Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` նախկին «Օրինաց երկիրն» այս տարիների ընթացքում մշտապես հավատարիմ է եղել իր գործելաոճին. ընտրություններից առաջ հայտնվում է ընդդիմադիր ճամբարում, իսկ արդեն ընտրություններից հետո` իշխանությունների գրկում: Այս տրամաբանության մեջ էր Վանաձորում ՀՀԿ-ի հետ ՀՎԿ ավագանու խմբակցության ստորագրած համագործակցության հուշագիրը:
Ու հիմա իշխանություններին սատարելու դիմաց ՀՎԿ-ն ստացավ փոխքաղաքապետի պաշտոնը: Մինչդեռ նույն ՀՎԿ-ն մեկ տարի առաջ համագործակցության հուշագիր էր ստորագրել «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ՝ պարտավորվելով Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին միասնաբար պաշտպանել ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող, համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին: Ընդդիմադիր դիրքերից հանդես եկող երեք խմբակցությունները միասին ստացել էին 33 մանդատների կեսից ավելին` 18-ը: Բայց հիշում եք` ավագանու այդ նիստում ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը փակ-գաղտնի քվեարկությամբ ստանալով ավագանու 33 անդամներից 19-ի ձայնը՝ դարձավ Վանաձորի քաղաքապետ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ավագանիում ունեին 15 հոգի:
Երկար ժամանակ կասկածներ կային, որ ՀՀԿ-ական թեկնածուի օգտին քվեարկած ավագանիների թվում էին նաեւ ՀՎԿ-ականները: Այդ կասկածները ցրելու համար ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը մեկ տարի առաջ հայտարարել էր. «Ես վստահ եմ, որ իմ քաղաքական թիմը հստակ ընտրել է իր սկզբունքի համաձայն, ինչ որոշում որ եղել է: Իսկ նրանք, ովքեր շեղվել են ընդհանուր համաձայնության որոշումից, նրանք ուղղակի անբարոյականներ են»: Այդ կասկածները ցրելու համար նաեւ ՀՎԿ-ն Վանաձորում միացավ ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի բոյկոտին՝ ավելի քան մեկ տարի շարունակ չմասնակցելով ավագանու նիստերին: Մանավանդ առջեւում ԱԺ ընտրություններն էին, եւ ՀՎԿ-ին պետք էր ձայն ստանալու համար հանդես գալ ընդդիմադիր կերպարում (այդ տրամաբանությամբ նրանք չէին մասնակցում նաեւ Գյումրիի ավագանու նիստերին, քանի որ վիճահարույց էր նաեւ ՀՀԿ-ի աջակցությունը վայելող Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտրությունը):
Բայց այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց քվորումի բացակայության պայմաններում Վանաձորում անցկացված ավագանու նիստերը, ՀՎԿ-ն կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ իշխանությունների հետ ստորագրելով համագործակցության հուշագիր:
Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցության այս պահվածքն ամենեւին էլ նորություն չէ, եւ կատարվածը հասարակությունն ընդունեց առանց զարմանքի:
Նախ` այս կուսակցությունը /նախկինում` ՕԵԿ-ը/ իր հիմնադրման օրվանից` 1998թ. սկսած համարվել է Սերժ Սարգսյանի ստեղծած եւ հովանավորած ուժը: Եւ այս տարիների ընթացքում ՕԵԿ-ն իր գործողություններով մշտապես հիմնավորել է կասկածները. 2003թ. ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ էր, բայց 2006թ. Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից ու կուսակցությունն էլ հայտարարեց ընդդիմադիր: Նա ընդդիմադիրի անվան տակ մասնակցեց 2007թ. ԱԺ եւ 2008թ. նախագահական ընտրություններում: Բայց մարտի 1-ի սպանդի նախօրեին կոալիցիա կազմեց Սերժ Սարգսյանի հետ՝ այդպես լեգիտիմացնելով մայրաքաղաքի կենտրոնում տասը հոգու գնդակահարությունը: 2008-2014թթ. Ա. Բաղդասարյանը զբաղեցնում էր ԱԽՔ-ի պաշտոնը: Բայց ընտրություններից առաջ կրկին հրաժարական տվեց, կոալիցիայից կրկին դուրս եկավ եւ իրեն հայտարարեց ընդդիմադիր: Միայն թե 2017թ. ԱԺ ընտրություններում ՀՎԿ անվան տակ հանդես եկող ՕԵԿ-ին չհաջողվեց անցնել խորհրդարան. ժողովուրդն այս անգամ չներեց ու պատժեց նրան:
Հիմա, փաստորեն, Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի իշխանության հետ վերսկսել է «քաղաքական սիրախաղը»: Սա պարզ դարձավ դեռ այս ամսվա սկզբին, երբ նոյեմբերի 1-ին Սերժ Սարգսյանն այցելեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արթուր Բաղդասարյանն է, իսկ ռեկտորը` ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Հիմա համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ս. Սարգսյանն Արթուր Բաղդասարյանին խոստացել է ՍԴ նախագահի պաշտոնը: Մանավանդ, որ ՀՎԿ նախագահը համապատասխանում է չափանիշներին. իրավագիտության դոկտոր է (տեղի ունեցածն, ի դեպ, ներիշխանական խլրտոցների առիթ է դարձել. ինչպես հայտնի է` ՍԴ նախագահի տեղի վրա աչք ունի նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հրայր Թովմասյանը: Բայց սա խոսակցության այլ թեմա է): Այս կապակցությամբ ՀՎԿ-ականներից մեկնաբանություններ ստանալու՝ «Ժողովուրդ»-ի փորձերն անցան ապարդյուն. կուսակցության պատասխանատուները կա՛մ չէին պատասխանում մեր զանգերին, կա՛մ նրանց հեռախոսներն անհասանելի էին:
Փոխարենը ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հասցրել էր հարցազրույց տալ tert.am-ին ու ցնցող հայտարարություն արել. «Իհարկե, Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցությունն այսօր էլ է ընդդիմադիր, որեւէ նշանակություն չունի, որ համագործակցության հուշագիր են ստորագրում քաղաքապետը եւ մեր ավագանին»: Սա, համաձայնեք, նոր ճիչ է քաղաքագիտության մեջ: Միայն թե դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող է որեւէ կուսակցություն, իշխանության հետ ստորագրելով համագործակցության հուշագիր, ստանալով փոխքաղաքապետի պաշտոնը, այսինքն` ունենալով իշխանություն, լինել ընդդիմադիր: Բայց ՀՎԿ-ի դեպքում ամեն ինչ հնարավոր է: Ի վերջո, նույն հարցազրույցում Բիշարյանին երբ հիշեցրել են մեկ տարի առաջ արած արտահայտությունը` ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելը եւ ՀՀԿ թեկնածուի օգտին կողմ քվեարկելը որակել էր «անբարոյական քայլ», վերջինս կրկնել է. «Անկախ նրանից, որ քաղաքական ուժերի անդամներ են եղել, ովքեր են եղել, ես այդ գաղտնի, դավաճանական քայլը նորից անվանում եմ անբարոյականություն»: Այսքանից հետո խոսքերը, թերեւս, ավելորդ են:
Մինչ այդ, նկատենք, թեեւ ՍԴ որոշումից հետո ՀՎԿ-ն Վանաձորում օգնության հասավ իշխող ՀՀԿ-ին, եւ հիմա նրանք կարող են ավագանու նիստերին ապահովել քվորում, իրականությունը դրանից չի փոխվում. նախորդ մեկ տարվա ընթացքում անցկացված Վանաձորի ավագանու նիստերը եղել են հակասահմանադրական: Ու երբ ՍԴ-ի հայտնի որոշումը 2018 թվականի մարտի 31-ից ամբողջոթյամբ սկսի գործել, Վանաձորի ավագանու՝ մինչեւ այս տարվա նոյեմբերի 10 կայացրած որոշումները ուժը կորցրած կճանաչվեն: Արդյունքում կստացվի, որ Վանաձորի ավագանին ձեւավորման պահից՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ից, չի գործել: Իսկ այս դեպքում ՀՀ կառավարությունը պարտադրված պետք է լինի ՏԻՄ մասին օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրություններ անցկացնել: Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցությունն արդեն դիմել է կառավարություն` պահանջելով դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորություններն ու նշանակել արտահերթ ընտրություններ։
Հ.Գ. Հետաքրքիր է՝ այս օպերացիան ինչո՞ւ ավելի վաղ չկազմակերպեցին, օրինակ՝ ապրիլի 2-ի ընտրություններից հետո: Այն ժամանակ գոնե հույս կար փրկել իրավիճակը, որպեսզի ավագանու անգործությունը չտեւեր մինչեւ օրենքով սահմանված վերջնաժամկետը: Հնարավո՞ր է՝ այս «բաց թողնված» ժամկետի համար Արթուր Բաղդասարյանը չներվի: Ժամանակը ցույց կտա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՆԵՐՁԱԳԻՆ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժինը նոր պետ ունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս պաշտոնին նշանակվել է ԿԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար, վաղամեռիկ Մհեր Ղազարյանի աներաձագը` Մհեր Համբարձումյանը: Նա մինչ այս որպես փորձագետ աշխատել էր ՀՀ նախագահի նստավայրում: Ի դեպ, Համբարձումյանին այս պաշտոնին նշանակելու մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր օրեր առաջ: Հիշեցնենք, որ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի նախկին պետը` Սամսոն Սահակյանը, կալանավորված է: Բանն այն է, որ Սահակյանը 1500 ԱՄՆ դոլարի դիմաց կեղծ ատեստատ էր տվել մի քաղաքացու, եւ կեղծիքը բացահայտվել էր, երբ վերջինս փաստաթղթերը ներկայացրել էր ԱՄՆ դեսպանատուն:
Gaz 3102-Ն ՈՒ ՌՈՒԲԼԻՆԵՐԸ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավար Արսեն Մանուկյանը, պարզվում է, որ բացի պետական աշխատանքից՝ ունի այլ եկամուտներ եւս: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ Մանուկյանը երեք ընկերությունում ունի ընդհանուր 250 հազար դրամի բաժնեմաս, երկու ընկերությունում` մոտ 130 հազար ռուսական ռուբլիի չափով բաժնետոմս: Մանուկյանի ունեցած պարտատոմսերը կազմում են 10 հազար 501 դոլար: Նշված պաշտոնյան հայտարարագրել է, որ ունի ավելի քան 58.6 մլն դրամի փոխառություն: Դրամական միջոցները կազմում են 17 մլն 253 հազար դրամ, 37 հազար ռուսական ռուբլի եւ 1260 դոլար: Իսկ որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է իր աշխատավարձը, որ ամսական կազմում է մոտ 220 հազար դրամ եւ վարձակալության դիմաց ստացած 8 մլն 640 հազար դրամը: Նշենք նաեւ, որ նա հայտարարագրել է երկու հողամաս, մեկ ավտոտնակ եւ արտադրական նշանակության մեկ շինություն, Gaz 3102 մակնիշի մեկ ավտոմեքենա: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր սույն տարվա մարտի 31-ին:
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀԸ
Փետրվարի 11-ին «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում ինքնասպանության դեպքով հարցաքննությունները շարունակվում են: Երեկ Կենտրոն քննչական բաժին հերթական օտարերկրյա քաղաքացու են հրավիրել հարցաքննության: Ինչպես հայտնի է՝ վերոնշյալ օրը հյուրանոցում հայտնաբերվել էր Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ վրացի, 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիեւիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված: Այս դեպքից անցել է 9 ամիս, սակայն, ինչպես նկատվում է, իրավապահները չեն կարողանում պարզել ՌԴ քաղաքացու մահվան թնջուկը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հյուրանոցում նման առեղծվածային մահեր են արձանագրվում: 2014 թվականի սեպտեմբերի 14-ին Երեւանի Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցում հայտնաբերվել էր 42-ամյա Վարդգես Օրգուսյանի դին` կախված վիճակում:
8 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ
«Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամանորը եւ Սուրբ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը. ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ եւ Հայտնություն), հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին էլ նախածննդյան տոներն են: Բացի սա՝ դեկտեմբերի 30-ը ոչ աշխատանքային օր է՝ շաբաթ, հունվարի 7-ը Մեռելոց է, որը Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող հիշատակի օր է: Այն եւս ոչ աշխատանքային է: Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ 2018 թվականի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 8-ը:
ԳՈՀԱՑՆՈՒՄ Է
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի փոխանցմամբ՝ իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն բավարարված է կառավարության աշխատանքով: «Մեզ բավարարում եւ գոհացնում է կառավարության աշխատանքը, որի պատասխանատվությունը նաեւ մենք ենք կիսում»: Նաեւ հավելել է, թե միանշանակ ավելի շատ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա, սակայն նկատեց, որ կառավարության որդեգրած ճանապարհը ճիշտ ուղղությունն է: Առաջընթացն ակնհայտ է, եւ մենք բավարարված ենք, սակայն աշխատելու տեղ, իհարկե, դեռ կա»,-ասել է Վարդանյանը: