ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ` առաջարկելով ընտրությունների եւ հանրաքվեի ընթացքում բացառել վարչական ռեսուրսի օգտագործումը:
Օրինագծի համաձայն՝ արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային եւ կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսներն օգտագործելը: Այդ արգելքը վերաբերում է հանրային ծառայողներին՝ բացառությամբ ԱԺ պատգամավորների, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Առաջարկվում է այդ արգելքը տարածել նաեւ պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցների նկատմամբ` կրկին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Եւ, վերջապես, այդ արգելքը վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեին, ՀՔԾ ծառայողներին, ոստիկանությունում, ԱԱԾ, քրեակատարողական, ԴԱՀԿ ծառայողներին, զինծառայողներին եւ ընտրական հանձնաժողովների անդամներին:
Իսկ որպես պատիժ առաջարկվում է ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով սահմանել տուգանք` 100-400, իսկ պաշտոնատար անձի դեպքում` 400-800 հազար դրամի չափով: Նաեւ փոփոխություններ են առաջարկված ՀՀ քրեական օրենսգրքում, որպեսզի լրացվի նոր հանցակազմ՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը, որը դրսեւորվում է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով: Այս դեպքում էլ որպես պատիժ առաջարկվում է տուգանք` 700 հազարից 1 մլն դրամի չափով, իսկ եթե այդ արարքը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում` ազատազրկում 3-5 տարի ժամկետով:
Նախարարությունը նախագծին կից նաեւ հիմնավորումներ է ներկայացրել, որտեղ ուշագրավ արձանագրման ենք հանդիպում. «Վարչական ռեսուրսի չարաշահումը քրեականացնող նորմերի սահմանման առաջարկությունները տեղ են գտել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին եւ հանրաքվեին հաջորդած միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներում»: Այլ կերպ ասած՝ Դավիթ Հարությունյանի ղեկավարած կառույցն ընդունել է, որ առնվազն վերջին 10 տարում` 2007թ. ԱԺ ընտրություններից սկսած, վարչական ռեսուրսի չարաշահում է եղել. փաստ, որի մասին մշտապես ահազանգել է ընդդիմությունը:
Նկատենք, որ այս տարվա սեպտեմբերի 12-ին Դավիթ Հարությունյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Եւ վերջինս նախարարին հանձնարարել էր վերլուծել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում ներկայացված առաջարկությունները եւ ընտրական օրենսդրության հետագա բարելավման ու կատարելագործման նպատակով մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործուն իրավական մեխանիզմների ներդրմանը:
Միայն թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր զեկույցում անդրադարձել էր ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառմանը, այլ նաեւ համատարած ընտրակաշառք բաժանելու դեպքերին: «Որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի բաժանման եւ հօգուտ իրենց քվեարկելու համար պետական ծառայողների, այդ թվում բժշկական ու կրթական հաստատությունների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու եւ ահաբեկելու մասին հավաստի տեղեկությունները հանգեցրին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ընդհանուր նվազմանը, ինչպես նաեւ մտավախություններ են առաջացրել ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրացման կապակցությամբ՝ ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան»,- ասված էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում: Մինչդեռ ԸՕ նախագծում այդ հարցերին չկա որեւէ անդրադարձ, եւ սահմանված չեն համապատասխան դրույթներ: Ավելին՝ ՀՀ ՍԴ-ն թեեւ մերժեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի` ԱԺ ապրիլի 2-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին դիմումը, այնուամենայնիվ, իր որոշման մեջ նշել էր խնդրին օրենսդրական լուծում տալու հրամայականի մասին. «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ։ Ընդհուպ, ԵՄ փորձագետների եւ պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարության զարգացումներին եւ անվտանգության սպառնալիք է։ Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի։ Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ԸՕ հետագա բարեփոխումների ճանապարհով, որի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսեւորման իրավական ռիսկերը»։ Փաստորեն, ԱՆ-ն քաղաքական կոռուպցիային ԸՕ գոնե այս նախագծում չի անդրադարձել:
Չնայած Հայաստանում մեծ հաշվով կարեւոր չէ, թե ինչ է սահմանված ընտրական օրենսդրությամբ. ընտրությունների ժամանակ իշխանությունները միշտ էլ գտնում են միջոցներ` օրենսդրական արգելքները շրջանցելու համար: Նույն ճակատագիրն է սպասվում նաեւ այս դեպքում, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է իշխանության հիմնասյուներից մեկին` վարչական ռեսուրսին:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՆԵՂԱՑԱԾ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության /նախկին ՕԵԿ/ վարչության անդամներից Արթուր Միսակյանը հիասթափված ու նեղացած է հարազատ կուսակցությունից: Ավելին, ըստ մեզ հասած լուրերի՝ նա դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միսակյանը, բնականաբար, հերքեց կուսակցությունից դուրս գալու լուրերը, սակայն չթաքցրեց. «Այժմ կուսակցական գործունեությամբ որպես այդպիսին չեմ զբաղվում»: Չնայած նա վստահեցրեց, թե ՀՎԿ-ականների հետ կապը պահում է, միշտ հանդիպում եւ շփվում են, սակայն միեւնույն ժամանակ շեշտեց, թե այժմ պասիվ շրջան է, եւ կուսակցական գործունեություն չկա: Ստացվում է՝ փաստացի շարունակում է մնալ կուսակցության անդամ, սակայն գործնականում՝ ոչ:
ՆՈՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ
Դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի կայացրած որոշումների վերաբերյալ մի շարք դատապարտյալներ դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան: Ու թեեւ նշանակվել է քննություն, սակայն դատապարտյալներին չեն տանում ՀՀ վերաքննիչ դատարան` իրենց կողմից ներկայացված հայցերով դատաքննությանը մասնակցելու: Վերջիններս փորձել են ՔԿՀ ղեկավարությունից պարզել, թե ինչով է այս հանգամանքը պայմանավորված, սակայն որեւէ պատասխան չեն ստացել: Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում նման մի հայցով նիստ է անցկացվել` առանց հայցվոր կողմի: Ու հիմա դատապարտյալները սպասում են ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներին, եւ եթե առանց հայցվորի ներգրավվածության ընդդեմ նրա որոշում է կայացվել, ապա համապատասխան արձագանքը չի ուշանա:
ԴԵՂՈՐԱՅՔԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Հայաստանում վերջին ամիսներին ոչ միայն կարագն ու մսամթերքն են թանկացել, այլեւ դեղորայքը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տարեսկզբի համեմատ՝ հանրապետության առողջապահական համակարգում արձանագրվել է 2.1 տոկոսի գնաճ, իսկ միայն հոկտեմբերին` սեպտեմբերի համեմատ, գնաճը եղել է 0.1 տոկոս: Օրինակ՝ դեղագործական ապրանքներն ու բժշկական սարքավորումները թանկացել են 0.2 տոկոսով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.3 տոկոսով: Մասնագետների պնդմամբ՝ դեղագործական ապրանքների թանկացումը պայմանավորված է եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ, քանի որ դրանք հիմնականում ներկրվում են եվրոպական երկրներից: Սակայն այդ դեպքում անհասկանալի է դեղերի թանկացումը, քանի որ դրանց մի մասն էլ այլ երկրներից է բերվում:
ԲՅՈՒՋԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, խոսել է այն մասին, թե ինչպիսին է ՀՀ պետական պարտքը եւ ինչ աղբյուրներ ունի: Նա նշել է, որ այն ներգրավված է միջազգային դոնոր կառույցներում, ունի բավականին ցածր տոկոսադրույք: «Կառավարելիությունը երեւում է այն տրամաբանությամբ, որ արդեն 2018թ. երեւում է շրջադարձային կետ, երբ ՀՆԱ-ի մեջ պետական պարտքը կայունանում է, եւ մենք մեկ տոկոսով իջնում ենք: Դա բնավ չի նշանակում, որ մենք չենք շարունակելու զարգացման ծրագրերը, ուղղակի մենք դա անելու ենք չափավորված կերպով»,-նշել է փոխվարչապետը: Ըստ նրա՝ բոլոր խնդիրները հստակորեն նախանշված են. «Բյուջեն իրատեսական է, ազնիվ ու շատ հստակ տալիս է այն առաջնահերթությունները, որը մեզ հնարավորություն կտա ոչ թե կարճաժամկետ լուծումներ գտնել, այլ երկարաժամկետ տնտեսական հիմքեր ստեղծել»:
ՉԻ ԼՈՒԾԵԼՈՒ
Ըստ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի՝ Հայաստանի 2018թ. պետական բյուջեի նախագիծը չի լուծելու երկրի առջեւ ծառացած կարեւոր խնդիրները: «Ասում են՝ այս բյուջեն կապված է հնգամյա ծրագրի հետ: Փորձել ենք հասկանալ՝ ինչով է կապված հնգամյա ծրագրի հետ, կամ քաղաքական մեծամասության նախընտրական ծրագրի իրականացման հետ: Ինչպե՞ս է այս բյուջեն կախված 2040թ. Հայաստանում 4 միլիոն բնակիչ ունենալու հետ, սրանք ինչպե՞ս են փոխկապակցված»,-ասել է նա: Պատգամավորը նշել է. «Ասում ենք՝ անվտանգության ծախսերը պետք է ավելացնենք: Ոստիկանության ծախսերն ինչո՞ւ են ավելացվում, ինչո՞ւ ենք պահում աշխարհում ամենաշատ ոստիկանը մեկ շնչին ընկնող: Եթե մեր երկրում քաղաքացին իր երկրի տերը, այլ ոչ թե սպառողը լինի, ապա նրանցից յուրաքանչյուրն անվտանգության համար պատասխանատու է լինելու»:
ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի փոխանցմամբ՝ գյուղատնտեսության ոլորտին պետական բյուջեից տրամադրվող հատկացումների ծավալը աճել է 58 տոկոսով: «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գյուղտեխնիկայի թարմացումը կբարձրացնի արդյունավետությունը, ջրային սակավ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, ինտենսիվ գյուղատնտեսության խրախուսումը, ապահովագրական համակարգի ներդնումը, արտադրող, արտահանող շղթայի մշակումը, օրենսդրական դաշտի կարգավորումը կապահովեն այս ոլորտում արդյունավետությունը»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների զարգացման նպատակով տրամադրվելու են 3-10 միլիոն դրամի հասնող վարկեր՝ 5 տոկոսով: