«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-Պարո՛ն Մելիքյան, ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից վայրագությունների առումով Դուք զեկույցներ էիք ուղարկել միջազգային կազմակերպությունների: Կասեք՝ ի՞նչ արձագանքներ կան այդ առումով:
-Մենք պետք է ճիշտ ընկալենք տարբեր կառույցների գործառույթներն ու հնարավորությունները: Ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը թե՛ Արցախում, թե՛ ողջ աշխարհում ունի երկու գործառույթ՝ փաստագրելու եւ բարձրաձայնելու: Այլ գործառույթներ չկան: Դատարան դիմելու կամ պատժելու գործառույթներ մենք չունենք: Մենք մեր երկու գործառույթներն իրականացրել ենք. առաջինը՝ 2016 թվականի դեկտեմբերին մենք զեկույցը հրապարակեցինք, եւ բավական ծավալուն աշխատանք կատարվեց: Զեկույցը, կարծում եմ, որ բավական որակյալ աշխատանքի արդյունք է, ինչը փաստեցին նաեւ շատ գործընկերներ: Երկրորդը՝ բարձրաձայնելը, իսկ ինչպես դա բարձրաձայնվեց, դա ուղարկվեց բազմաթիվ կառույցների, մեր սփյուռքի կառույցները բավական ինտենսիվ կարողացան տարածել, նաեւ դիվանագիտական ճանապարհով ուղարկվեց:
-Իսկ արդյունքների առումո՞վ: Ի՞նչ արձագանքներ են եղել:
-Արդյունքներն իրավապաշտպան կամ ոչ իրավապաշտպան կառույցների կողմից հղումներն են: Եվ այդպիսի հղումներ մենք ունենք, օրինակ, Freedom House-ի կողմից, մենք ունենք միջազգային հակաճգնաժամային խմբի կողմից հղումներ իրենց ամենախորքային զեկույցում: Դա է մեր խնդիրը: Իրականում մենք պետք է ասենք, որ հետեւանքները միանգամից առաջ չեն գալիս, բայց չէ՞ որ դրանք ի գիտություն են ընդունվում: Դա այն արձագանքն է, որը մենք ակնկալում էինք: Մենք պետք է պատկերն ավելի լայն հասկանանք: Սա մի ուղղությունն է, մյուս ուղղությունը Եվրոպական դատարան դիմումներն են, որոնց հետ մենք առնչություն չունենք եւ գիտենք, որ փաստաբանական խումբը հայտարարել է, Եվրոպական դատարանն ընդունել է վարույթ եւ այդ գործերին տվել է առաջնահերթություն: Դա էլ մեկ այլ ուղղություն է:
-Իսկ առաջիկայում Ադրբեջանին վերաբերող այլ զեկույցներ պատրաստվո՞ւմ եք ներկայացնել:
-Մենք փաստահավաք առաքելությունը չենք ավարտել եւ հիմա շատ կարճ ժամանակ հետո մենք մտադիր ենք զեկույց հրապարակել Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ: Բավական մեծ աշխատանք է կատարվել, որն ինձ համար նաեւ անսպասելի արդյունքներ է տվել, եւ ընդ որում, բաց աղբյուրների մասին է խոսքը: Մենք ուզում ենք շարունակել այդ գործը եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն խայտառակ իրավիճակին, որն ադրբեջանական հասարակությունում տիրում է, որը, մեր պատկերացմամբ, Արցախյան հակամարտությունն այլ հակամարտություններից տարբերակող գործոնն է: Մենք չենք տեսնում նման ինտենսիվության այլատյացություն որեւէ այլ հակամարտության պարագայում:
-Պարո՛ն Մելիքյան, օրեր առաջ ՀՀ կառավարությունում հաստատվեց ընտանեկան բռնության վերաբերող նախագիծ, որը մինչ այս բազմաթիվ հանրային քննարկումներ էր անցել եւ քննադատվել: Այժմ ներկայացված նախագծում փոփոխություններ են արվել, նաեւ անվանումն է փոխվել: Դուք՝ որպես Արցախի ՄԻՊ, ինչպե՞ս եք առհասարակ վերաբերվում նման օրենքի առկայությանը:
-Ես որոշակիորեն ծանոթ եմ թե՛ բանավեճերին, թե՛ որոշակի առումով դրույթներին: Ես ուզում եմ ասել, որ սա շատ նուրբ թեմա է, եւ մենք այս հարցին այլ կերպ ենք վերաբերվում: Ի տարբերություն ՀՀ-ի՝ Արցախի Հանրապետությունը չի օգտվել այն հնարավորություններից, որ միջազգային իրավապաշտպան հանրությունն օրինակ ունեցել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կամ այլ կառույցների մասով: Եվ Արցախում, օրինակ, մինչ օրս չի եղել մարդու իրավունքների ազգային ռազմավարություն, մենք փորձում ենք խնդիրները սկսել գույքագրել, ռազմավարություն կազմել եւ դրա հիման վրա գործողությունների պլան կազմել: Ես չեմ ուզում առաջ ընկնել: Իրականում ընտանեկան բռնությունը խնդիր է, չեմ կարող դա որեւէ կերպ հերքել: Սակայն կարեւոր է, թե ինչպես պետք է դրան արձագանքել, ինչ մեխանիզմներ պետք է լինեն, որոնք չարաշահումների չհանգեցնեն, հակառակ արդյունք չունենան, այլ արժեքներ խաթարեն: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս պետք է տեղի ունենա այդ մի քանի սոցիալական կարեւորության արժեք ներկայացնող արժեքների հավասարակշռումը, սակայն այս պահին ասել չենք կարող: Յուրաքանչյուր հասարակության առկա վիճակը հաշվի առնելով՝ պետք է ընդհանուր գաղափարախոսությունը ընդունել: Իհարկե, իրավական կարգավորումները պետք է մի փոքր առաջ լինեն հասարակական զարգացումների վիճակից եւ իրենցով առաջ տանեն հասարակությանը: Բայց չպետք է այն աստիճան առաջ լինել, որ խզում առաջանա օրենքի առջեւ դրված նպատակների եւ հասարակության մոտ գերակշռող արժեքների միջեւ: Այդ դեպքում օրենքն իր նպատակին չի հասնի, ընդհակառակը՝ բացասական հետեւանք կունենա: Մեր նպատակը դրական հետեւանք առաջացնելն է, եւ դրա համար մենք այլ մեթոդաբանություն ենք ընտրել: Առաջին՝ խնդիրները գույքագրել, կազմել ռազմավարություն, կազմել գործողությունների ծրագիր: Եվ սա բացառիկ դեպք է չճանաչված պետություններում, երբ որ այդպիսի ծրագիր կա: Եվ վերջերս նախագահի հրապարակված ծրագրում այդ խնդիրը դրվեց, եւ մենք շատ ողջունում ենք մարդու իրավունքների ռազմավարություն ունենալը:
-Իսկ Արցախում ընտանեկան բռնության դեպքերի մասին ահազանգեր ստացե՞լ եք:
-Ես պետք է արձանագրեմ, որ ընտանեկան բռնության վերաբերյալ որեւէ դիմում չենք ստացել: Միեւնույն ժամանակ դրանից հետեւություն չենք անում, որ խնդիր չկա:
3 ՄԼՆ 600 ՀԱԶԱՐ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԵԼՈՒ ԴԻՄԱՑ
Ազգային ժողովում երեկ առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը: Ինչպես հայտնի է՝ այս փոփոխությամբ բանակից խուսափած եւ հետախուզման մեջ գտնվող 27 տարեկանից բարձր անձինք հնարավորություն կունենան, ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից եւ անարգել վերադառնալ հայրենիք: Նշենք, որ ընդհանուր գումարն այդ դեպքում կազմում է ընդհանուր առմամբ 3 միլիոն 600 հազար դրամ:
Օրենքի հիմնական զեկուցողը ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն էր, ով նշեց, որ փոփոխված օրենքը կգործի մինչեւ 2019 թվականի դեկտմբերի 31-ը: Ընդգծենք, որ պաշտպանության նախարարությունն առաջարկել էր տուգանքի միջոցով քրեական հետապնդումից ազատվելու դրույթը վերջին անգամ երկարաձգել, սակայն ՊՆ այդ առաջարկը մերժեց: Ընդ որում, դեմ էր անգամ իշխող ՀՀԿ-ն, ով այս դրույթի երկարաձգումը կարեւոր էր համարում:
Նշենք, որ քննարկումների ընթացքում պատգամավորները մերժել էին նաեւ պաշտպանության նախարարության մյուս առաջարկը, ըստ որի՝ ամեն բաց թողնված զորակոչի համար պետք է վճարվի 500 հազար դրամ: Հակափաստարկն այն էր, որ բարձր շեմ սահմանելը երիտասարդներին կզրկի Հայաստան վերադառանալու հնարավորությունից: Արդյունքում որոշվեց, որ ամեն բաց թողնված զորակոչի համար բանակից խուսափած երիտասարդները կվճարեն 200 հազար դրամ:
Ընդ որում, երեկ՝ քննարկման ժամանակ, «Ելք» խմբակցության պատգամավորները փաստեցին, որ եթե օրենքի նպատակը հայրենադարձությունը խթանելն է, ոչ թե բյուջե լցնելը, ապա առհասարակ չպետք է գումար գանձել: Արձագանքելով՝ Կարինե Աճեմյանը նշեց, որ անցած տարիների ընթացքում օրենքի գործողության արդյունքում պաշտպանության նախարարության բյուջե է մուտքագրվել ավեի քան 8 միլիարդ դրամ:
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ վստահեցրեց՝ իրենց նպատակը գումարի հավաքագրումը չէ:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԱԱԾ-ԻՑ ՔԿՀ ՊԵՏ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, որ շուրջ մեկ ամիս է` թափուր էր, երեկ համալրվել է: Այդ պաշտոնում նշանակվել է արդարադատության գնդապետ Արկադի Բալյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արկադի Բալյանը այնքան էլ պատահական անձնավորություն չէ, որ նշանակվեց «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնում: Վերջինս ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն էր, որին տեղափոխեցին քրեակատարողական վարչություն: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին պաշտոնից ազատվել էր «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հովհաննես Հակոբջանյանը, եւ վերջինիս հեռացումը կապվում էր ՔԿՀ-ում աղմկահարույց բացահայտումների հետ:
20 ՕՐ ԱՆՑ
«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 8-ի համարում գրել էր, որ Վերնիսաժի կրակոցների հետեւանքով տուժած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը հեռացել է երկրից: Նկատենք, որ նրա հեռացումը պայմանավորված չէ միայն անվտանգությունից ելնելով, քանի որ քրեական երկու հեղինակությունների միջեւ հաշիվները դեռ վերջնականապես չեն ավարտվել: Բանն այն է, որ, ըստ մեզ հասած լուրերի, Աբգարյանը երկրից հեռացել է նաեւ առողջական խնդիրները կարգավորելու համար: Ըստ մեզ հասած լուրերի՝ կրակոցներից հետո որոշակի բարդություններ են առաջ եկել, եւ ըստ էության նրան խորհուրդ են տվել առավել անտանգ միջավայրում զբաղվել առողջության վերականգնմամբ:
Հիշեցնենք՝ Աբգարյանի դեմ մահափորձի եւ նրա թիկնապահին սպանելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ու քննարկվում է նրանց՝ ՀՀ տեղափոխելու հարցը, սակայն անցել է 20 օր, դեռեւս նրանց չեն տեղափոխել:
ԱՆՊԱՐՏԱՃԱՆԱՉՆԵՐԸ
ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի գյուղապետարանի աշխատանքը տեւական ժամանակ է, ինչ չի կազմակերպվում: Բանն այն է, որ համայնքի ավագանու հինգ անդամները մի քանի ամիս բացակայել են, չեն մասնակցել նիստերին: Նշենք, որ անցած տարվա սեպտեմբերի 18-ին անցկացվել է Ազատամուտ համայնքի ավագանու անդամների ընտրություններ։ Ընտրվել է 9 անդամ, սակայն 9-ից 5-ը չի մասնակցել նիստերին: Բայց այս օգոստոսի 18-ին վաղաժամկետ դադարեցվել են Մարգարիտա Ալթունյանի, Ալիկ Էլարյանի, Հակոբ Մելիքբեկյանի, Լեւոն Սարիբեկյանի եւ Սեւակ Գասպարյանի լիազորությունները: Ըստ կառավարության` մեկ տարվա ընթացքում նրանք անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկայում կնշանակվեն Ազատամուտի ավագանու անդամների ընտրություններ: Փաստորեն հինգ քաղաքացու պատճառով անցած տարի ավագանու անդամների ընտրություններ կազմակերպելու համար հատկացված պետական միջոցները փոշիացվեցին: