ՆԺԴԵՀՈՎ ԵԿԵԼ ԵՆ, ՆԺԴԵՀՈՎ ՉԵՆ ԳՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 19-ի երեկոյան ռուսական դաշնային «Звезда» հեռուստաալիքի «Прогнозы с Вероникой Крашенинниковой» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է պաշտոնական Երեւանին ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր կնքելու ցանկության համար՝ Հայաստանի ճանապարհը համեմատելով ուկրաինականի հետ: Սակայն չսահմանափակվելով այդքանով՝ հաղորդավարուհին անդրադարձել է Գարեգին Նժդեհին, ապա իշխող ՀՀԿ-ին եւ վերջինիս խորհրդանիշը համեմատել Ադոլֆ Հիտլերի գլխավորած Ազգային սոցիալիստական աշխատանքային կուսակցության, ասել է, թե նացիստների զինանշանի հետ:

Նախ նկատենք, որ «Զվեզդա»-ն պատկանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, իսկ հաղորդավարուհին՝ Վերոնիկա Կրաշեննիկովան, Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի անդամ է: Այլ կերպ ասած՝ «Զվեզդան» ՌԴ պաշտոնական տեսակետը ներկայացնող ռուսական հեռուստաալիքներից մեկն է:
Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի հետ կապված այսպիսի մի դեպք էր գրանցվել նաեւ նախորդ տարի, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել էր Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը եւ ընդգծել, թե Մոսկվան զարմացած է Երեւանում Վերմախտի «Հայկական լեգիոնի» հիմնադիրներից մեկի՝ գեներալ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»: Հավելենք, որ ավելի ուշ հաղորդման տեսանյութը ջնջվել էր համացանցից:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, ռուսական դաշնային հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, որի ժամանակ նաեւ քննադատել է Գարեգին Նժդեհին եւ Ձեր կուսակցությանը:
-Այդպիսի քննադատությունը նոր չէ, նախկինում էլ է եղել: Վերջին հաշվով լրագրողներ են, ովքեր որոշակի ոչինչ չներկայացնող փաստեր են ներկայացնում: Նժդեհն ինքը գրականագետ է, բարձր գրականագետ, ազգասեր, ազգագրագետ: Նժդեհին տեսնում եմ միայն որպես զորավար: Բազմակարող, բազմիմաստ անձնավորություն է, եւ որեւէ մեկը, եթե Նժդեհից էր խոսում, դա ինչ-որ չափով ազդում էր մեզ վրա, բայց մենք արդեն սովորել ենք: Մենք դեռեւս 90-ական թվականներից առաջ Նժդեհով մտանք քաղաքականության մեջ: Մեր Նժդեհի գաղափարախոսությունը, բնականաբար, նաեւ կիսում ենք:
-Այդ հաղորդման ժամանակ նշվում է, թե ՀՀԿ-ի խորհրդանիշը նման է Ադոլֆ Հիտլերի գլխավորած Ազգային սոցիալիստական աշխատանքային կուսակցության զինանշանին:
-Գիտեք՝ դրանք բոլորը հիմար երեւույթներ են, որովհետեւ Նժդեհն ինքն իր կարողություններով նաեւ պայքարել է նաեւ գերմանացիների դեմ, նաեւ կյանքի վերջում սովետական զինված ուժերին դիմեց, որպեսզի որոշակի գործողություններ կատարվեն Թուրքիայի համար: Այնպես որ որեւէ բան չի կարող կպչել Նժդեհին: Իհարկե, մենք վատ ենք զգում, բայց դա այդպես քաղաքականության մեջ անհիմն, պատահական մի երեւույթ ենք համարում: Խորհրդանիշը մեր քաղաքական անցյալի, պատմության մեր խորհրդանիշներից մեկն է, եւ մենք այդ խորհրդանիշով ենք մտել եւ դարձրել ենք մեր կուսակցության հիմնական խորհրդանիշը: Դա որեւէ այլ կուսակցության, դա լինի գերմանական կամ որեւէ այլ երկրի, որեւէ մեկի հետ դա երբեք չի առնչվում: Գոնե պետք է ռուսները մտածեն, որ հայերը, ըստ էության, իրենց նպատակադրումների մեջ դրական հարաբերություններ ունեն այլ ազգերի նկատմամբ: Այնպես որ, ֆաշիզմի հետ կապել մեզ, դա անհիմն հերյուրանք է:
-Սակայն առաջին անգամը չէ, երբ ռուսական կողմից նման արձագանք է լինում: Նախորդ անգամ էլ եղավ Երեւանում՝ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման ժամանակ, այն էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից:
-Հասկանալի է, լրագրողներ են, աշխատում են, եւ չեմ էլ մտածում, որ դա Ռուսաստանի պետության խնդիրն է: Դա առանձին մարդկանց ինչ-որ խնդիրներ են, որոնց մենք պատասխանում ենք: Դուք անընդհատ ասում եք՝ ռազմավարական, դուրս է գալիս՝ Ռուսաստանի իշխանություններն են անում: Մենք անընդհատ խոսում ենք ռազմավարական գործընկերության մասին, սակայն մենք անընդհատ մեր քաղաքականությունն առաջ ենք տանում, հիմա այն խնդիրները, որոնք կապված են մեր հարեւանների, մասնավորապես ՌԴ-ի հետ, փորձում ենք լուծումներ տալ: Իսկ ինչ վերաբերում է Նժդեհի արձանի տեղադրմանը, ապա մենք միշտ էլ հերոսացնելու ենք Նժդեհին, նա մեր գաղափարախոսն է, նա բարձր կարգի որակավորում ունեցող անհատ է, շատ լավ պատկերացնում է մեր ազգի ճակատագիրը, մեր ազգի ըմբռնումները, եւ մենք գնում ենք այն Հայաստան, որը, ըստ էության, կարողացել է ներկայացնել Նժդեհը, իսկ այդ Հայաստանը որեւէ պետության նկատմամբ թշնամանք չի կարող ունենալ:

 

 

 

«ԵՍ ԵՄ» ԾՐԱԳԻՐԸ ԿԳՈՐԾԻ ՀՈՒՆՎԱՐԻՑ

Հաջորդ զորակոչից՝ հունվարից, նախատեսվում է սկսել «Ես եմ» ծրագրի կիրառումը, որն, ինչպես հայտնի է, տալիս է այլընտրանքային զինվորական ծառայության հնարավորություն: Այս մասին «Ճամփորդ» հիմնադրամի կազմակերպած՝ «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն՝ օնլայն եւ օֆլայն պատերազմական իրավիճակում» դասընթացի մասնակիցների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը:

Նա հայտնեց, որ ցուցումներ են տրվել, որպեսզի զորակոչի նախապատրաստական աշխատանքների ժամանակ բոլոր նորակոչիկներին ներկայացվի «Ես եմ» ծրագրի մանրամասները: Խոսելով ծրագրի մասին՝ Սիմոնյանը նշեց, թե ցանկացողների հետ կնքվելու է քաղաքացիաիրավական պայմանագիր, եւ զինծառայողը չի համարվելու պայմանագրային: Խոսելով այլընտրանքի մասին՝ նա նշեց, թե այս ծրագրով զինծառայողը երկու շաբաթ անցկացնելու է մարտական հերթապահությունում, մեկ շաբաթ՝ զորամասում եւ 1 շաբաթ՝ տանը:
Սկզբնական շրջանում, քանի դեռ հստակ չէ դիմողների քանակը, նրանց ծառայելու վայրը որոշելու է ՊՆ-ն, այլ ոչ թե վիճակահանությամբ, եւ նախատեսված է, որ այդ ծրագրով ծառայողները լինեն մեկ ստորաբաժանման մեջ: Ծրագրի դրույթներում կան կետեր, որոնց այս ընթացքում ուշադրություն այնքան էլ չի դարձվել, որոնք, սակայն, կարեւոր են: Մասնավորապես, ինչպես հայտնի է՝ այս ծրագրով զինծառայողներն ամսական ստանալու են 35 հազար դրամ՝ այժմ սովորական զինծառայողի 3500 դրամի փոխարեն, իսկ արդեն երեք տարի անց իրենց հաշվին ունենալու են 5 մլն դրամ, որը կարող են ծախսել երեք ուղղություններով միայն՝ կրթություն, բիզնես-ծրագիր (գյուղատնտեսություն), բնակարանի ձեռքբերում: Սակայն «Ես եմ» ծրագիրն ընտրած զինծառայողների վրա այս դրույթները տարածվելու են միայն ծառայության վեցերորդ ամսից: «5 ամիս կիրականացվի պատրաստություն, 6-րդ ամսից կներգրավվի մարտական հերթապահության, 10 օր արձակուրդ կտանք, կվերադառնա, նոր ծրագիրը կսկսի աշխատել», – նշեց նա:
Ընդ որում, այստեղ հետաքրքիր են նաեւ պայմանագիրը վաղաժամկետ խզելու հետ կապված դրույթները: Եթե զինծառայողը որոշի խզել պայմանագիրը, ապա նրա ծառայության ժամկետից հանվելու է տանը գտնվելու ժամանակահատվածը, եւ արդյունքում, եթե հանրագումարը սովորական ծառայության համար նախատեսված 24 ամսից քիչ է ստացվում, զինծառայողն արդեն սովորական պայմաններով պետք է շարունակի ծառայությունը՝ մինչ ժամկետի լրանալը, իսկ եթե 24 ամիս ծառայած է լինում, ապա այդ պահից զորացրվում է:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն անհետաձգելի է համարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրենքի նախագիծն ու այն ուղարկել Ազգային ժողով: Մի քանի լսումներ անցած նախագիծն արդեն իսկ ընդգրկված է խորհրդարանի օրակարգում: Ու քանի որ աղմկահարույց նախագիծը անհետաձգելի է համարվել, ապա այն կքննարկվի առաջիկա քառօրյայում՝ դեկտեմբերի 5-ին: Հետաքրքիրն այն է, որ այս նախագիծը հեղինակել ու ԱԺ է ներկայացրել ազգային-պահպանողական համարվող ՀՀԿ կառավարությունը (չնայած՝ իրական հեղինակը ՀՀԿ-ի եվրոպականացված թեւն է՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ): Բայց ԱԺ ՀՀԿ պատգամավորներն ի սկզբանե հայտարարել էին, թե դեմ են այդ նախագծին, նույնիսկ ներքին որոշում ունեն ցանկացած գնով դեմ քվեարկելու: Հետաքրքիր է՝ ինչ է անելու այս առումով կառավարությունը եւ առաջիկայում էլ ի՞նչ զիջումների է գնալու:

 

 

ՄԵԿՆՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու այլ պաշտոնատար անձինք այցելելու են Դիլիջան՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան: Այցն, ինչպես միշտ, լուսաբանվելու է միայն սահմանափակ լրատվամիջոցների կողմից: Ինչպես հայտնի է՝ կառավարության՝ մարտի 16-ի որոշմամբ Դիլիջանում տարածք էր տրվել պաշտպանության նախարարությանը, որտեղ պետք է անցկացվեր Մ. Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի գործունեությունը: Նոր ուսումնական տարվա մեկնարկին պաշտպանության նախարարն արդեն այցելել էր վարժարան, ծանոթացել պայմաններին: Այսօր արդեն Սերժ Սարգսյանի՝ այնտեղ այցելելու օրն է: Մեր տեղեկություններով՝ այս օրերին տեղում ակտիվ աշխատանքներ են ընթանում՝ Ս. Սարգսյանին դիմավորելու համար:

 

 

ԵՎՍ ՄԵԿ ԴԻՄՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր»-ի գործով դատավոր, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը դիմում է գրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ խնդրելով, որպեսզի իրեն մինչեւ 2018թ. փետրվարի 19-ը ներառյալ հանեն գործերի բաշխման ցանկից: Նրա դիմումը բավարարվել է: Նա, ի դեպ, առաջին դատավորը չէ, որ նման դիմում է ներկայացնում:
Հիշեցնենք, որ դատավորները նման քայլի գնում են, քանի որ դատական գործերը այնքան շատ են, որ չեն հասցնում քննել: Դատական համակարգում լուրջ խնդիր է դարձել նաեւ դատական նիստերի առատության պատճառով դահլիճների բացակայությունը. «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ պարբերաբար դատական նիստեր չեն կայանում զուտ դահլիճ չլինելու պատճառով: Այս տարվա ընթացքում արդեն 11 դատավոր է նման դիմում գրել, որոնք բոլորն էլ բավարարվել են:




Լրահոս