ՔԿՀ ՊԵՏԸ, ԴԱՏԱԽԱԶԻ ՈՐԴԻՆ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեակատարողական հիմնարկների ներսում առկա իրավիճակի բացահայտումները շարունակվում են: «Հրազդան» ՔԿՀ-ի կալանավորները մեկը մյուսի հետեւից աղմկահարույց հայտարարություններն են անում ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասին, իսկ իրավապահները, միչեւ դանակը չի հասնում ոսկորին, ընթացք չեն տալիս:

Նոյեմբերի 15-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2017թ.-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանություն է տեղի ունեցել նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Գ. Արսենյանի եւ այլ դատապարտյալների միջեւ, ինչը վերաճել է ծեծկռտուքի, որի հետեւանքով Արսենյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ծեծի ենթարկված դատապարտյալին պարբերաբար թղթախաղով զբաղվելու առաջարկներ է արվել իր խցակցի կողմից, սակայն վերջինս հրաժարվել է եւ պահանջել չանհանգստացնել իրեն:
Արդյունքում, դատապարտյալ Արսենյանը ՔԿՀ ղեկավարությանը դիմում է գրել՝ խնդրելով, որ իրեն այլ խուց տեղափոխեն, սակայն դրան սահմանված կարգով ընթացք տալու փոխարեն հարկադրել են շարունակել պատիժը կրել նույն խցում: Եւ ահա, նրա մերժումներին ի պատասխան՝ ծեծի են ենթարկել: Այս արարքի համար «Հրազդան» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՔԿՀ պետի տեղակալը՝ վախի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Վահան Մարգարյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե արձակուրդի մեջ է եւ ոչնչից տեղյակ չէ:
Իսկ ահա ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ամեն ինչ սուտ է:
-Պարո՛ն Բուլղադարյան, ՔԿՀ-ում դատապարտյալին ստիպել են գումարով թղթախաղ խաղալ, ու երբ վերջինս հրաժարվել է, ծեծել են: Ինչպե՞ս կբացատրեք այս իրավիճակը:
-Ես մեկ բառով կարող եմ ասել՝ սուտ է, իսկ մնացած հարցերով դիմեք ՔԿ վարչության լրատվական բաժին:
-Ըստ Ձեզ՝ դատապարտյալը չի՞ գիտակցում, որ սուտ մատնության համար քրեական պատասխանատվության կենթարկվի ու գնում է նման քայլի:
-Ահագին դատապարտյալ սուտ մատնության համար պատժվել է, սա որերորդ դեպքն է, որ դատապարտյալները սուտ մատնության համար պատասխանատվության են ենթարկվում:
-Այսինքն՝ իրենք սո՞ւտ են, ճիշտը Դո՞ւք եք:
-Ես այլ բան չեմ կարող ասել, դիմեք լրատվական բաժին:
-Դատապարտյալը հստակ հայտարարել է, որ իրեն ծեծել են, նրան տանում են հիվանդանոց, ավելին՝ դատապարտյալն այս մասին ՔԿՀ ղեկավարությանն է տեղյալ պահել, բայց Դուք «մատներդ մատներիդ չեք տվել», վախենալու բան չունե՞ք:
-Ինչ վախենալու մասին է խոսքը, խաղացել են, չեն խաղացել, ով մեղավոր է, թող պատժեն, դրա մեջ ինչ կա: Մենք սխալ բան չեն արել, դիմեք լրատվական, իրենք Ձեզ ամեն ինչ կասեն:
-Ձեր ամենաթողության արդյունքում մարդուն անընդհատ ծեծել են, ասել, որ գումարով թղթախաղ խաղա:
-Մենք հսկում ենք, պատժում էլ ենք, եթե խաղում էլ են, դա իրենց անձնական գործն է, մենք խցիկում չենք եղել, որ պարզենք՝ ինչ է եղել:
-Բայց դատապարտյալը խցի ներսում կատարվող դեպքերի մասին հայտնել է, ընթացք չեք տվել:
-Ի՞նչ եք ուզում մեզանից, հնարավոր չէ՝ մեզ դիմի, մենք չօգնենք, բացառվում է: Սպասենք քննության ընթացքին:
-Փաստ է, որ չեք օգնել:
-Քննությունը կպարզի, մեղավոր ենք, թող պատժեն:
Դատապարտյալների գլխին սարքում են
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը որպես վկա ցուցմունք էր տվել «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանի դեմ եւ հայտնել, որ ՔԿՀ պետը ուղղորդում է, որ ՔԿՀ կալանավորները իրեն ոչ ցանկալի աշխատակիցների դեմ ցուցմունք տան, թե իբր նա կաշառք է վերցրել: Այս հայտարարությունից հետո դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը խնդրել էր ապահովել իր անվտանգությունը, որ նա հետ չվերադառնա «Հրազդան» ՔԿՀ, այլապես չգիտի՝ իր հետ ինչ կկատարվի:
Ի դեպ, դատապարտյալներն անգամ հայտարարել էին, որ ՔԿՀ պետի որդին Շենգավիթ վարչական շրջանի ավագ դատախազ Արսեն Մարգարյանն է, եւ իրենք հույս էլ չունեն, որ քննիչներն այս գործին համապատասխան ընթացք կտան: Ու այդպես էլ եղավ. 4 ամիս ՀՔԾ քննեց այս գործը, արդյունքում դատապարտյալներ Դալլաքյանի, Սանոյանի. Սարիբեկյանի նկատմամբ սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց: Դրա համար էլ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանը ինքնավստահ խոսում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԴ ՊԱՐԶԱԲԱՆԵՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբերի 15-ի իր համարում «Ինչ ճակատագրի արժանացան ընտրակեղծարարները» հոդվածում անդրադարձել էր Երեւանի ավագանու վերջին ընտրություններին ընտրակեղածարարության դեպքերին, եւ տեղեկացրել, որ 10 քրեական գործերից միայն 2-ի վերաբերյալ է եղել դատավճիռ, 7 գործ կարճվել է, 1-ի քննությունն էլ կասեցվել:

Եւ ահա, ՀՀ գլխավոր դատախազությունն այդ հրապարակման վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել՝ փորձելով արդարացնել կատարվածը: ««Ժողովուրդ» օրաթերթի նոյեմբերի 15-ի համարում «Ինչ ճակատագրի արժանացան ընտրակեղծարարները» վերտառությամբ հրապարակման մեջ համոզմունք է արտահայտվում, որ իրավապահ մարմինները չեն կատարել ընտրակեղծարարներին պատժելու վերաբերյալ տված խոստումները: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետեւյալը: «…Վարույթը կարճված 8 քրեական գործերի դեպքում, որոնք, փաստորեն, նման եզրակացության հիմք են հանդիսացել, իրականում եւս կատարվել է լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, ներկայացված ահազանգերի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական, դատավարական եւ օպերատիվ հետախուզական աշխատանքները, այդ դեպքերից յուրաքանչյուրին տրվել է քրեաիրավական գնահատական: Դրա մասին է վկայում այն պարզ իրողությունը, որ այդ քրեական գործերից ընդամենը մեկի դեպքում է վարույթը կարճելու մասին նախաքննական մարմնի որոշման դեմ բողոք բերվել:
ՀՀ դատախազության կողմից իսկապես որդեգրվել է ընտրական բնույթի հանցագործություններ կատարած անձանց պատժի անխուսափելիությունն ապահովելու, նման հանցագործությունների պարագայում ավելի խիստ պատժողական քաղաքականություն իրականացնելու հստակ մոտեցում, հաստատում է փաստը, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում արձանագրված առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատարանների կողմից կայացված մեղադրական 8 դատավճիռներից 5-ի դեմ հսկող դատախազների կողմից բերվել են վերաքննիչ բողոքներ. բոլոր 5-ի դեպքում էլ՝ նշանակված պատժի մեղմության դեմ: Լուրջ չէ կարծել, որ Աժ ընտրությունների դեպքում ՀՀ դատախազությունն առաջնորդվել է մի սկզբունքով, իսկ դրանից ընդամենը մեկուկես ամիս անց կայացած Երեւանի ավագանու ընտրություններում՝ բացարձակապես այլ: Եվ այս իմաստով քրեական հետապնդման մարմինների գործողություններում ընտրակեղծարարներին «խնայելու» միտումներ փնտրելը պարզապես անտեղի է»,- ասված է դատախազության պատասխանում:
Զարմանալի է` դատախազությունն ինչու է պարզաբանում ներկայացրել, եթե անկախ այդ ամենից՝ իրականությունը չի փոխվում, եւ փաստը մնում է փաստ, որ ավագանու ընտրություններում ընտրակեղծարարություն դեպքով հարուցված քրեական 10 գործերից միայն 2-ն է գնացել դատարան: Եւ բնական է, որ եթե ցանկություն չկա ընտրակեղծարարներին պատժելու, միշտ էլ կգտնվեն հիմնավորումներ` քրեական գործերը կարճելու համար:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններում ընտրակեղծարարների նկատմամբ կայացված դատավճիռների դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքներին, ապա դատախազությունը ստիպված է եղել այդպես վարվելու, քանի որ անհամեմատ մեծ էր ե՛ւ միջազգային հանրության, ե՛ւ քաղաքական-հասարակական շրջանակների հետաքրքրությունը: Ավելին՝ այդ բողոքները նրանք ներկայացրել էին` քաջ գիտակցելով, որ դատարանը նրանց պատիժը չի խստացնի: Այդպես էլ եղավ:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 

ԿԸՆԴԳՐԿՎԵՆ
Երեւանի ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք փողոցներ անվանակոչելու նախագծերը: Նիստին ներկա են եղել նաեւ «Ելք» խմբակցության անդամները եւ խմբակցության ղեկավարը: Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցությունը սեպտեմբերին ներկայացրել էր մի շարք փողոցների անվանակոչության նախագծերը: Հանձնաժողովը կողմ է քվեարկել Ձորափի փողոցի մի հատվածը Հնդկաստանի անունով անվանակոչելուն, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանին հարող փողոցը՝ մեծանուն ռեժիսորի անունով կոչելուն: Երկու նախագիծն էլ ընդունվել են միաձայն: Նոյեմբերի 29-ի Երեւանի ավագանու նիստի օրակարգում են ընդգրկվելու նաեւ «Ամիրյան փողոցը Վռամշապուհ արքայի անունով անվանաչելու մասին», «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին», «Անաստաս Միկոյանի փողոցը Քըրք Քըրքորյանի անունով անվանակոչելու մասին», «Կասյանի փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անունով անվանակոչելու մասին», «Ֆրունզեի փողոցը Ապրիլյան հերոսների անունով անվանակոչելու մասին» «Ելք» խմբակցության նախագծերը:

 

 

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ կայացել է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը: Գործով քննվում են 20 մեղադրյալ: Դատավոր Բեկթաշյանը հետաձգել է նիստը, քանի որ մեղադրյալ Վահան Շիրխանյանն ի վիճակի չէր եղել ներկայանալ դատարան: Դատավորը նշել է, որ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան գրություն է ուղարկվել Վահան Շիրխանյանի առողջական խնդիրների վերաբերյալ:

 

 

ՍԿՍՎԵԼ Է
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել են, որ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտի իրավունքների ենթադրյալ խախտման հարցով Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ: Կապ է հաստատվել երեխայի մոր հետ, նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց Պաշտպանի աշխատակազմում: Հարցը քննարկվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ, եւ հասցեագրվել է համապատասխան գրություն: Քննարկում տեղի կունենա նաեւ դպրոցի տնօրինության հետ: Դեպքի հանգամանքներն ուսումնասիրելուց հետո կներկայացվեն եզրահանգումներ ու կանխարգելիչ բնույթի առաջարկներ: Հուսանք՝ այս դեպքն էլ ՄԻՊ-ի որդեգրած քաղաքականության նման չի դասվի այլ դեպքերի շարքին եւ չի մնա միայն կատարված ուսումնասիրությունների մակարդակում:




Լրահոս