ՊԵՏՔ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ՀՈԴՎԱԾ 32
Կողմերը պետք է համագործակցեն Եվրոպական վիճակագրական համակարգի շրջանակներում, որտեղ Եվրոստատը Եվրոպական միության վիճակագրական գրասենյակն է։ Այդ համագործակցությունը պետք է ապահովի վիճակագրական գրասենյակի մասնագիտական անկախությունը եւ Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքների կիրառումը, ինչպես նաեւ կենտրոնացված լինի հետեւյալ ոլորտների վրա՝
ա) ժողովրդավարական վիճակագրություն՝ ներառյալ մարդահամարն ու սոցիալական վիճակագրությունը,
բ) գյուղատնտեսության վիճակագրություն՝ ներառյալ գյուղատնտեսական մարդահամարները,
գ) բիզնես վիճակագրություն՝ ներառյալ բիզնես ռեգիստրները եւ վիճակագրական նպատակներով վարչական աղբյուրների կիրառումը,
դ) մակրոտնտեսական վիճակագրություն՝ ներառյալ ազգային հաշիվները, արտաքին առեւտրի վիճակագրությունը, վճարային հաշվեկշիռների վիճակագրությունը եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների վիճակագրությունը,
ե) էներգետիկայի վիճակագրություն՝ ներառյալ հաշվեկշիռները,
զ) շրջակա միջավայրի վիճակագրություն,
է) տարածաշրջանային վիճակագրություն, եւ
ը) հորիզոնական գործունեություն՝ ներառյալ որակի ապահովումն ու կառավարումը, վիճակագրական դասակարգումները, ուսուցումը, տարածումը եւ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը։
ՀՈԴՎԱԾ 33
Կողմերը, մասնավորապես, պետք է փոխանակեն տեղեկությունները եւ փորձառությունը ու զարգացնեն իրենց համագործակցությունը՝ հաշվի առնելով աջակցության տարաբնույթ ծրագրերի շրջանակներում մեկնարկած վիճակագրական համակարգի բարեփոխման գործընթացում կուտակված փորձը։ Ջանքերը պետք է ուղղված լինեն վիճակագրությանն առնչվող ԵՄ acquis-ի հետ հետագա համահարթեցմանը՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության վիճակագրական համակարգի զարգացման ազգային ռազմավարության վրա եւ հաշվի առնելով Եվրոպական վիճակագրական համակարգի զարգացումը։ Վիճակագրական տվյալների ստեղծման գործընթացում շեշտադրումը պետք է լինի վարչական փաստաթղթերի ընդլայնված կիրառումը եւ վիճակագրական ուսումնասիրությունների պարզեցումը՝ միեւնույն ժամանակ նկատի ունենալով նաեւ արձագանքների ստացման բեռի թեթեւացման անհրաժեշտությունը։ Ստեղծված տվյալները պետք է համապատասխան լինեն սոցիալական եւ տնտեսական կյանքի առանցքային ոլորտներում քաղաքականությունների մշակման եւ դրանց մոնիթորինգի համար։
ՀՈԴՎԱԾ 34
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։ Հնարավորության սահմաններում, Եվրոպական վիճակագրական համակարգի շրջանակներում նախաձեռնված գործողությունները, այդ թվում՝ ուսուցումը, պետք է բաց լինեն Հայաստանի Հանրապետության մասնակցության համար։
ՀՈԴՎԱԾ 35
Հայաստանի Հանրապետության օրենսդրության աստիճանական մոտարկումը վիճակագրությանն առնչվող ԵՄ acquis-ին պետք է իրականացվի Եվրոստատի կողմից ստեղծված՝ ամեն տարի թարմացվող Վիճակագրական պահանջների ժողովածուի համաձայն, որը Կողմերը սույն Համաձայնագրի հավելված են համարում։
ՏՐԱՆՍՊՈՐՏԸ
ՀՈԴՎԱԾ 36
Կողմերը պետք է՝
ա) ընդլայնեն եւ ամրապնդեն տրանսպորտի ոլորտում իրենց համագործակցությունը՝ կայուն տրանսպորտային համակարգերի զարգացմանը նպաստելու նպատակով,
բ) խթանեն արդյունավետ, ապահով եւ անվտանգ տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաեւ՝ տրանսպորտային համակարգերի ինտերմոդալությունը եւ փոխգործողությունը, եւ
գ) փորձեն ընդլայնել իրենց տարածքների միջեւ հիմնական տրանսպորտային հաղորդակցության ուղիները։
ՀՈԴՎԱԾ 37
Տրանսպորտի ոլորտում համագործակցությունը պետք է ընդգրկի հետեւյալ ոլորտները՝
ա) կայուն ազգային տրանսպորտային այնպիսի քաղաքականության մշակումը, որը ներառում է տրանսպորտի բոլոր տեսակները՝ մասնավորապես նպատակ ունենալով ապահովել շրջակա միջավայրը չվնասող, արդյունավետ, ապահով եւ անվտանգ տրանսպորտային համակարգեր եւ խթանել տրանսպորտի ոլորտի հետ կապված նկատառումները քաղաքականության այլ ոլորտներում ինտեգրելու գործընթացը.
բ) ոլորտային ռազմավարությունների մշակումը՝ ազգային տրանսպորտային քաղաքականության լույսի ներքո (այդ թվում՝ միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանելու նպատակով տեխնիկական սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների նորացմանը ներկայացվող իրավական պահանջները)՝ ճանապարհների, երկաթուղիների, ներքին ջրուղիների, ծովագնացության, ավիացիայի եւ ինտերմոդալության մասով, այդ թվում՝ գործողությունների իրականացման, վարչական պատասխանատվությունների, ինչպես նաեւ՝ ֆինանսական պլանների ժամանակացույցերն ու հենանիշները.
գ) ենթակառուցվածքներին առնչվող քաղաքականության կատարելագործումը՝ տրանսպորտի տարբեր տեսակներին առնչվող՝ ենթակառուցվածքների վերաբերյալ նախագծերը լավագույնս նախանշելու եւ գնահատելու նպատակով.
դ) սպասարկմանը, կարողությունների սահմանափակումներին եւ հաղորդակցության բացակայող ենթակառուցվածքին միտված ֆինանսավորման ռազմավարությունների մշակումը, ինչպես նաեւ՝ տրանսպորտին առնչվող նախագծերում մասնավոր հատվածի մասնակցության ակտիվացումը եւ խթանումը.
ե) համապատասխան միջազգային տրանսպորտային կազմակերպություններին եւ համաձայնագրերին, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային համաձայնագրերի եւ կոնվենցիաների հետեւողական կիրարկումն ու արդյունավետ իրականացումն ապահովելու ընթացակարգերին միանալը.
զ) համագործակցությունն ու տեղեկությունների փոխանակումը՝ տրանսպորտի բնագավառի այնպիսի տեխնոլոգիաների զարգացման եւ կատարելագործման նպատակով, ինչպիսիք են օրինակ՝ ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերը, եւ
է) տրանսպորտի բոլոր տեսակների կառավարման եւ շահագործման մեջ ինտելեկտուալ տրանսպորտային համակարգերի ու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը խթանելը, ինչպես նաեւ՝ ինտերմոդալությանը եւ տրանսպորտի աշխատանքը խթանող՝ կոմերցիոն կիրառությունների եւ տիեզերական համակարգերի կիրառության գործընթացում համագործակցությանն աջակցելը։

Շարունակելի…

 

 

 

ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼ

Չնայած որ ՀՀ սահմանադրական դատարանը Վանաձոր համայնքի 33 հոգուց բաղկացած ավագանու` 15 հոգու մասնակցությամբ նիստերը, հետեւաբար նաեւ դրանց արդյունքում ընդունված որոշումները հակասահմանադրական է ճանաչել, բայց դա այդ կառույցին չի խանգարում նոր նիստեր գումարել:

Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վանաձորի քաղաքապետարանը հայտարարություն է հրապարակել նոյեմբերի 23-ին ավագանու իբր հերթական նիստ գումարելու մասին: Անգամ նիստի օրակարգի նախագիծն է հրապարակվել: Ըստ այդմ, նոյեմբերի 23-ի իբր Վանաձորի ավագանին պատրաստվում է հաստատել Վանաձոր համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը: Մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Վանաձորի ավագանու՝ 2011 թվականի թիվ 21 որոշումը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վանաձորի հակասահմանադրական ճանաչված ավագանին նոյեմբերի 23-ի հերթական նիստին պատրաստվում է հաստատել նաեւ «Վանաձորի սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը: Ավելին` անգամ փոփոխելու է Վանաձոր համայնքի բնակավայրի գլխավոր հատակագծում առանձին հողակտորների նպատակային նշանակությունը: Իսկ Բաբկեն Մխիթարյանին տարածք է հանձնելու:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳԻՆՈՎՑԵԼ, ՓՈՇՄԱՆԵԼ ԵՆ
Վառելափայտի բիզնեսով զբաղվող մի խումբ անձանց կողմից «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության երկու աշխատակիցների վրա հարձակումը, ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրկիզումը եւ դրա հեղինակների փախուստի պատմությունը բավական մանրամասն լուսաբանվեց: «Ժողովուրդ» օրաթերթը եւս անդրադարձել է այս պատմությանը:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին մի խումբ անձինք մոտեցել են «Դիլիջան ազգային պարկի» տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակին եւ իրենց դժգոհությունը հայտնել ուղեփակոցի տեղադրման վերաբերյալ, քաշել տեղում պահնորդական ծառայություն իրականացնող անձանցից մեկի օձիքից: Այնուհետեւ միջադեպի մասնակից անձանցից երկուսը փայտ են վառել եւ մուտքի դռնից գցել վագոն-տնակի մեջ՝ այդ կերպ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 4 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Վերը բերված հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, թե իբր «Պանտերա սիքյուրիթի» ընկերության պահնորդները Դիլիջանի ազգային պարկը պաշտպանելու համար անողոք պայքար են ծավալել ապօրինի փայտահատների դեմ, վերջիններս իբրեւ հաշվեհարդար հրկիզել են պահնորդների վագոն-տնակը:
Սակայն տեղացիների շրջանում կատարվածի բոլորովին այլ տարբերակ է շրջանառվում: Ըստ այդմ, այդ օրը փայտի բիզնեսով զբաղվողները եւ «Պանտերա սիքյուրիթի» ընկերության պահնորդները նշված տեղում միասին կերել-խմել են, երբ օղին վերջացել է, քեֆ անողներից մեկը իջել է Դիլիջանի Շամախյան թաղամաս եւ էլի օղի բերել: Մինչ ուտել-խմելը փայտահատները եւ պահնորդները պայմանավորված են եղել, որ Դիլիջանի ազգային պարկի տարածքում վառելափայտ պատրաստելու եւ այն տարածքից դուրս բերելու մեկ փաստաթղթով կթույլատրվի 3 խմբաքանակ փայտ դուրս բերել: Սակայն գինովնալուց հետո պահնորդներից մեկը հրաժարվել է պայմանավորվածությունից եւ առարկել դրա դեմ, արդյունքում վեճ ու քաշքշուկ է սկսվել: Ինչի արդյունքում էլ փայտահատները հրկիզել են պահնորդների վագոն-տնակը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրադարձությունների՝ վերը նկարագրված տարբերակը քրգործով անցնող անձանց կողմից արդեն իսկ ներկայացվել է քրեական գործը քննող քննիչներին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս