ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը 2017թ. 2-րդ կիսամյակի աշխատանքային ծրագրի շրջանակում ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրել էր ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կադրային համալրվածության եւ դրանում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, մասնագիտական գործունեության եւ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող, նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ.Թ-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ եւ ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում:
Վերջինս էլ, խախտելով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, 2015-2017 թվականների ընթացքում մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համապատասխան լիցենզիա չունեցող զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում):
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը:
Հրապարակումից անցել է 6 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտպանության նախարարությունից տեղեկանալ, թե հղիության արհեստական ընդհատումների ի՞նչ դեպքերի մասին է խոսքը: Սակայն նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել՝ նշելով, որ քննություն է գնում, կպարզվի ամեն ինչ:
Ու մինչ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է իրականացվում, իսկ պաշտպանության նախարարությունում լռում են՝ սպասելով քննության արդյունքներին, «Ժողովուրդ» օրաթերթին հարուցված քրեական գործից որոշ մանրամասներ հայտնի դարձան:
Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն, երբ ՀՀ ԶԿԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություն է սկսվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում եւ որոշում կայացվել քրեական գործ հարուցել, պաշտպանության նախարարությունում ներքին կարգով սկսել են քննարկումներ եւ ստուգումներ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել: Այդ քննարկումներից մեզ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պաշտոնատար անձինք ՊՆ ղեկավարությանը զեկուցել են, որ հղիության արհեստական ընդհատման դեպքեր եթե եղել են, հիմնականում անելանելի իրավիճակներից ելնելով: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորական հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարության են ներկայացրել թվեր, որ վերջին 3 տարում մոտավոր 25 արհեստական հղիության ընդհատում է իրականացվել, այն էլ հիմնականում օրինական հիմքերով:
Անդրադառնալով իրավապահների այն բացահայտմանը, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական եւ ՀՀ ՊՆ համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք ՊՆ բժշկական բարձրագույն կրթություն չունեցող, նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ.Թ-ին համապատասխան սենյակ են տրամադրել, ով հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն է տրամադրել, այս մասով էլ պարզաբանվել է, թե փաստաթղթեր կան, որ գինեկոլոգ Տ.Թ դիպլոմավորված մասնագետ է եւ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից բացի՝ այլ բժշկական հաստատությունում եւս աշխատում է:
Քննարկումների ընթացքում ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք ցանկացել են հասկանալ, թե ինչով կարող էր պայմանավորված լինել դատախազության այս աղմուկը, եթե իսկապես հոսպիտալի ղեկավարությունը այլ տվյալներ է հայտնում: Լուրեր կան, որ ՊՆ-ում առաջ է քաշվել վարկածը, որ ՀՀ դատախազության կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել եւ նրա գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել, որից հետո էլ հարուցվել է քրեական գործ: Ասել է, թե դատախազը «վրեժ է լուծում» գինեկոլոգից, ինչի արդյունքում հարվածի տակ են հայտնվել ՊՆ մի շարք աշխատողներ:
Արդյո՞ք դատախազությունը տրվել է կանանց «ռազբորկաներին»: «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի մասով մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Այդ տեղեկատվությունն իրականությանը բացարձակ չի համապատասխանում եւ ակնհայտորեն բամբասանքի ժանրից է: ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ զինվորական դատախազության՝ այս տարվա 2-րդ կիսամյակային աշխատանքային ծրագրի շրջանակում: Իսկ այդ ծրագիրը հաստատվել է շատ ավելի վաղ: Եվ ուսումնասիրությունները կատարվել են ոչ թե մեկ դատախազի ներգրավվածությամբ, այլ մի քանի:
Երկրորդ՝ անկախ նրանից՝ ով ինչ է կարծում, քրեական գործը հարուցվել է կոնկրետ փաստական տվյալների հիման վրա, եղել է քրեական գործ հարուցելու օրինական հիմք ե՛ւ առիթ, ե՛ւ նախաքննության նկատմամբ իրականացվում է պատշաճ դատախազական հսկողություն: Այս իմաստով ուղղակի անհեթեթ է դեպքի հայտնաբերումն ու քր. գործի հարուցումը տեղափոխել անձնական շահագրգռությունների կամ քինախնդրության դաշտ»:
Ինչ կպարզի քննությունը, ժամանակը ցույց կտա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, անդրադառնալով Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում ստուգումներ իրականացնելու ծրագրին, նշեց, որ ինքը խնդիր չունի:
Ինչպես հայտնի է՝ ՎՊ-ի 2018 թվականի ծրագրի նախագծում նախատեսված է, ի թիվս այլ պետական մարմինների, ստուգումներ անցկացնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում: Ու սա այն դեպքում, երբ 2016-2017թթ. այս նախարարությունը ղեկավարել է ՎՊ այսօրվա նախագահ Լեւոն Յոլյանը: Այսինքն` ՎՊ-ն ուսումնասիրելու է իր ներկայիս ղեկավարի` նախկինում գլխավորած ոլորտը:
-Պարո՛ն Յոլյան, առաջիկայում ՎՊ ծրագրում նախատեսվում է ստուգումներ անել նաեւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում: Այսինքն՝ Դուք Ձեր նախկին գործունեությո՞ւնն եք ուսումնասիրելու, որքանո՞վ վստահ լինենք, որ օբյեկտիվ կլինեք:
-Ես խնդիր չունեմ, խոսքը գնում է 2018 թվականի ծրագրով նախատեսված վերահսկողության հաշվետվության մասին, կլինեն, կտաք գնահատական, ինչու եք կանխավ ինչ-որ նման բաներ մտածում:
-Խնդիրն այն է, որ արդյո՞ք պարոն Յոլյանն իր նախկին գործունեության մասով խախտումներ կգտնի ու կներկայացնի հաշվետվության մեջ:
-Միանշանակ, անթերի մարդիկ չկան, եթե նման խնդիր էլ հոգեբանական կամ զսպող լիներ ինձ համար, չէի պլանավորի նման գործունեություն Վերահսկիչ պալատի համար:
-Իսկ հնարավո՞ր է, որ Ձեր անձի նկատմամբ կասկածները փարատելու համար ՀՀ նախագահականի վերահսկողական ծառայությունը ստուգումները իրականացնի նախկինում Ձեր ղեկավարած գերատեսչությունում:
-Նորից կանխավ Դուք ուզում եք տալ գնահատական, որ ես օբյեկտիվ չեմ եւ ունեմ խնդիրներ էներգետիկայի նախարարության դաշտում, չկա նման բան: Կլինի նյութը, կասեք՝ գիտեք ինչ, ոնց որ թե այստեղ ինչ-որ բան այն չէր: Պետք չէ իզուր տեղը մեղադրել, պատճառներ ման գալ՝ վատը տեսնելու, կլինի, ինքներդ կտեսնեք:
-Տեղեկություններ կան, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարարությունում, առողջապահության նախարարությունում, եւ աղմկալի չարաշահումներ եք հայտնաբերել, կա՞ նման բան, եւ հատկապես ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը:
-Տարվա ծրագիրը այսօրվա դրությամբ ամբողջությամբ գտնվում է վերահսկողության դաշտում: Օրենքով մենք իրավունք չունենք, Վերահսկիչ պալատի մասի օրենքում նշված է, որ Վերահսկիչ պալատը մինչեւ վերահսկողության ավարտը իրավունք չունի բարձրաձայնել տարբեր վերահսկողական թեմաներում եղած խնդիրները, կլինեն վերջնական արդյունքները, կներկայացնենք բոլորիդ դատին, եւ կտրվեն համապատասխան գնահատականներ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է
«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի համար դատարան շտապօգնություն է հրավիրվել: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ անցկացվող նիստի մեկնարկին, Կարո Եղնուկյանը խնդրել է իրեն ազատել դատական նիստերին ներկա լինելուց: Նա պարզաբանել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, տառապում է արյան բարձր ճնշումով եւ նիստին ներկա գտնվել չի կարող: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է ամբաստանյալի միջնորդությունը՝ որոշելով նաեւ շտապօգնություն հրավիրել: Դատական նիստը շարունակվել է Եղնուկյանի պաշտպանի մասնակցությամբ:

 

 

ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել այն մասին, թե ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գեւորգ Սաֆարյանը իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել: ՀՀ ԱՆ ՔԿՎ-ից տեղեկացրել են, որ Գ. Սաֆարյանը հիմնարկի աշխատակիցներին բանավոր հայտարարել է, որ իր մարմնի վրա հայտնաբերված կարմիր հետքերը ու քերծվածքները ստացել է խցում ուշագնաց լինելու եւ վայր ընկնելու հետեւանքով: Այնուամենայնիվ, տեղի ունեցածի փաստական հանգամանքները ամբողջապես պարզելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս