«ՄԻԳՈՒՑԵ ՄԻ ՓՈՔՐ ԱՎԵԼԻ ՄՈՏ ԵՆՔ, ՔԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երգիչ Վարդան Սարգսյանի հետ զրուցել է երգարվեստ վերադառնալու, «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիայի հետ հարաբերությունների, առաջիկա խենթ ճամփորդության, օտարազգի աղջկա հետ ամուսնանալու եւ այլ թեմաների շուրջ:

-Վարդա՛ն, հայտնի հնդիկ դերասանուհի Ռաշմի Դեսայի, նույն ինքը՝ «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիայի հետ Ձեր համագործակցությունը (դերասանուհին նկարահանվել է երգչի տեսահոլովակում) մեծ աղմուկ բարձրացրեց: Երբ հարցնում էին Ձեր եւ դերասանուհու հարաբերությունների մասին, Դուք ինտրիգային պատասխաններ էիք տալիս: Հիմա շատերի մոտ հարց է ծագում՝ Ձեր մեջ, ի վերջո, սիրավեպ կա՞, թե՞ ոչ:
-Կասեմ մի բան՝ մենք շատ լավ ընկերներ ենք, միգուցե մի փոքր ավելի մոտ, քան սովորական ընկերները: Ես նրան շատ-շատ սիրում եմ որպես լավ մարդ:
-Առաջիկայում դերասանուհու հետ կրկին համագործակցություն կլինի՞:
-Կարծում եմ՝ այո՛, քանի որ տեսահոլովակը պետք է հետագայում ունենա շարունակություն: Հուսամ՝ Ռաշմին եւս կմասնակցի նկարահանումներին:
-Դերասանուհու մասնակցությունը Ձեր տեսահոլովակում, նրա մասին Ձեր հայտարարությունները ոմանք որակեցին որպես PR քայլ, ի՞նչ կասեք:
-Ես այդ համագործակցության շնորհիվ ինձ համար գտա լավ ընկեր: Եթե դա միաժամանակ եղավ PR քայլ, միայն ուրախ եմ այդ առթիվ: Դա բնական է: Ես նույնիսկ չէի երազել, որ նման հայտնի դերասանուհի նկարահանվի իմ տեսահոլովակում: Բայց դա եղավ: Ինձ ճանաչողները գիտեն` PR-ի համար ես կարող եմ համագործակցել, բայց ոչ ընկերություն անել: Այս պարագայում PR-ը վերջին տեղում էր:
-Վերջերս հաճախ եք զարմացնում երկրպագուներին, գուցե առաջիկայում էլի՞ հայտնիներից որեւէ մեկի հետ համագործակցեք:
-Այժմ ես աշխատում եմ շատ հետաքրքիր նախագծի շուրջ: Ցավոք, փակագծերը բացել չեմ կարող, բայց, կարծում եմ, արդյունքը երկար սպասեցնել չի տա:
-Վարդա՛ն, «Տնից հեռու» ծրագրի շրջանակում առաջիկայում ո՞ր երկիր կայցելեք: Ի՞նչ անակնկալներ են սպասվում հեռուստադիտողներին:
-Շուտով կլինեմ Աֆրիկայում: Այնտեղ կատարելիք նկարահանումները կնպաստեն, որ դա լինի նախագծի ամենից հետաքրքիր եթերաշրջանը:
-Սպասենք խենթությունների՞:
-Բավականին շատ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ աֆրիկյան երկրներում խենթություններն անպակաս են:
-Ենթադրում եմ, որ վայրի ցեղերի հետ հանդիպումներ կունենաք:
-Այո՛, բուն նպատակս հենց դա է: Ի դեպ, վայրի ցեղերի ներկայացուցիչների նկարել էինք նաեւ Շրի Լանկայում: Բայց այն, ինչ սպասվում է Աֆրիկայում, կլինի ավելի հետաքրքիր:
-Վերջին տեսահոլովակը կարծես վերադարձրեց Ձեզ երգարվեստ: Նոր երգեր, տեսահոլովակներ Ձեզնից սպասե՞նք:
-Անպայման կլինեն շատ երգեր: Ինձ համար մեծ երջանկություն է այն, որ մարդիկ ուշադրություն են դարձնում իմ աշխատանքներին: Մեկ ամսում տեսահոլովակն ունեցավ մեկ միլիոն դիտում: Դա ինձ, իսկապես, ոգեւորում է:
-Մի փոքր էլ անձնականից խոսենք: Դուք նշել էիք, որ եթե սիրեք, օրինակ, հնդիկ աղջկա, կամուսնանաք նրա հետ: Իսկ, ըստ Ձեզ, հայ աղջիկների առանձնահատկությունը ո՞րն է:
-Այն, որ հայ են, այդ հանգամանքն արդեն առանձնահատկություն է հաղորդում նրանց: Բայց եթե որեւէ աղջկա տեսնեմ իմ կողքին, ազգությունն արդեն ինձ համար նշանակություն չի ունենա:
-Կարգավիճակի փոփոխության մասին մտածո՞ւմ եք:
-Այժմ ես անձնականի, կարգավիճակի մասին մտածելու ժամանակ չունեմ: Հիմա գործում է նաեւ իմ տուրիստական գործակալությունը, որը կայացման փուլում է: Ես ամեն օր աշխատում եմ, կազմակերպում եմ խմբային ճամփորդություններ: Այսօր մարդիկ հնարավորություն ունեն ինձ հետ մեկնելու էկզոտիկ երկրներ, որտեղ միայնակ, գուցե, ռիսկ չանեին մեկնել: Մի խոսքով, ինձ 24 ժամը չի բավականացնում, հարկավոր է ավելին:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

«ԱՍՏՎԱԾ ԿԱՄԵՑԱՎ, ՈՐ ԸՆՏՐՅԱԼՍ ՀԱՅՈՒՀԻ ԼԻՆԻ»

Արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանում է հագուստի դիզայներ, ամերիկաբնակ դերասան Միքայել Շարաֆյանը: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հայրենիք է եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես խորհրդական հանդես գալու համար: Միաժամանակ Միքայելը բեմադրությունների շրջանակում պետք է զբաղվի հագուստի դիզայնով: Նա, ի դեպ, Հայաստան է եկել թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով:

«Ինձ համար առանձնակի հաճույք է աշխատել մի թատրոնում, որտեղ մայրս՝ Ռուզան Մուրադյանը, երեսուն տարի եղել է գլխավոր կոնցերտմայստեր»,-ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Միքայելն այս տարի արժանացել է մրցանակի՝ դեռ երեք տարի առաջ էկրան բարձրացած «Հարսնացուն Վեգասից» կատակերգության գլխավոր հերոսի դերը մարմնավորելու համար: Մենք հետաքրքրվեցինք՝ ֆիլմերում հանդես գալու ծրագրեր էլի կա՞ն. «Ես ընդհանրապես չէի պատրաստվում նկարահանվել այդ ֆիլմում, կարելի է ասել՝ ստիպողաբար նկարվեցի (ծիծաղում է): Մտադիր էի զբաղվել միայն ֆիլմի զգեստների ձեւավորմամբ, սակայն ռեժիսորը եւ այլ թիմակիցներ մի քանի ամիս «հետապնդում էին» ինձ եւ հասան նրան, որ ես տվեցի իմ համաձայնությունը: Ամեն դեպքում, պետք է շեշտեմ, որ դերասանությունն իմ մասնագիտությունը չէ: Իհարկե, որպես դերասան հանդես գալու առաջարկները կարելի է երբեմն ընդունել, քանի որ փորձ եմ ձեռք բերում, նաեւ որպես դիզայներ գործնականում պատկերացում եմ կազմում, թե դերասանն այս կամ այն հագուստի մեջ իրեն ինչպես է զգում»,-պատասխանեց Միքայելը:
Ի դեպ, մեր զրուցակիցն այս տարվա սեպտեմբերին հայրենիքում նշանադրվեց 21-ամյա Նարե Գրիգորյանի հետ: Նրանց հարսանիքը տեղի կունենա Լոս Անջելեսում, օգոստոսին: Հարցին, թե արդյոք կարեւորել է այն հանգամանքը, որ ընտրյալը հայ լինի, Միքայելը պատասխանեց. «Ո՛չ, նման պարտադիր պայման ինքս իմ առջեւ երբեք չեմ դրել: Նախկինում ես ունեցել եմ այլազգի ընկերուհիներ, բայց Նարեի հետ ծանոթանալուց հետո հասկացա, որ շատ նման ենք իրար ու միմյանց լավ ենք հասկանում: Աստված կամեցավ, որ ընտրյալս հայուհի լինի»:
Միքայելը, հավանաբար, Հայաստանում կմնա մինչեւ տարեվերջ. «Իմ գործունեությունն, ամեն դեպքում, Լոս Անջելեսում է, դժվար կլինի ամեն բան թողնել եւ գալ, հաստատվել Հայաստանում»,-եզրափակեց նա:
Հավելենք, որ Միքայել Շարաֆյանը 2011 թվականին Լոս Անջելեսում կայացած Հոլիվուդյան կինոփառատոնում հաղթել է «Հագուստի լավագույն դիզայներ» անվանակարգում Disasteroid տեսահոլովակի համար: Նա դերասան Լեւոն Շարաֆյանի որդին է:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս