«Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագծին մասնակցելուց հետո Մարտա Կիրակոսյանը կրկին հայտնվեց երկրպագուների ուշադրության կենտրոնում: Վերջիններս երգչուհուց սկսեցին պահանջել, որպեսզի նա ավելի ակտիվ մասնակցություն ունենա երաժշտական անցուդարձին:
«Ժողովուրդ»-ը Մարտայից հետաքրքրվեց՝ ինչ նորություններ է պատրաստում հանդիսատեսի համար:
Նա տեղեկացրեց, որ այս ժամանակահատվածում Երգի պետական թատրոնի իր սաների հետ պատրաստվում է համերգների եւ ամանորյա ներկայացումների. «Դեկտեմբեր, հունվար ամիսներին թատրոնում կլինեն մանկական ներկայացումներ: Այս տարի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ղեկավարությամբ հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում: Դեկտեմբերին Արցախի երեխաների դատին կհանձնենք «Հեքիաթ» ներկայացումը, որի պրոդյուսերն է Մանե Գրիգորյանը»,-մանրամասնեց երգչուհին:
Ինչ վերաբերում է իր անձնական կարիերային, Մարտան նշեց, որ առաջիկայում երկրպագուներին կներկայացնի նոր ստեղծագործություններ:
Մենք հարցրինք՝ հնարավո՞ր է, որ Մարտան կրկին մասնակցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, առհասարակ, նա համաեվրոպական մրցույթին մասնակցելու ցանկություն ունի՞. «Հնարավոր չէ, որովհետեւ ինձ ինչ պետք էր եւ հետաքրքիր էր, նախորդ տարի արդեն արեցի: Հիմա ինձ համար այդ ամենն անհետաքրքիր է: Ես չեմ սիրում այդ մրցույթը, եւ, առհասարակ, մրցույթները իմ սրտով չեն»,-պատասխանեց Մարտան:
Իսկ հարցին, թե ինչ դժվարությունների է հանդիպում երգարվեստի ոլորտում կայանալու ճանապարհին, Մարտան պատասխանեց. «Ես նման խնդիրներ չունեմ եւ չեմ ունեցել: Շատ թեթեւ եմ վերաբերվում շոու-բիզնեսին, հիմնականում չեմ վերաբերվում (ծիծաղում է): Հիմա հայտնի լինելու համար պետք չեն կրեատիվ մտքեր, պետք են գումար, անորակ երգեր ու շատ փայլուն, գունավոր վուլգար շորեր (ծիծաղում է): Փոխարենը լուրջ եմ վերաբերվում իմ աշխատանքին: Ես ուսուցիչ եմ, եւ իմ գործը պարտավորեցնող է ինձ համար»:
Երգչուհին նշեց, որ Երգի պետական թատրոնն իր երկրորդ տունն է. «8 տարեկանից այնտեղ եմ: Թատրոնի աշխատակիցները, ընդհուպ մինչեւ պահակները, ինձ շատ հոգեհարազատ մարդիկ են: Այնտեղ աշխատելը հաճելի է եւ ուրախ: Մեծ հաճույք եմ ստանում սաներիս հետ աշխատանքից: Ի դեպ, ժամանակի ընթացքում կապվում ենք իրար հետ եւ հետո շատ դժվարությամբ ենք բաժանվում»,-անկեղծացավ մեր զրուցակիցը:
Մարտան այն համոզման է, որ եթե նույնիսկ ունի իր նեղ լսարանը, դա էլ բավական է, որ որպես արտիստ իրեն ինքնաբավ զգա:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ