Վանաձորի ավագանու շուրջ վերջին զարգացումներն անակնկալ անվանելը միամտություն կլինի: Առավել մեծ անակնկալ էր, որ «Հայկական վերածնունդ» կուսացությունը, նույն ինքը «Օրինաց երկիրը», ընդդիմադիր կերպարի մեջ կարողացավ մնալ ԱԺ ընտրություններից հետո այսքան երկար՝ մոտ կես տարի: Նրանք այլեւս քաղաքական համագործակցության հուշագիր են ստորագրել իշխող ՀՀԿ-ի հետ՝ դրա դիմաց ստանալով Վանաձորի փոխքաղաքապետի պաշտոնը: Հիմա Վանաձորի ավագանու նիստերին քվորում կապահովվի: Բայց որքան էլ անվանափոխված ՕԵԿ-ի՝ Վանաձորի ավագանու անդամների նիստերին մասնակցելն օրինական դարձնի այդ մարմնի ներկա գործունեությունը, միեւնույն է՝ դրանից խնդրի էությունը չի փոխվի, եւ նախորդ՝ ավելի քան մեկ տարվա անգործությունը եւ հակասահմանադրականությունը չի վերանա: Իսկ երբ ՍԴ-ի հայտնի որոշումը 2018 թվականի մարտի 31-ից ամբողջությամբ սկսի գործել, Վանաձորի ավագանու՝ մինչեւ այս տարվա նոյեմբերի 10 կայացրած որոշումները ուժը կորցրած կճանաչվեն: Արդյունքում, կստացվի, որ Վանաձորի ավագանին ձեւավորման պահից՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ից, չի գործել, քանի որ ավագանու գործունեությունն արտահայտվում է որոշումներով: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը պարտադրված կլինի արտահերթ ընտրություններ անցկացնել, իհարկե, եթե մինչ այդ արդեն ընտրություններ նշանակված եւ անցկացված չլինեն:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ վերջերս տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանը խոստացել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունների ավարտից հետո՝ եկող տարվա ապրիլին, Արթուր Բաղդասարյանին նշանակել ՍԴ նախագահ: Կկատարի՞ իր խոստումը, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա:
Բավական չէին վերջին ամիսներին Հայաստանում սննդամթերքի շուկայում կտրուկ թանկացումները, հունվարի 1-ից կբարձրանա նաեւ խմելու ջրի գինը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է քննակել այդ հարցը: Ըստ ՀԾԿՀ նախագծի՝ խմելու ջրի եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները ընդհանուր կկազմեն 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ներկայումս այդ սակագինը կազմում է 180 դրամ: Մասնավորապես միայն խմելու ջրի մատակարարման սակագինը գործող 153 դրամի փոխարեն դառնալու է 162,7 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Իսկ մեկ խորանարդ մետր ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունը գործող սակագնով 27 դրամ է, նոր սակագնի ուժի մեջ մտնելուց հետո այն կդառնա 28,7 դրամ: Ու չնայած համատարած այս գնաճին՝ իշխանությունները որեւէ քայլ չեն անում իրավիճակը մեղմելու ուղղությամբ:
Իշխանությունները մեծ շուքով հայտարարեցին «Ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում «Ես եմ» ծրագրի մասին: Բայց առաջին հայացքից գրավիչ թվացող ծրագիրն իր մեջ նրբություններ է պարունակում, որը ոչ բոլորին է ձեռնտու: «Ես եմ» ծրագիրը, ինչպես հայտնի է, տալիս է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն: Ըստ այդմ, այս ծրագրով զինծառայողը երկու շաբաթ անցկացնելու է մարտական հերթապահությունում, մեկ շաբաթ՝ զորամասում եւ 1 շաբաթ՝ տանը: Այս ծրագրով զինծառայողներն ամսական ստանալու են 35 հազար դրամ՝ այժմ սովորական զինծառայողի 3500 դրամի փոխարեն, իսկ արդեն երեք տարի անց իրենց հաշվին ունենալու են 5 մլն դրամ: Միայն թե «Ես եմ» ծրագիրն ընտրած զինծառայողների վրա այս դրույթները տարածվելու են ծառայության վեցերորդ ամսից: Բացի այդ՝ 5 մլն դրամն էլ կարողանալու են ծախսել սահմանափակ՝ երեք ուղղություններով՝ կրթություն, բիզնես-ծրագիր գյուղատնտեսության ոլորտում եւ բնակարանի ձեռքբերում:
Հայաստանում եթե նախկինում ուղեւորափոխադրման ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մեկը, ապա հատկապես միջքաղաքային առանձին ուղղություններ գնալով դառնում են վնասակար: Պատճառը միջքաղաքային ուղեւորափոխադրում իրականացնող տաքսիներ են, որոնք «խփում են» երթուղային միկրոավտոբուսների գործին: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մարզերում միջքաղաքային տաքսիների բիզնեսը վերածվել է յուրատեսակ մենաշնորհի եւ պատկանում է քրեական, թաղային հեղինակություններին: Ասել է, թե օրինական գծատերերը ստիպված են պայքարել ինքնահռչակ գծատերերի հետ: Իսկ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, չի էլ փորձում կանոնակարգել ոլորտը: Արդյունքում, նրանց լուռ թողտվության պայմաններում երթուղային միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները, որոնցից շատերը վարկերի տակ են, կա՛մ արդեն սնանկացել են, կա՛մ աշխատում են զրոյական շահույթով: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւան-Իջեւան, Երեւան-Նոյեմբերյան երթուղային ավտոբուսների գիծը չի գործում:
ՌՈՒՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի այցը Բաքու, այնուհետեւ Երեւան, վերհանեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը: Լավրովը, հիշեցնենք, երեկ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ Հայաստանում նա Սերժ Սարգսյանին ու Էդվարդ Նալբանդյանին կհանդիպի այսօր:
Բաքվում ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, թե ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնությունների պատճառով ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի շրջանակում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը չի տուժել: «Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շահագրգռված է խնդրի հանգուցալուծումը գտնելուն եւ առաջխաղացում ապահովելուն ուղղված ջանքերի գործադրման մեջ։ Մենք ձեզ հետ համաձայն ենք՝ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է նա: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, Լավրովը՝ պնդելով, որ դիվանագիտությունը կարող է օգնել խնդրի կարգավորման գործընթացը «մեռյալ կետից» առաջ շարժելուն, ասել է. «Դիվանագիտությունն ի վիճակի է գտնել այնպիսի մոտեցումներ, որոնք ընդունելի կլինեն հակամարտության բոլոր կողմերի համար: Հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերի, միջոցների, պայմանավորվածությունների փաթեթը բանակցային սեղանին է:…Ղարաբաղյան համակարտության շարունակությունը որեւէ մեկին ձեռնտու չէ: Հարկավոր է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: Առավել եւս, որ այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են»:
Միաժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն էլ ասել է. «ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր գաղափարները սեղանին են: Պետք է միայն դրանցից վերջնական փաստաթուղթ հավաքել, որն ընդունելի կլինի բոլորի համար: Մենք բոլորս գիտենք՝ ուր ենք հասել եւ ինչպես պետք է առաջ շարժվենք»:
ԼՂ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքները, թերեւս, հայտնի են ամենքին. այդ սկզբունքները հրապարակվել են բազմիցս ե՛ւ համանախագահների, ե՛ւ համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Բայց հատկանշական է փաստը, որ հիմնական սկզբունքները մեկտեղելու եւ փաստաթղթի վերածելու մասին խոսվում է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հեռանկարի համատեքստում. Լավրովը Բաքվում այս թեմայի մասին խոսելիս՝ ասել է. «Եվրասիական տնտեսական միությունը բաց ինտեգրացիոն միություն է: Մենք ոչ մեկին չենք ստիպում անդամակցել այդ կազմակերպությանը… Շատ ուրախ կլինենք այդ կառույցում տեսնել նաեւ Ադրբեջանին»: Այլ կերպ ասած՝ տպավորություն է, թե ԼՂ խնդրի լուծումը հենց Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու շրջանակներում է լինելու: