաստվո՞ւմ եք պահանջել Կարեն Կարապետյանի եւ կառավարության հրաժարականը:
-Մենք շարժվում ենք առաջ մեր կուսակցության քաղաքական ծրագրով: Մեր հիմնական նպատակը ժողովրդի կենսամակարդակի եւ վիճակի կտրուկ լավացումն է եւ կանգնեցնելն է այս պրոցեսը: Մեր մոտեցումները եւ կառավարության մոտեցումները տարբեր են, դրա համար մենք ընդդիմություն ենք, իրենք՝ իշխանություն: Ի՞նչ է, հո մենք չենք ծափահարելու կառավարությանը: Այսինքն՝ քայլեր կհետեւեն, ապագա պլանների մասին դուք կիմամաք: Գործընթացները շարունակվում են, կյանքը ցույց կտա:
-Ձեր ընդդիմախոսները նշում են, թե Կարեն Կարապետյանին քննադատելը նպատակ ունի հող նախապատրաստել 2018 թվականի համար, որպեսզի Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը ընդունելի լինի:
-Բազմիցս ասել եմ՝ շատ անշնորհակալ գործ է եւ քաղաքական ընկալման առումով կարճատեսություն կլինի, որ մենք սկսենք նորից ապրիլին ընդառաջ ինչ-որ մտքեր, եղանակի կանխատեսումներ անենք եւ այլն: Եկեք թողնենք՝ ինչ ապրիլին լինելու է, թող լինի: Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի կառավարությանն ամեն գնով սեւացնելուն, ապա նման բան չկա: Միայն արձանագրում ենք փաստերը: Անկեղծ ասեմ, դեռ մենք ավելի շուտ պետք է սկսեինք, պարզապես մենք համբերել ենք:
ՕՐԻՆԱԳԾԻ ԱՆՈՒՆՆ ԷՐ ՎԱՏԸ
Ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված աղմկահարույց օրինագիծը, որը մինչ այս բազմաթիվ հանրային քննարկումներ է անցել, երեկ ներկայացվեց կառավարության հաստատմանը: Ընդ որում, նախագիծը վերանվանվել է: Այսպիսով՝ եթե նախկինում այն կոչվում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծ, ապա երեկ այն կառավարության հաստատմանը ներկայացվեց բոլորովին այլ անվանումով՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նշեց, թե օրինագծում միայն կոնցեպտուալ փոփոխություններ են կատարվել, եւ ամբողջ տեքստի մեջ անընդհատ նշվում է համերաշխություն եզրույթը: Նա նշեց, թե «ընտանեկան բռնություն» եզրույթը փոխվել է «ընտանիքում բռնության» եզրույթի: Իրավապաշտպանը «ընտանիքում համերաշխության վերականգնման» եզրույթը ծիծաղելի եւ զավեշտալի է որակում՝ նշելով, թե եղած կարգավորումները հակասում են մարդու իրավունքների կոնտեքստին:
«Դեռեւս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության: Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որեւէ սահմանում չունի եւ հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձեւակերպումների հետ», – ասաց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, թե «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական եւ մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ:
Իրավապաշտպանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նաեւ, թե իրենց կենտրոնի իրավաբաններն այժմ ուսումնասիրում են նախագծում տեղ գտած փոփոխությունները, եւ շուտով իրենք մանրամասն անդրադարձ եւ իրավական գնահատական կհնչեցնեն փոփոխված դրույթի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այս օրինագիծն արդեն իսկ բազմաթիվ հանրային քննարկումներ է ունեցել: Այս օրինագծի շուրջ անհամաձայնություն էին հայտնել անգամ իշխող ՀՀԿ-ի անդամները: Այժմ օրինագիծը թարմացված տեսքով էր ներկայացվել կառավարության դատին, եւ ինչպես կարող ենք դատել վերնագրից, շեշտ է դրվում համերաշխության եզրույթի վրա:
Նախագծում առաջարկվում է ընդունել նախազգուշացման ինստիտուտ, որը կիրառվելու է առաջին անգամ ընտանիքում բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, եւ ընտանիքում բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում:
Նաեւ ընտանիքում բռնության ենթարկվածների պաշտպանության եւ սոցիալական աջակցության նպատակով սահմանվում է ապաստարաններ ստեղծելու կամ ապաստարանների գործունեությանն աջակցելու պարտականությունը:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԿԻՍԱԴԱՏԱՐԿ
Ինչպես շատ այլ դեպքերում, այնպես էլ երեկ ԱԺ նիստերն անցնում էին կիսադատարկ դահլիճում: Անգամ, երբ խորհրդարանում քննարկվում էր 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը, խորհրդարանի նիստերի դահլիճում հաշված թվով պատգամավորներ կային: Իրավիճակն առավել վատ էր հատկապես ընդմիջումից հետո: Դահլիճը ոչ միայն կիսադատարկ էր, այլեւ ներկա գտնվող քիչ թվով անձինք էլ ավելի շատ միմյանց հետ էին զրուցում, քան լսում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: Մասնավորապես «Ժողովուրդ»-ը նկատեց, որ Արամյանի ելույթի ժամանակ դահլիճում կառավարության շարքում միայնակ մնացած նախարար Վահան Մարտիրոսյանին ընկերակցում էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, եւ թեժ զրուցում էին: Մյուս շարքում զրուցում էին ՀՀԿ-ականներ Կարինե Աճեմյանն ու Ալիկ Սարգսյանը, իսկ նրանցից էլ ետ չէին մնում Վահրամ Բաղդասարյանը, Գագիկ Մելիքյանն ու Գագիկ Մինասյանը:
ՏՈՒՆ ՉՈՒՆԻ, ԲԱՅՑ ՓՈՂ ՈՒՆԻ
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին` Հակոբ Մանուկյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը, ֆինանսական միջոցների կարիք չունի: Նշենք, որ նա այժմ զբաղեցնում է ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթը Հակոբ Մանուկյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ բնակարան չունի, փոխարենը մեկ հողամաս ունի, երկու հատ «Mercedes-Benz 500 S» եւ «Hyundai Sonata 2.4» մակնիշի ավտոմեքենաներ: Տեսչության երիտասարդ պետի դրամական միջոցները կազմում են 215 մլն դրամ, 290 հազար դոլար եւ 70 հազար եվրո: Սա այն դեպքում, երբ երիտասարդը որպես եկամուտ հայտարարագրել է 1 մլն 546 հազար դրամի աշխատավարձ: Ի դեպ, Աբրահամ Մանուկյանի մյուս որդին` Արթուր Մանուկյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է:
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԴՊՐՈՑԻ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի դեմ հայց է ներկայացվել դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացի Հայկանուշ Մելիքյանը դիմել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ ստիպեն անվավեր ճանաչել Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան հ.41 նախադպրոցական ուսումնական հաստատությունից իրեն աշխատանքից ազատելու որոշումը: Ու դատարանում, բացի այս դպրոցի ղեկավարությունից, որպես պատասխանող է հանդես գալու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Երեւանում հանրակրթական դպրոցները ենթակա են թաղապետարանին: