Դեռ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները շրջանառության մեջ դրեցին «Ազգ-բանակ» ծրագիրը: Այդ գաղափարախոսության շրջանակներում էր նաեւ կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի ընդունած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրինագիծը, որն, ինչպես հայտնի է, էապես սահմանափակում է ուսումնառության նպատակով տարկետում ստանալու իրավունքը: Ու հիմա իշխանությունների այս գործողությունների արդյունքում վստահաբար կարելի է պնդել, որ Հայաստանն աշխարհին կամաց-կամաց ներկայանում է նոր իմիջով` հանդես գալով որպես ամենառազմականացված պետություններից մեկը՝ ըստ էության լուրջ ձեռնոց նետելով միլիտարիզացված պետությունների ցանկը գլխավորող Իսրայելին: Պատահական չէ, որ «Ազգ-բանակ» ծրագրի մասին խոսելիս իշխանությունները համեմատական եզրեր էին անցկացնում հենց Իսրայելի հետ՝ փորձելով իրենց պատկերացումների սահմաններում նմանվել վերջինիս:
Գերմանական Bonn International Center for Conversion կենտրոնը դեռ 2016թ. տարեվերջին հրապարակել էր իր ամենամյա «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանն ամենառազմականացված պետությունների դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Դասակարգման մեջ հաշվի էին առնված ռազմական ծախսերի համար հատկացվող գումարի չափը ՀՆԱ-ի համեմատ, զինված ուժերի թվակազմը եւ պետության ունեցած ծանր սպառազինության քանակը: Ընդ որում, վերջին տասը տարիների զեկույցներում ՀՀ-ն մշտապես գտնվել է ամենառազմականացված պետությունների առաջին տասնյակում: 2005-2006թթ Հայաստանն ամենառազմականացված պետությունների մեջ 8-րդն էր, 2007-2009թթ. ՀՀ-ն զբաղեցրել է 6-րդ, 2010-2011թթ.` 4-րդ, իսկ 2012թ. սկսած` 3-րդ հորիզոնականը: Նշենք նաեւ, որ ամենառազմականացված պետությունների ցանկը գլխավորում է Իսրայելը, որից հետո Սինգապուրն է: Հարեւաններից Ադրբեջանը 9-րդ տեղում է, Թուրքիան՝ 20-րդ, Իրանը՝ 26-րդ, Վրաստանը՝ 48-րդ տեղում, իսկ ՌԴ-ն այս ցանկում 5-րդն է:
Հասկանալի է` ստեղծված իրավիճակի պատճառը Ղարաբաղյան հակամարտության գոյությունն է` պատերազմի վերսկսման հավանականությունը հատկապես 2016թ. ապրիլյան իրադարձություններից հետո:
Բայց հիմա իշխանությունների վերջին գործողությունների հետեւանքով Հայաստանում է՛լ ավելի կխորանա ռազմականացվածության մակարդակը: Մանավանդ, երբ օրենսդրական փոփոխություններից բացի՝ իշխանությունները հաջորդ տարվա պետական բյուջեում կտրուկ ավելացրել են պաշտպանության ոլորտի ծախսերը՝ կազմելով բյուջեի մոտ 20 տոկոսը: Ըստ 2018թ. պետական բյուջեի նախագծի՝ պաշտպանության բնագավառի ծախսերը 2018 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 243 մլրդ 743.7 մլն դրամ, որից միայն ռազմական կարիքների բավարարման համար ուղղվելու է 225 մլրդ 630.2 մլն դրամ: Մինչդեռ այս տարվա բյուջեով պաշտպանական ոլորտին հատկացվել է 209,8 մլրդ դրամ: Հասկանալի է` քանի դեռ լուծված չէ ԼՂ խնդիրը, քանի դեռ կա պատերազմի վերսկսման հավանականությունը, ՀՀ իշխանությունները պարտավոր են քայլեր ձեռնարկել այս ոլորտն ուժեղացնելու ուղղությամբ: Մանավանդ, երբ հակամարտության մյուս կողմը` Ադրբեջանը, իր հերթին սպառազինությունների մրցավազք է սկսել:
Բայց մյուս կողմից այս ամենն այնքան էլ դրական ազդեցություն չի ունենում Հայաստանի ընդհանուր տնտեսական զարգացման վրա: Պատահական չէ, որ «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2017»-ի մեջ նշված է. «Ռազմականացման բարձր մակարդակը մի կողմից սահմանափակում է տնտեսության զարգացումը` սպառելով սուղ տնտեսական ռեսուրսները, մյուս կողմից՝ ուղղակի պահանջարկի եւ տեխնոլոգիաների ու կարողությունների տարածման միջոցով ռազմականացմանն առնչվող զարգացումները կարող են նպաստել տնտեսության մի շարք ոլորտների աճին, ինչպիսին են մեքենաշինությունն ու ՏՏ-ն»: Մի փաստ էլ, որքան Հայաստանը «բարելավել է» իր դիրքերն ամենառազմականացված պետությունների շարքում, այնքան ավելի է մեծացել արտագաղթը: Բավական է միայն նշել, որ վերջին հինգ տարում, միայն պաշտոնական տվյալներով, երկրի բնակչությունը պակասել է ավելի քան 300 հազարով, եւ ՀՀ-ից շատ շատերը հեռացել են ոչ այնքան երկրի սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով, որքան պատերազմի վերսկսման վտանգից զգուշացած:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը, որ օրեր առաջ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի բացասական եզրակացություն էր ստացել, փոփոխված տարբերակով ԱԺ օրակարգում կներառվի արդեն դեկտեմբերի հինգին: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե այդ առումով որեւէ խնդիր չկա, զուտ տեխնիկական հարցեր են՝ կապված օրենսդրության փոփոխության հետ: «Զուտ տեխնիկական ձեւակերպման խնդիր է, որը հեշտ լուծելի է: Չմանրամասնեմ ամբողջությամբ, բնականաբար վերահսկողություն է իրականացվելու մինչեւ ապրիլի ինը, դրանից հետո կշարունակվի աշխատանքն արդեն հաշվեքննության դաշտում: Ասեմ, որ տարբերությունը շատ մեծ չէ», – նշեց նա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ հանձնաժողովը հակասահմանադրական էր որակել ՎՊ ծրագիրը, սակայն իրականում այստեղ եղել է կամայական մեկնաբանություն ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանի եւ Սամվել Նիկոյանի կողմից, եւ հիմա ելքեր են գտնվել` հանձնաժողովականների սխալն ուղղելու եւ ՎՊ ծրագիրն ԱԺ օրակարգում ներառելու համար:
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական հայց է ներկայացվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի դեմ: Մարզպետին դատի տվողը «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանն է, որ պահանջում է անվավեր ճանաչել Վ.Հակոբյանի` 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումն իրեն աշխատանքից ազատելու մասին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ բժշկական կենտրոնի տնօրենը դեռեւս 2017 թվականի հունվարին դիմել է ՀՀ վարչական դատարան, սակայն նրա հայցը ետ էր ուղարկվել: Օրբելյանը չի հաշտվել այդ իրականության հետ եւ չի դադարել պնդել իր դիմումը, արդյունքում 2017 թվականի հուլիսի 26-ին նոր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործը ընդունել է վարույթ: Իսկ թե ինչով կավարտվի ԲԿ-ի նախկին տնօրենի եւ մարզպետի կռիվը, սպասենք զարգացումներին:
ԿԻՆՆ ԱՎԵԼԻ ՀԱՐՈՒՍՏ Է
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ի վերջո, ներկայացրել է 2016 թվականի իր պաշտոնական հայտարարագիրը: Ըստ այդմ, նրա դրամական միջոցները տարեցտարի նվազում են: Եթե նա 2015 թվականին ունեցել է 26.3 մլն դրամ եւ 98 հազար դոլար, ապա անցած տարի նրա դրամական միջոցները կազմել են 24.5 մլն դրամ եւ 92 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ մարզպետը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է 519 հազար դրամ: Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ մարզպետի տիկինն ավելի հարուստ է, քան ինքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետի կինը` Աննա Ազատյանը, եկամուտ չունենալով հանդերձ՝ հայտարարագրել է 90 մլն դրամի եւ 372 հազար 500 եվրոյի չափով դրամական միջոց: Ահա թե ում անվան տակ է պահում մարզպետն իր ունեցվածքը:
ԴԵՄ Է
Երեկ Ազգային Ժողովի նիստում 56 կողմ եւ ընդամենը 2 դեմ հարաբերակցությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով քրեականացվում է բժիշկների դեմ բռնության կիրառումը: Դեմ քվեարկած 2 պատգամավորները ՀՀԿ խմբակցությունից են` Արթուր Գեւորգյանն ու Միհրան Պողոսյանը: Պատգամավոր Արթուր Գեւորգյանը նշել է, որ բռնությունը դատապարտելու համար չի կարելի ըստ մասնագիտությունների բաժանում կատարել: «Ես դեմ եմ, որ հասարակության մեջ տարբերություն դրվի, խոսքը գնում է բժշկի, թե այլ ծառայողի մասին»- ասել է նա:
ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Համլետ Գասպարյանն ազատվել է Ռումինիայում եւ Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնին նշանակվել է Սերգեյ Մինասյանը:
ԴԵՌ ՎԱՂԱԺԱՄ Է
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում հակամարտություններին վերաբերող հարցին, ասել է. «Բանակցությունները շարունակվում են, եւ մինչեւ բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը դեռ վաղաժամ է»: Է. Նալբանդյանի կարծիքով՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում հեծանիվ հնարելը բավական դժվար է: Եթե Ադրբեջանը մի փոքր աչալուրջ լինի այն կոչերին, որոնք ներկայացնում են եռանախագահող երկրները, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ տանելու եւ արդյունքներ ունենալու համար: Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը մշտապես կողմ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին, որովհետեւ բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Հանդիպումների ժամանակ համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են ներկայում բանակցային սեղանին գտնվող մի շարք աշխատանքային առաջարկներ: Նախարարները համաձայնել են հանդիպել 2017թ. դեկտեմբերին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում:
ԵՂԵԼ Է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Գյումրիի քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել է պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Վարչապետին զեկուցվել է Շիրազի եւ դրան հարակից փողոցների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկ շաբաթ անց իրեն ներկայացնել շինաշխատանքների վերաբերյալ հստակ ժամանակացույց: